Փաշինյան-Մերկել հանդիպման ժամանակ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը (տեսանյութ)

Փաշինյան-Մերկել հանդիպման ժամանակ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը (տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Բաղրամյան 26-ում տեղի ունեցավ Փաշինյան-Մերկել պաշտոնական հանդիպումը։ Նրանք հայտարարությամբ հանդես եկան լրագրողների առաջ և պատասխանեցին լրագրողների սակավաթիվ հարցերին։ Հարցուպատասխանի համար վարչապետի աշխատակազմն ապահովել էր սինխրոն թարգմանություն հատուկ սարքերով։



Բայց երբ սկսեց խոսել Անգելա Մերկելը, սարքերը խափանվեցին և գերմաներենից հայերեն թարգմանությունը սկսեց չլսվել։ Նիկոլ Փաշինյանն ու մյուս ներկաները սկսեցին ստուգել իրենց սարքերը՝ հասկանալու, թե ինչից է խնդիրը։ Բայց տևական ժամանակ սարքերը «համառորեն» չէին աշխատում։



Երբ աշխատակազմից գլխի ընկան, որ սարքերի հետ ինչ-որ բան այն չէ, արդեն Մերկելն իր խոսքն ասել էր և գրեթե ավարտում էր։ Որոշ ժամանակ անց, ի վերջո, տեխնիկական խնդիրը լուծեցին, վարչապետին էլ նոր ականջակալ տվեցին։



Նկատենք, որ նման մի դեպք էլ պատահել էր Սերժ Սարգսյանի՝ Վրաստան կատարած այցի ժամանակ։ Երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ հանկարծ Սերժ Սարգսյանի ականջակալում կորչում է թարգմանությունը։ Սարգսյանը սկսում է անհանգիստ շարժումներ անել, և այդ պահին Սերժ Սարգսյանին օգնության է հասնում Վիգեն Սարգսյանը։ Նա կռացած, «գաղտագողի» մոտենում է Սարգսյանին և նրան փոխանցում իր ականջակալը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**