25 տարի առաջ

25 տարի առաջ
1993թ. օգոստոսի 23-ին Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը, զարգացնելով նախօրեին սկսած հակահարձակումը, ազատագրեցին Ֆիզուլիի եւ Ջեբրայիլի շրջանները: Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ անցավ Իրանի հետ սահմանային գոտին: Այդ օրերին Ադրբեջանում իշխանության էր վերադարձել Հեյդար Ալիեւը՝ սկզբում զբաղեցնելով Գերագույն խորհրդի նախագահի, ապա՝ հանրապետության նախագահի պաշտոնակատարի պաշտոնը: Ադրբեջանի ներքաղաքական անկայունությունը հայկական ուժերին հնարավորություն էր տվել ռազմական հաջողված գործողություններ իրականացնել: Ֆիզուլիի, Ջեբրայիլի, իսկ քիչ հետո նաեւ Կուբաթլուի ազատագրմանը հաջորդեց կողմերի պայմանավորվածությունը՝ հաստատելու հրադադար: Այդ բանակցություններին Լեռնային Ղարաբաղը մասնակցում էր ուղղակի:



Հայտնի են մի շարք փաստաթղթեր, որ Ադրբեջանը պաշտոնապես հասցեագրել է ԼՂՀ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներին: Հրադադարի համաձայնությունը հայկական կողմի ընդառաջ քայլն էր Հեյդար Ալիեւին, որը նախագահի պաշտոնի համար մրցապայքարի մեջ էր: Նրան պետք էր հարաբերականորեն կայուն իրավիճակ, որպեսզի կարողանա կազմակերպել նախագահական ընտրությունները, ձեւավորի կառավարություն: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը եւ քաղաքական ղեկավարությունը նրան ընձեռեցին այդ հնարավորությունը: Դա պայմանավորված էր կողմերի՞ միջեւ, թե՞ որեւէ միջնորդ երկրի առաջարկն էր՝ հիմա շատ դժվար է ասել: Իրողություն է, որ եթե մեկամսյա հրադադար չհաստատվեր, մարտական գործողությունները շարունակվեին հայկական կողմի համար նույն հաջողությամբ, ապա Ադրբեջանի նախագահական ընտրությունները կտապալվեին, եւ Հեյդար Ալիեւը կկորցներ իշխանության հարաբերական լեգիտիմությունը: Այդ լոյալության համար Ադրբեջանը «վարձահատույց եղավ» տարեվերջին սկսած լայնածավալ հարձակումներով՝ Ֆիզուլիի եւ Բելբաջարի ուղղությամբ: Ղարաբաղյան պատերազմի ամենաարյունալի մարտերը ծավալվել են այդ ժամանակաշրջանում: Արդյունքում ադրբեջանցիներին հաջողվել է գրավել Հորադիզ երկաթուղային կայարանը եւ մի քանի գյուղեր՝ Ֆիզուլիի եւ Ջեբրայիլի շրջանում: Քելբաջարում ադրբեջանական հարձակումը լիովին ձախողվել է:



25 տարի անց Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ 1993-94թ.թ. ձմեռային հարձակումների եւ կրած պարտությունների մասին ոչ մի խոսք չկա: Փոխարենը պաշտոնական Բաքուն վերստին առաջ է քաշել «ադրբեջանական օկուպացված տարածքներից Հայաստանի զինված ուժերը դուրս բերելու» նախապայմանը, որից հետո, ըստ ադրբեջանական կողմի «հնարավոր կլինի անցնել հակամարտության քաղաքական կարգավորման շուրջ քննարկումների»: Ի՞նչ ընթացք կունենար պատերազմը, եթե 1993թ. սեպտեմբերին չկնքվեր մեկամսյա հրադադարի համաձայնագիրը: 25 տարվա հեռվից բավական բարդ է գնահատել այն օրերի ռազմաքաղաքական իրավիճակը: Փաստն այն է, որ ազատագրված տարածքները վերահսկվում են հայկական զինված ուժերի կողմից, իսկ կարգավորման բանակցություններում առաջընթացի հեռանկար նույնիսկ չի ուրվագծվում: