Երևանի 2800-ամյակի տոնակատարությունները չեն հետաձգվի

Երևանի 2800-ամյակի տոնակատարությունները չեն հետաձգվի
Էրեբունի-Երեւանի 2800-ամյակի պաշտոնական տոնակատարությունների ու միջոցառումների ժամանակացույցն ուշանում է։



Այդ մասին ինֆորմացիա չկա ոչ միայն Երեւանի քաղաքապետարանի էջում, այլ նաեւ այս առիթով ստեղծված yerevan2800.am քառալեզու կայքէջում, որտեղ զետեղված են Երեւանի մասին թեստեր, լուսանկարներ, գովազդային ֆայլեր, 20-րդ դարի մամուլի անդրադարձը Երեւանին։ Ինչ վերաբերում է նորություններին, ապա այս բաժնի վերջին լուրը Երեւանի գարեջրի փառատոնի մասին է, իսկ «Ժամանակագրություն» բաժինը սկսվում է մ․թ․ա․ 782թ․ Արգիշտի Առաջինի սեպագիր արձանագրությունից եւ ավարտվում 1921թ․ Հանրային գրադարանի հիմնադրմամբ։ Այստեղ նույնպես չկա ոչ մի ինֆորմացիա պաշտոնական միջոցառումների եւ հյուրերի մասին։



Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը նախկին ժամանակացույցին էր տիրապետում, իսկ այն, ինչ կատարվում է հիմա, տեղյակ չէ։



Սովորաբար նման պետական մեծամասշտաբ միջոցառումների դեպքում դեռ տարեսկզբից են ձեւավորվում հանձնաժողովները, հստակեցվում ծրագրերը։ Այդ մասով, ինչպես պարզեցինք, որոշ քայլեր արդեն արել էր քաղաքապետարանը, դեռ տարեսկզբից պաշտոնական հրավեր էր ուղարկել մի շարք քաղաքների ղեկավարների, ձեւավորել էր հանձնաժողովներ, հունիսից պետք է ֆինանսավորում բացվեր, բայց թավշյա հեղափոխությունը «խափանեց» ծրագրերը՝ հանձնաժողովները լուծարվեցին, իսկ տոնակատարությունների ծրագիրն առկախվեց, այն դեպքում, որ «Էրեբունի-Երեւան 2800»-ը սարերի ետեւում չէ։ Պարզ է միայն, որ այն այս տարի կանցկացվի մեկ օր՝ սեպտեմբերի 30-ին։



Մեզ հաջողվեց պարզել, որ ստեղծվել է Երեւանի 2800-ամյակի տոնակատարությունների նոր կառավարական հանձնաժողով, որը գլխավորում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Սակայն այս հանձնաժողովը, կարելի է ասել, ոչինչ չի անում։ Համենայնդեպս, այն բոլոր կառույցները, որոնք պետք է զբաղված լինեին տոնակատարության նախապատրաստմամբ, հանձնարարություններ չեն ստանում։



Հնարավո՞ր է «Էրեբունի-Երեւանի» տոնակատարություններն այս տարի ընդհանրապես չկայանան կամ հետաձգվեն, մեզ հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը բացառեց դա՝ վստահեցնելով, որ առաջիկա օրերին, առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում կհստակեցվի ամեն ինչ։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**