«Հրապարակ»․ Հայաստանը Սոմալի չէ

«Հրապարակ»․ Հայաստանը Սոմալի չէ
Անցումային արդարադատության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը մտահոգություններ է առաջացրել դատական համակարգի ներկա եւ նախկին ներկայացուցիչների շրջանում: Նրանցից շատերը, սակայն, կաշկանդված են այդ մասին բարձրաձայնելու հարցում:



Դատական համակարգի ներկայացուցիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ անցումային արդարադատության մասին մտածելը, ուր մնաց՝ վարչապետի մակարդակով հայտարարելը, հակասում է մի շարք միջազգային ակտերի, որոնց Հայաստանը միացել է: «Անցումային արդարադատություն չի կարող լինել Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում, նման բան անելու դեպքում մեզ ուղղակի կհանեն ԵԽ-ից, չէ՞ որ մենք միացել ենք եվրոպական կոնվենցիային, մի շարք կարեւոր միջազգային իրավական ակտերի, ինչպե՞ս կարող ենք խոսել անցումային արդարադատության մասին: Դա լինում է այն երկրներում, որտեղ ընդհանրապես արդարադատություն, դատական համակարգ գոյություն չունեն, օրինակ՝ հեղափոխություն է եղել, եւ ամբողջը կազմալուծված է, ժամանակավոր դատարաններ են ստեղծում։ Դա բնորոշ է աֆրիկյան երկրներին, Սոմալիի, Ռուանդայի նման երկրներին»,-ասաց մեր աղբյուրը՝ շեշտելով, որ անգամ այդ մասին հայտարարելը կարող է ազդել Հայաստանի միջազգային վարկանիշի վրա: