Մերկելի այցն ու դրա բովանդակությունը

Մերկելի այցն ու դրա բովանդակությունը
Այսօր Բաղրամյան 26-ում տեղի ունեցավ աշխարհի հզորագույն երկրներից մեկի՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հանդիպումը։ Մերկելը Հայաստան էր ժամանել տարածաշրջանային այցով։ Սա կանցլեր Մերկելի առաջին պաշտոնական այցն է Հայաստան, բայց նա մեր երկրում եղել է նաև ավելի վաղ՝ երիտասարդ տարիներին:



Այս այցը տարածաշրջանային այց էր՝ Անգելա Մերկելը նախօրեին եղել էր Վրաստանում, որտեղ խոստացել էր Վրաստանին 199 մլն եվրո վարկ տրամադրել գերմանական KFW բանկի միջոցով։ Այսօր եկավ Հայաստան, վաղը կմեկնի Ադրբեջան։ Մերկելի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ նախորդ իշխանությունների ժամանակ՝ Սերժ Սարգսյանի կողմից։ Հայաստանում Գերմանիայի կանցլերին դիմավորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում ուղեկցությամբ էլ տիկին կանցլերը այցելեց Ծիծեռնակաբերդ՝ ծաղիկ դնելու եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Օրվա ընթացքում, մինչ լրագրողների հետ հանդիպումը, Անգելա Մերկելը հանդիպում ունեցավ նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։



Մեր տեղեկություններով՝ կառավարությանն այնքան էլ հաճելի չի եղել Սարգսյան-Մերկել հանդիպումը, սակայն այն կայացել է Կանցլերի ցանկությամբ։ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, դիմելով «սիրելի պարոն Սարգսյանին», Անգելա Մերկելն ասել է․ «Ուրախ եմ հյուրընկալվելու ձեր երկրում եւ ուրախ եմ մեր հանդիպման համար: Անցյալ տարի մեր երկրները նշում էին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, եւ մենք այսօր արդեն կարող ենք ամփոփել, որ մեր հարաբերությունները դրական են: Համամիտ եմ Ձեզ հետ այն առումով, որ մեր հարաբերություններն ունեն չիրացված ներուժ, եւ այն պետք է օգտագործել ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ գիտահետազոտական եւ տեխնոլոգիաների ոլորտներում: Մենք ցանկանում ենք մեր մասնակցությունն ունենալ Հայաստանի կողմից հայտարարված բարեփոխումներին, ուշադրությամբ հետեւում էինք գարնանը ձեր երկրում տեղի ունեցած փոփոխություններին եւ գործընթացներին: Պատրաստ ենք շարունակել համագործակցել այս թերեւս դժվարին, բայց կարեւոր ճանապարհին»:



Նախագահական նստավայրում Սարգսյան-Մերկել հանդիպումից հետո Մերկելը ժամանեց Բաղրամյան 26, որտեղ բավականին երկար առանձնազրույց ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս առանձնազրույցից հետո երկու երկրների ղեկավարները ելույթով և հարցուպատասխանի ձևաչափով հանդես եկան լրագրողների առաջ։ Եվ հենց սկզբից տեխնիկական խնդիր առաջացավ թարգմանող սարքերի հետ։ Փաշինյանը տևական ժամանակ չէր կարողանում լսել Մերկելի խոսքի թարգմանությունը, դահլիճում նստած պաշտոնյաներն ու լրագրողները նույնպես բախվեցին այդ խնդրին, մինչև որ արարողակարգի աշխատակիցները կարգավորեցին հարցը, իսկ վարչապետին նոր ականջակալ տվեցին։ Լրագրողներին հարց տալու հնարավորություն տրված էր, բայց ընդամենը երկուական հարց, երկու կողմից։ Իսկ թե ովքեր են լինելու այդ երկու հարց տվողները հայկական կողմից, պարզվեց՝ ի սկզբանե արդեն որոշվել է։ Վարչապետի խոսնակը հայտարարեց, որ ինքն է որոշել, թե որ լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է օգտվեն Մերկելին հարց ուղղելու բացառիկ հնարավորությունից, և պարզվեց, այդ երկուսը «Հանրայինն» ու «Արմենիան» էին։



Մինչ հարցուպատասխանին անցնելը կանցլեր Մերկելն էր իր խոսքում նկատեց, որ իրենք անցյալ ամիսներին հետևել են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, խաղաղ ցույցերին և թավշյա հեղափոխությանը, ինչպես այն ընդունված է անվանել, ապա ավելացրեց, որ իրենք խոսել են այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն մեր հարաբերությունները ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլև Եվրամիության  հետ։ Ըստ Մերկելի՝ մեր հարաբերությունները շատ լավն են, բայց կարող են ավելի ընդլայնվել։ Նա նաև անդրադարձավ արցախյան հակամարտությանը նշելով, որ Գերմանիան պատրաստ է պատասխանատվություն ստանձնել ԼՂ հակամարտության շրջանակում՝ հիշեցնելով, որ Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է։ «Կարևոր է  լուծել հակամարտությունը լավ մթնոլորտում, և Գերմանիան պատրաստ է աջակցել նաև այս հարցում»,-ասաց նա։ Կանցլերը նաև նշեց, որ ինքը ՀՀ վարչապետի հետ քննարկել է նաև ներքաղաքական հարցեր կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ և մաղթեց հայկական կողմին ամենայն հաջողություններ։



Պատախանելով հայ լրագրողի հարցին, թե ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո շարունակում է կասկածի տակ մնալ վիզաների ազատականացման հարցը, ինչպե՞ս է Գերմանիան պատրաստվում աջակցել այս հարցում, կանցլերը տվեց ըստ էության ոչինչ չտվող պատասխան․«Մենք, իհարկե, ակնկալում ենք, որ այս հարցն առաջընթաց կունենա, և մենք մեզանից կախված ամեն ինչ կանենք՝ այդ հարցին առաջընթաց տալու»։



Գերմանացի լրագրողն էլ հարց հնչեցրեց Ռուսաստանի հետ հարաբերություններին առնչվող, որի տակ Նիկոլ Փաշինյանը որոշակի երանգ տեսավ։ «Եթե ես ճիշտ հասկացա, Դուք խոսում էիք Ռուսատանի հետ վարվող քաղաքականությունը հավասարակշռելու մասին։ Ես ուզում եմ արձանագրել հետևյալը, որ Հայաստանն իր գործընկերային հարաբերությունները զարգացնում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրոպայի հետ, և որ Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքականությունը որեւէ գործընկերոջ հետ չի վարում որեւէ այլ գործընկերոջ հակակշռելու նպատակով»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ իրենք ասել են՝ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ թավշյա հեղափոխությունից հետո շրջադարձեր տեղի չեն ունենալու։



Հանդիպմանը որևէ խոսք չեղավ ֆինանսական հստակ պայմանավորվածությունների կամ աջակցության մասին, ինչի ակնկալիքը թերևս կար։



Լրագրողների հետ հանդիպումից հետո տեղի ունեցավ ընթրիք, որը վարչապետի անունից մատուցվեց Անգելա Մերկելին։  Ընթրիքին մասնակցել են Անգելա Մերկելը, Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, ինչպես նաև Ազգային ժողովից պատգամավորներ՝ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ՀՅԴ-ից՝ Արմենուհի Կյուրեղյանը, «Ելքից» Էդմոն Մարուքյանը, Ծառուկյան դաշինքից Նաիրա Զոհրաբյանը։ Այնուհետև Փաշինյանը, նրա կինը, Արմեն Սարգսյանն ու Անգելա Մերկելը զբոսնել են Հյուսիսային պողոտայով։ Վերջում կանցլերին ուղեկցել են «Ալեքսանդր» հյուրանոց, որտեղ նա գիշերելու էր։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**