Մուսալեռցի Չաուշին դատապարտեցին Գեւորգ Չաուշի մասին գիրքը տպելու համար

Մուսալեռցի Չաուշին դատապարտեցին Գեւորգ Չաուշի մասին գիրքը տպելու համար
_Սկզբից գտանք գիրքը՝ «Գեւորգ Չաուշ», հրատարակված 1972 թվականին, Բեյրութում: Ավելի ստույգ՝ գրքի պատճենը: «Սամիզդատի» տպավորություն է թողնում: Էջերը խնամքով հավաքված են, բայց կտրված չեն: Ցույց տվեցինք ծանոթ հրատարակչի, ու նա հիշեց, որ տարիներ առաջ արդեն տեսել է Գիրքը: 1983 թվականն էր, երբ Չաուշը, Անդրանիկը, Մախլուտոն արգելված անուններ էին: Այն ժամանակ իրեն խնդրել էին, որ օգնի տպեն Գիրքը: Ինքը հրաժարվել էր, վախեցել, որ կբռնեն: «Էն ժամանակ 5 հոգի նստցրին էդ գրքի պատճառով: Մեկը, կարծեմ, դեռ ողջ է»,- ասաց, ու Գրքի հետքերով հայտնվեցինք Մուսալեռում: Գտանք Անդրանիկ Մուրադյանին: Գրքի պատմությունն այստեղ գիտեն բոլորը: Անդրանիկ Մուրադյանի անունն էլ դրել են Գեւորգ Չաուշ:_



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/40010715_228387811188172_5108593324889997312_n.jpg?_nc_cat=0&oh=c88b240b32233340bf242a12a59aa0b2&oe=5BF9C61E)



«Աղթամարի մէջ գումարուած ժողովը, ուր հաւաքուած էին Սասնոյ եւ Վասպուրականի գրեթէ բոլոր յեղափոխական դէմքերը, եւ ուր հարց կը դառնար, թէ ով պիտի վերադառնայ Սասուն, երթայ դէպի ստոյգ մահ: Լուռ են բոլորը։ Իւրաքանչիւրը ինքը իր անձի հետ խորհրդածութեան մէջ խորասուզուած: Յանկարծ այլ վճռական ձայն մը կը բարձրանայ. - Ես կը վերադառնամ: Գէւորգն էր ան: Ու կը վերադառնայ, ընկերակցութեամբ խումբ մը ֆետայիներու...». «Գեւորգ Չաուշ» գրքից է: Գրողը բեյրութահայ Ավո Թումայանն է: Նրա հայրական տանը՝ Սասունի գավառի գյուղերից մեկում, հաճախ էին հավաքվում ֆիդայիները՝ հանգստանալու, հաց ուտելու, զրուցելու: Երեխա ժամանակ Ավոն Անդրանիկին, Չաուշին, Դժոխք Հրայրին, Մախլուտոյին տեսել է ու լսել, ու իր հուշերն էր հավաքել Գրքում, որը 1983 թվականին հասավ Սիրիայից Հայաստան գաղթած տպարանի տեխնոլոգ Անդրանիկ Մուրադյանին ու ցնցեց նրան: Ու Անդրանիկը որոշեց՝ ինչքան էլ բարդ լինի, պետք է տպի ֆիդայիների վարքի մասին Գիրքը ու բաժանի հայերին, որ մենք կարդանք ու հասկանանք, թե ով ենք, ինչ ազգ ենք, եւ ինչ է մեզ պետք:



_**Պատմական ի՞նչ փաստաթղթեր ունես, որ դու թագավորություններ ես ունեցել։**_



Այս հարցը հաճախ է տալիս Անդրանիկը: «Ո՞նց: Նամակներ կան Լենինգրադի Էրմիտաժում»: «Էհ, լավ, է, վերջ տուր, կորեական ֆիլմերը նայո՞ւմ ես, նույնը՝ մենք: Իշխաններ են եղել. մեկը՝ ստեղ, մեկը՝ էնտեղ: Ամբողջ մի մայրցամաք անգլիացիները դարձրին իրենց կրոնի, իսկ մեր կրոնն ո՞վ ա վերցրել»: «Այ քեզ բան, դա ի՞նչ կապ ունի, նա մեծ պետություն էր: Անգլիացիները մարդկանց կոտորեցին, որ իրենց կրոնը տարածեն»: «Մենք ինքնասիրությունից զուրկ ժողովուրդ ենք, Սովետական Միության ժամանակ տարբեր երկրներից հավաքվանք, մոտ 4.5 մլն հայ էր արդեն բնակվում Հայաստանում, եւ հիմա այդ հայերից 2 միլիոն մնացել է, թե չի մնացել: Վաղը, մյուս օրը մի բան եղավ, հայերին կխփեն, ոնց որ 15 թ.-ին»: Ամեն առավոտ Անդրանիկի տուն գալիս է իր հազար տարվա սիրիահայ ընկերը՝ Միքայելը: Վեճեր են եռում սուրճի շուրջ:



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/40056621_2052296551749725_3734531126807494656_n.jpg?_nc_cat=0&oh=4175230920f867e1b438754b70b7b39e&oe=5C0042EB)



«Էհ, ժողովուրդն ի՞նչ անի, գնում է, որովհետեւ էնքան բորենիներ, դավաճաններ, լրտեսներ կան, Աստված հեռու, թալանում են ժողովրդին»։ Միքայելը երբեմն արաբերեն է խոսում Անդրանիկի հետ, բողոքում է Հայաստանից: «Լրիվ քո մեջն են, քոնն են, քեզ մեղադրի»: «Այ մարդ, ես ի՞նչ անեմ, որ թալանչիները երեքի օրոք էլ եղել են, թալանել են Հայաստանի ժողովուրդին»: «Երեքը» Լեւոնը, Ռոբն ու Սերժն են: Անդրանիկը նրանց պաշտպանում է, նախագահ հարգող է. «Եթե ինքը թալանում է, շրջապատն է մեղավոր, ժողովուրդն է ստիպում կառավարությանը, որ իր ուզածն անի: Ֆրանսիայի ժողովուրդը երեք անգամ իրար հետեւից հեղափոխություն արեց, մինչեւ հասավ իր նպատակին: Բոլորն էլ խելացի են, բայց իրենց համար են ապրում, եթե ժողովուրդը չստիպի, լավը չեն դառնա»:



_**Կայսրության օրենք եմ խախտել**_



Անդրանիկն այնքան նախագահ, օրենք, պետություն հարգող է, որ մինչեւ հիմա իր բանտարկությունը՝ Չաուշի գիրքը տպելու համար, արդար է համարում: «Ես չեմ գտնում, որ իրենք սխալ են: Մենք կայսրության մեջ էինք մտնում: Եթե մի բան չի կարելի, ուրեմն չի թույլատրվում։ Վերջ: Կայսրության ժամանակ եթե մի բան տարածում ես, դու ժողովրդին արթնացնում ես: Դա հանցանք է: Ճիշտ են դատել, հանցանքն իմն է, ընդունում եմ: Մի բան մտքիցս դուրս չի գալիս: Ես գումար շատ ծախսեցի: Մի հատ գիրքը հազար ռուբլի վրաս նստեց: Ես հազար գիրք էի տպել: Շատ կարող էի տպել: Տասը հազար, թե հազար՝ նույն գումարն է գալիս»:



Մինչեւ հիմա Անդրանիկը հաշվարկների մեջ է: 1000 օրինակ ոսկեզօծ նախշերով, սիրուն ձեւավորված, գունավոր նկարներով «Չաուշի» համար 11 հազար ռուբլի է ծախսել: Փողը տոկոսով էր վերցրել: Եթե մի օրինակը 15 ռուբլով ծախեր, դեռ մի բան էլ օգուտ էր անում: «Ես հիմարություն արեցի, պետք է ինքս տանեի՝ Հայաստանի լեռնային շրջաններում թաքուն ցրեի: Ես լիքը մարդ էի ճանաչում: Բայց տվեցի Սամոյին, նա էլ հիմարաբար տարավ դրեց գրախանութում։ Մեր ժամանակ եթե քսերոքսներ լինեին, քսերոքս կանեի: Բայց տպարանում դժվար էր գործը կազմակերպել: Շատերը հրաժարվեցին: Սասունցիներից շատերն էլ առնում էին ինձանից: Երկու հազարից ավելի պարտքս տվեցի: Բայց չհասցրեցի լրիվ տալ, բռնվեցինք: Ինձ հետ սլայդ հանող կար՝ Հրանտը: Սամոն էլ տարածեց: Հետո ինձ մոտ Թեյլերյանի դատավարությունը կար, ուզում էի դա էլ տպել»,- մտքերի մեջ է ընկնում Մուսալեռցի Չաուշը:



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/40064490_259723728001688_799795598541717504_n.jpg?_nc_cat=0&oh=cc6d2845bf20eaa4f5ec298564392d18&oe=5C0A0CF1)



_**Անասելի լկտիություն**_



Սամոն խորհրդային շրջանում հայտնի գուսանական եւ ժողովրդական երգերի կատարող Րաֆֆի Հովհաննիսյանի որդին էր: Նրա արածը սովետական չափանիշներով կատարյալ լկտիություն էր: Նախ, Գիրքը երկու անգամ տպեցին: Առաջինի մամուլները տպագրատան տեխնոլոգ Անդրանիկ Մուրադյանին դուր չէին եկել, եւ նա երկրորդ անգամ գիրքը տարավ տպարան, այս անգամ Կենտկոմի տպարանը՝ Կրկեսի մոտի: Սա հանդուգն քայլ էր: Դա դեռ հերիք չէ, վաճառքի դրեցին գրեթե կենտրոնում՝ Կիեւյանի վրա գտնվող գրախանութում: Գինն էլ՝ աստղաբաշխական, «ինժեների մեկ ամսվա աշխատավարձ՝ 150 ռուբլի»: «Ես զգում էի, որ իմ հետեւից գալու են»,- ասում է Մուսալեռի Չաուշը: «Հլը չզգայիր»,- Միքայելը կողքից խնդալով՝ «քոմենթ» է անում: Եկան երկու ամիս հետո խանութի աշխատողին բռնեցին, Սամոյին բռնեցին, հետո էլ Անդրանիկին բռնեցին:



Պատմում է Անդրանիկի քույրը՝ Մարիամ Մուրադյանը. «3 մեքենա, 15 հոգի ներխուժեցին տուն ու դռները փակեցին: Ասին՝ Մուրադյան Անդրանիկն ո՞վ ա: Ասի՝ քնած ա պատի տակ: Սաղ գիշեր աշխատել էինք երկուսով, գրքեր էինք կազմել: Տունը խուզարկեցին, ինչքան Գրքի օրինակ կար, տարան, մեր բոլոր գրքերն էլ հետը: Եղբորս գրպանում ցուցակ կար, թե Գիրքն ում է տվել: Որ իրան հասկացնեմ, մի քանի անգամ ասեցի՝ սառոչկեդ կեղտոտ է, փոխենք, Անդո, հանի՛, կեղտոտ ա: Այ մարդ, չէ, ասում ա, նոր եմ հագել»: Ուրախ, ժպտերես կին է: Նա ամբողջ կյանքում եղբոր կողքին է եղել: Երբ Անդրանիկի կինը մահացավ, նրա երեխաներին պահեց: Այդպես էլ չամուսնացավ:



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/39951624_317264848834387_3453345089726709760_n.jpg?_nc_cat=0&oh=dc1b993b8e40fec1115ba2fc18e655e9&oe=5BEF8A81)



Սամոյին Անդրանիկը տեսավ ԿԳԲ-ի միջանցքում: Վերհիշում է. «Տեսա, սարսափեցի: Ոտքից գլուխ արյունլվա էր: Բայց ինձ մատով չկպան: Ի՞նչ ծեծեին, ամեն ինչ պարզ էր արդեն: Ես ամեն ինչ ինձ վրա վերցրեցի: Ասեցի՝ ես եմ»: Անդրանիկ Մուրադյանին խորհրդային դատարանը դատեց տնտեսական հոդվածով՝ սպեկուլյացիայի եւ թղթի գողության համար: Երկուսուկես տարի տվեցին:



_**Ես չեմ փոշմանել**_



Բոլորը՝ քննիչները, դատավորը, հասկանում էին, որ նա դատվում է հայրենասիրության համար: «Դատարանում ոչ ոք չէր խոսում: Դատավորը նույնիսկ չդիմացավ, մի պահ ասեց՝ ինչպե՞ս դատենք այս երիտասարդներին: Ախր, նրանք ոչ մի բան չեն արել: Ախր, թղթի գողության համար դատելը... թուղթը ոտքի հետ գնում էր, ամեն տեղ թափած»,- ծիծաղի է տալիս Մարիամը: Երկուսուկես տարի նա եղբորը «պերեդաչի» էր տանում բերդ: Կալանավայրում սիրիահայ Անդրանիկն օրինական վարք ուներ, չէր «ծակվում», ասում է՝ «պլան» չէր քաշում: «Միայն չեֆիր էր խմում մեկ-մեկ: Մարմինս տաքանում էր չեֆիրից: Մի տուփ թեյը մի բաժակ ջրի մեջ լցնում ես, նարկոտիկ էլ պետք չի,- պատմում է գիտակի տեսքով։ Ինձ լավ էին վերաբերվում: Հեղինակություն կար՝ Փայլակ, նրա եղբոր՝ Մյասնիկի հետ էի նստած, հետը շախմատ էի խաղում: Նրան Սեւակի սպանությունն էին վերագրում: Ասեցի՝ ինչ արել ես, չես արել, Սեւակին սպանել չարժեր։ Միանգամից կատաղեց, փրփրեց, ասեց՝ մենք էդ ձեւի բան չենք արել: Աբովյանից քյալամի գործ անողներ կային հետս: Թղթի վրա քյալամ էին աճեցրել, թղթի վրա վաճառել էին, բանվորներին էլ թղթի վրա վճարել: Մեկն էլ կար՝ թղթով շենք էր կառուցել, 1 մլն 200 ծախսել էին, բայց շենք չկար»:



Անդրանիկի կյանքում Գիրքը խոր հետք թողեց: Սովետաշենի բանտից դուրս գալուց հետո նա կորցրեց տունը, Երեւանում բնակվելու հեռանկարը, աշխատանքը: Խորհրդային Հայաստանում, 1984-ին Կենտկոմի տպարանում հայ ազատագրական պայքարի հերոսների մասին գիրք տպելը սխրանք էր, իհարկե, հերոսություն: Բայց սխրանքն այդ ոչինչ էր Անդրանիկի ու Չաուշի արարքների կողքին: Նրանք զոհվեցին, իսկ ինքը թեեւ շատ է տուժել, տուն-տեղ է կորցրել, ուշ է ամուսնացել, ուշ է երեխա ունեցել, բայց կենդանի է, չէ՞: Ահա, իր հոր տանը առոք-փառոք նստած՝ իր ընկեր Միքայելի հետ խոսում է արաբերեն ու սուրճ է խմում: Անդրանիկ Մուրադյանը չի փոշմանել:



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/39989467_2226907794005912_4022436210726141952_n.jpg?_nc_cat=0&oh=825ea4640f517020f9f8586192bbec44&oe=5C027E06)



**Սյուզան Սիմոնյան- լրագրող, վավերագրող**



**Լուսանկարները՝ Սոնա Ադամյանի**



**Հրապարակ մշակութային հավելված**