Տարօրինակ ազգ հայոց

Տարօրինակ ազգ հայոց
Մենք դեռ շատ բաներ ունենք ճշտելու եւ մեզ համար բացահայտելու։ Մեր հասարակությունը դեռ պատրաստ չէ շատ հարցերում լինել օբյեկտիվ ու կառուցողական։ Տարրական արժեքներ ու չափանիշներ մեզանում, չգիտես ինչու, չեն գործում։ Մեր սերն իշխանությունների հանդեպ վերածվում է անձի պաշտամունքի, իսկ ատելությունն արտահայտվում է դատելու, պատժելու, կախելու, սպանելու կոչերով։ Մեր քննադատությունը, որպես կանոն, արտահայտվում է հայհոյանքով ու վիրավորանքով, իսկ գոհունակությունը՝ տհաճ քծնանքով։



Մենք ոչ թե հանցագործությունն ենք մերժում եւ հանցագործների նկատմամբ արդար պատիժ պահանջում, այլ ստորացնում, նսեմացնում ենք հանցանք կատարած անձանց, վտարում հասարակությունից, նրանց հետ վարվում այնպես, ինչպես բորոտների հետ։ Մի քանի թալանչի պաշտոնյայի, մի անգրագետ լրագրողի, մի երկու կոռումպացված դասախոսի, մի փինաչի բժշկի հետ շփվելը բավական է, որպեսզի բոլոր պաշտոնյաները մեզ համար դառնան թալանչի, բոլոր լրագրողները՝ տգետ, բոլոր դասախոսները՝ կաշառակեր, իսկ բժիշկները՝ վտանգավոր։ Մենք կարող ենք 5 տարի շարունակ բողոքել խորհրդարանից, բայց վերջում գնալ եւ 10 հազար դրամ վերցնելով՝ մեր ձայնը տալ թաղի «նայողին»։



Մենք կարող ենք մինչեւ հոգու խորքն ատել Հանրապետականին, նրանց դռների առաջ սեւ պսակներ դնել, Ֆեյսբուքում վերջին հայհոյանքները գրել ՀՀԿ-ական կանանց հասցեին, բայց ընդամենը մեկ տարի առաջ ամեն ինչ անել, որ նրանք մեծամասնություն կազմեն Ազգային ժողովում, մասնակցել նրանց նախընտրական հավաքներին, գրկախառնվել մեր թաղը-գյուղը եկած ՀՀԿ-ականների հետ եւ այլն։ Մենք կարող ենք տասնյակ տարիներ հանդուրժել որեւէ իշխանության լուծը, իսկ երբ այն հեռացել է ասպարեզից, հիշել նրա բոլոր գործած ու չգործած մեղքերը եւ հետին թվով վրեժ լուծել նրանից։