Մեր հարաբերությունները շատ լավն են, բայց կարող են ավելի ընդլայնվել

Մեր հարաբերությունները շատ լավն են, բայց կարող են ավելի ընդլայնվել
«Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքականությունը որեւէ գործընկերոջ հետ չի վարում որեւէ այլ գործընկերոջ հակակշռելու նպատակով: Մենք ասել ենք, որ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ թավշյա հեղափոխությունից հետո շրջադարձեր տեղի չեն ունենալու»,-այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։



Նա ընդգծեց, որ իրենք մտադիր են եւ իրականացնում են այդ մտադրությունը, զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ե՛ւ Եվրասիական տնտեսական միության, ե՛ւ ՀԱՊԿ շրջանակներում: «Մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները նաեւ Եվրամիության եւ Եվրամիության երկրների, մասնավորապես՝ Գերմանիայի հետ, եւ մեր քննարկման ընթացքում արձանագրվեց, որ մեր արտաքին քաղաքականության այս մոտեցումը լիարժեք ընկալելի է Գերմանիայի կողմից եւ այստեղ հակասություններ ու հակակշռելու անհրաժեշտություն չենք տեսնում»,-ասաց նա։



Կանցլեր Մերկելն էր իր խոսքում նկատեց, որ իրենք անցյալ ամիսներին հետևել են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, խաղաղ ցույցերին և թավշյա հեղափոխությանը, ինչպես այն ընդունված է անվանել, ապա ավելացրեց, որ իրենք խոսել են այն ամսին, թե ինչպիսին պետք է լինեն մեր հարաբերությունները ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլև Եվրամիության հետ։



«Մեր հարաբերությունները շատ լավն են, բայց կարող են ավելի ընդլայնվել։ Ես կարծում եմ՝ մենք ունենք լավ օրակարգ ինչպես մշակութային, այնպես էլ տնտեսական հարցերի շուրջ։ Ինձ ուղեկցում է տնտեսական պատվիրակություն, որն առիթ կունենա շփվել տեղի հայ գործընկերների հետ։ Մենք կցանկանանք համագործակցել թվայնացման ոլորտում, նաև բնական ռեսուրսների, պաշարների ոլորտում։ Շատ կարևոր է համագործակցությունը կրթական ոլորտում։ Հայաստանում գործում են դպրոցներ,որտեղ գերմաներենի խորացված ուսուցում է»,-ասաց Անգելա Մերկելը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**