Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները կարող են մտնել փակուղի

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները կարող են մտնել փակուղի
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրը լրացավ, եւ այլեւս կարելի է չկաշկանդվել այն լոզունգով, թե պետք է գոնե սպասել, մինչեւ 100-օրյակը լրանա, ու թողնել, որ աշխատեն։ 100-օրյակը լրացավ, եւ սկսենք արդեն խոսել Հայաստանի համար թերեւս ամենակարեւոր խնդրի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին։ 100 օրվան նվիրված հանրահավաքին ունեցած իր ելույթում վարչապետ Փաշինյանը բավականին ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել՝ կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ։



Նա մասնավորապես ասել է․ «Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ես Ղարաբաղի հարցով դեռեւս մի բառ չեմ բանակցել, նրանք ասում են, թե եկել է հող հանձնելու: Իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց, ուրիշ բանի մասին չեն բանակցել, եւ ես դա հիմա գիտեմ փատաթղթավորված, որովհետեւ տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին, թե ով ինչ է խոսել՝ այ երկիր թալանածներ, այ բանակ թալանածներ, այ զինվորին թալանածներ, այ սերմացու գողացող մկներ...: Ուզում եմ ասել հետեւյալը. ես ասել եմ, որ պատրաստ եմ լիարժեք Ղարաբաղի հարցով բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետության իշխանությունը: Բայց ուզում եմ ասել, հաստատեք իմ ասածը, որ մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի: Բայց մենք նաեւ պատերազմ չենք ուզում: Մենք պատրաստ ենք իսկապես խաղաղ բանակցությունների, մենք պատրաստ ենք հասնել խաղաղ կարգավորման, բայց նա, ով փորձում է իմ վրա որեւէ կասկած գցել, էլի եմ ասում՝ նրանք չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարությունը չէ: Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, եւ ես ուզում եմ ասել հետեւյալը. եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհավատամ եւ կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որեւէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որեւէ թուղթ կստորագրեմ կամ որեւէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ եւ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, եւ դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե՞ չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում՝ ուրեմն չենք գնա: Դուք եք բարձրագույն իշխանությունը եւ որոշողը, եւ սրանում որեւէ կասկած չի կարող լինել»:



Իսկ հիմա վերլուծենք ասվածը։ Նախ, անդրադառնալով հողեր հանձնելու հետ կապված խնդրին, պետք է հստակ արձանագրել, որ անկախ այն բանից, թե Փաշինյանն այդ պահին հանրահավաքի օվացիաները ստանալու համար ինչպիսի ամբոխահաճո հայտարարություններ է պատրաստ անել, միջազգային իրավունքի տեսակետից, որի հիման վրա է լուծվելու ղարաբաղյան հակամարտությունը եւ ոչ ամենեւին Փաշինյանի կամքի կամ հրապարակում հավաքվածների օվացիաների, հողեր հանձնելու խնդիրը միշտ էլ եղել է եւ կլինի։ ԵԱՀԿ-ի ՄԱԿ-ի, ի վերջո՝ համանախագահ երկրներ ԱՄՆ-ի, Ռուսաստանի կամ Ֆրանսիայի համար Նիկոլ Փաշինյանի կամքն ու ցանկությունը կամ հրապարակի օվացիաները ոչ մի արժեք չունեն եւ ընդհանուր միջազգային իրավունքում էլ չեն հանդիսանում որպես միջազգային իրավական կատեգորիա։ Ի վերջո, ներկայացված Մադրիդյան սկզբունքները, որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հիմնարար փաստաթուղթ, արձանագրում են տարածքների վերադարձի դրույթը։ Ընդ որում, այս սկզբունքները բանակցվել են տասնամյակներ շարունակ, եւ եթե հավատանք ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հայտնի հեռուստահարցազրույցներում արտահայտված մտքերին (իսկ նրան՝ որպես պետության առաջին ղեկավարի, պետական եւ ռազմական գաղտնիք կրող անձի, չհավատալու որեւէ հիմք չկա), ապա մնացել են բանակցելու վերջին 1-2 հարցերը միայն եւ որոշ ածանցյալ դետալներ։



Հետեւաբար, Փաշինյանի հայտարարությունը՝ հողեր հանձնել-չհանձնելու հետ կապված, առնվազն հարցականի տակ է դնում ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի հիմնարար փաստաթղթի՝ Մադրիդյան սկզբունքների գոյությունն առհասարակ։ Եվ այստեղ տեղին է բաց եւ հրապարակային հարց ուղղել ՀՀ ԱԳ նախարարությանը, թե արդյոք Մադրիդյան սկզբունքները դեռեւս գործո՞ւմ են, թե՞ պաշտոնական Երեւանը ներկայացնող կառավարությունը՝ գլխավորությամբ Նիկոլ Փաշինյանի, արդեն մերժել է դրանք՝ այդպիսով մերժելով ողջ բանակցային գործընթացը։ Մնում է միայն հուսալ, որ հանրահավաքային հայտարարությունը զուտ ականջահաճո հայտարարություն է, այլապես կարելի է պատկերացնել, թե ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից (որոնք ունեն վետոյի իրավունք) երեքի հովանու ներքո գտնվող եւ նրանց կողմից ներկայացված ԼՂ հակամարտության կարգավորման համար հիմնարար փաստաթուղթ համարվող Մադրիդյան սկզբունքների մերժումն ինչպիսի հետեւանքներ կարող է ունենալ պաշտոնական Երեւանի համար։ Բացի այս՝ հայտարարությունը, թե նախորդ իշխանություններն են եղել հող հանձնողներ, եւ ինքն ամեն ինչին տեղյակ է փաստաթղթավորված կերպով, կարող է համարվել դիվանագիտական գաղտնիքի խախտում։ Բոլորիս է հայտնի, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն իրականացվել եւ իրականացվելու է գաղտնիության պայմաններում՝ հաշվի առնելով հարցի նրբությունը կողմերի համար։ Նման հայտարարություն անելուց առաջ վարչապետ Փաշինյանը պետք է գոնե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ իր հայտարարությունը համաձայնեցներ։ Իսկ եղել է նման համաձայնեցում, թե ոչ, պետք է մեկնաբանվի ՀՀ ԱԳ նախարարության կողմից։



Հիմա անդրադառնանք մյուս թեզին՝ կապված բանակցությունների սեղան Արցախի վերադարձի հետ։ Այս տարվա մայիսին Ստեփանակերտում ՀՀ վարչապետի արած հայտարարությունն ըստ էության կրկնվում է արդեն որերորդ անգամ։ Սակայն ՀՀ վարչապետն առնվազն սա ասելուց առաջ պետք է հաշվի առներ, որ այն պաշտոնապես արդեն մերժվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից։ Հանուն արդարության նշենք, որ Արցախի Հանրապետությունը բանակցային սեղան վերադառնալու է բանակցությունների որոշակի փուլից սկսած, սակայն հաշվի առնելով 2016-ի ապրիլից սկսած բանակցային գործընթացի դանդաղելը, դժվար է պնդել, թե հասել ենք այն հանգրվանին, երբ Արցախը մոտ է բանակցային սեղան վերադառնալուն։



Անդրադառնանք նաեւ այն հարցին, թե ով է հակամարտության կարգավորողը։ ԼՂ հակամարտության կարգավորման մանդատը պատկանում է ՄԱԿ-ին եւ ԵԱՀԿ-ին, որոնց հավանությամբ էլ՝ որպես միջնորդական առաքելություն իրականացնող մարմին, գործում է Մինսկի խումբը։ Անկախ այն հանգամանքից, թե ՀՀ գործող վարչապետն իրեն Պերիկլես է պատկերացնում՝ Երեւանի Հանրապետության հրապարակը դիտարկելով որպես Աթենքի Ագորա, իսկ Հայաստանն էլ՝ Հին Աթենք, միջազգային իրավունքն ունի իր սկզբունքներն ու ավանդույթները եւ առաջնորդվում է դրանցով։ Ժողովրդին, բայց ոչ Հայաստանի, այլ Արցախի, վերապահված է Արցախի վերջնական կարգավիճակի հետ կապված հանրաքվեի մասնակցության իրավունքը, իսկ մինչ այդ բանակցություններն իրականացվում են հակամարտության կողմերը ներկայացնող պատկան կառույցների եւ ներկայացուցիչների միջոցով, որոնք իրենց լիազորությունները ստացել են ժամանակակից աշխարհում ընդունված ներկայացուցչական ժողովրդավարության միջոցով եւ ոչ ամենեւին Ագորա-Հրապարակի։ Եվ վերջում․ ինչ վերաբերում է ժողովրդին ասելուն, ապա ցանկացած իշխանություն՝ կապված նման կարեւորության հարցի հետ, պարտավոր է իրազեկել, տեղեկացնել ժողովրդին, եւ դա իշխանության հաշվետվողականության մաս է կազմում, սակայն բացարձակ ինֆորմացիան ամբողջ ծավալով կարող է ներկայացվել միայն այն դեպքում, երբ բանակցային գործընթացի գաղտնիացվածության սկզբունքը հանվի։



**Տիգրան ՎԱՀԱՆԵ**