Համասեռամոլներից մեկին կալանավորել են, մյուսին` ստորագրությամբ ազատ արձակել

Համասեռամոլներից մեկին կալանավորել են, մյուսին` ստորագրությամբ ազատ արձակել
Մենք գրել էինք, որ օգոստոսի 14-ին միջադեպ է տեղ ունեցել ոստիկանության աշխատակիցների և մի խումբ համասեռամոլների միջև։ Վերջիններս կռվի մեջ են մտել մի քաղաքացու հետ, որին ոստիկանները տարել են ոստիկանության կենտրոնի բաժին։ Համասեռամոլները հետևել են նրան և հասնելով ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ՝ աղմուկ բարձրացրել այստեղ, քաշքշուկի մեջ մտել ոստիկանների հետ։ Այդ ընթացքում միջադեպին միջամտել է տարածքի բնակիչներից մեկը, ում հանդեպ բռնություն են գործադրել համասեռամոլները։ Այնուհետև նրանք ներխուժել են ոստիկանության շենք և բռնություն գործադրել արդեն ոստիկանության աշխատակիցների նկատմամբ։



Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, և այն այժմ գտնվում է Քննչական կոմիտեի վարույթում։ Քննչական կոմիտեից մեզ ասացին, որ հարուցված քրեական գործով տուժող է ճանաչվել երեք անձ՝ մեկ բնակիչ, և երկու ոստիկան։ Իսկ մեղադրյալների մասով՝ կա երկու մեղադրյալ։ Նրանցից առաջինի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել օգոստոսի 16-ին Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի առաջին մասով՝ երկու դրվագով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Երկրորդին մեղադրանք առաջադրվել օգոստոսի 21-ին՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով և 316-րդ հոդվածի առաջին մասով։ Նրան նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Մենք տեղեկացանք, որ այս երկրորդին ստորագրությամբ ազատ են արձակել, քանի որ վերջինս ցուցմունք է տվել և ընդունել է իր մեղքը։ Առաջինը, ով կալանավորված է, չի ընդունել իր մեղքը։