Նիկոլ Փաշինյանի առավելությունը նրանում է, որ իրեն միշտ թերագնահատում են

Նիկոլ Փաշինյանի առավելությունը նրանում է, որ իրեն միշտ թերագնահատում են
Բազմիցս հնչեցված ճշմարտություն է․ «Երբեք մի թերագնահատիր հակառակորդիդ»։ Նիկոլին թերագնահատել են միշտ ու բոլորը, բոլորը՝ բացի իրենից։ Նա միշտ իմացել է, թե ինչ է ուզում, եւ վստահ է եղել, որ կհասնի իր ուզածին։ Համաձայնե՛ք, նախանձելի հատկություն է։ Դիտարկենք ամենաթարմ դեպքը՝ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով ներգրավելը եւ դրան հաջորդած իրադարձությունները։ Բոլորն ասում են՝ «սխալ քայլ էր», «իրա ձեռքով Ռոբին բերեց քաղաքականություն», «ո՞նց չէր մտածել, որ դատավորը կարա ծախվի» եւ այլն։ Սրանով ակնհայտ թերագնահատում են Նիկոլին։ Մարտի 1-ի գործն այս ձեւով սկսելը ճիշտ էր եւ ունի հստակ պատճառներ։



1. Ակնհայտ է, որ նոր Հայաստան կերտելու ճանապարհին Նիկոլը պետք է բախվեր Քոչարյանին, պատժեր նրան ու փորձեր փողերը հետ բերել։ Կարծում եմ՝ նաեւ պարզ է, որ առանց կռվի Քոչարյանը չէր հանձնվի, իսկ իր միակ հնարավոր պաշտպանությունը քաղաքականություն վերադառնալն ու դրանով Փաշինյանի գործողությունները կաշկանդելն էր։ Այսինքն՝ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն անխուսափելի էր, ավելին՝ դա նրան պարտադրելու էին նաեւ Ռուսաստանի իր պարտնյորները։



2. Փաշինյանի կառավարությունն աստիճանաբար կորցնում էր աջակցությունը։ Սա նորմալ երեւույթ է եւ ունի իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները։ Սրանց չեմ անդրադառնա այս հոդվածում։ Շատացել էին նաեւ սթափ եւ ադեկվատ քննադատությունները հատկապես հարգանք ու վստահություն վայելող մարդկանց կողմից։ Քննադատություններին պատասխանում էին վերահսկողությունից դուրս եկած երիտասարդ հեղափոխականները՝ հաճախ անհարկի վիրավորելով ու գործնականում առանց հակափաստարկների։ Սա ստեղծում էր գաղջ մթնոլորտ, ու կոնսոլիդացիան ճաքեր էր տալիս։ Քոչարյանի շուրջ ստեղծված աղմուկը շեղեց մարդկանց, ստեղծեց որոշակի վախի (անհանգստության) մթնոլորտ, ու ամսի 17-ին ընդառաջ ստեղծվեց մի վիճակ, որ նորից պետք է միավորվել ընդհանուր թշնամու դեմ ու մեկընդմիշտ մերժել Ռոբին։ Սա ստեղծելու է նոր կոնսոլիդացիա, որը կբավարարի մինչեւ նոր ընտրություններ։



3. Այս քայլով Փաշինյանը մեկընդմիշտ կապեց Քոչարյանին Մարտի 1-ի հետ, նրանց դարձրեց անբաժան։ Մի պահ պատկերացրեք, որ Քոչարյանը հունվարին (ինչու հունվարին՝ որովհետեւ ամենածանր ամիսն է, եւ մարդիկ շատ դժգոհ են լինում կառավարությունից) հրատարակում էր իր գիրքն ու ամբողջ մեղքը բարդում Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի ու ՊՆ-ի վրա, հա, Փաշինյանին էլ չմոռանամ նշել։ Օգտագործելով իր մեդիան՝ մի լավ տարածում էր իր մտքերն ու արդեն ընդդիմություն դարձած Դաշնակցության (կարծում եմ՝ ակնհայտ է, որ Դաշնակցությունը որպես ընդդիմություն է գնալու ընտրություններին) եւ Հանրապետականի հետ մտնում խաղի մեջ։ Էլ չասեմ «Բարգավաճի» մասին, որն առհասարակ Քոչարյանն է հիմնադրել՝ ի հակակշիռ Հանրապետականի (սրան եւս մեկ այլ անգամ ավելի մանրամասն կանդրադառնամ)։ Ի՞նչ եք կարծում, ո՞ր դեպքում Քոչարյանն ավելի վտանգավոր կլիներ։ Փաշինյանին թերագնահատեցին նաեւ 2008-ին, երբ տեսնելով նրա՝ մարդկանց լայն զանգվածներ գրավելու ու կառավարելու տաղանդը, որոշեցին չխանգարել եւ մի քիչ էլ օգնել։ Նրանք թերագնահատեցին ռիսկը՝ համարելով, որ «թող թափ հավաքի, վերջում կառնենք կամ կվախացնենք ու դրանով կխեղճացնենք շարժումը»։ Իրականում Փաշինյանին չկարողացան առնել, ու նա գրավեց շարժման ամբողջ երիտասարդական թեւն ու նրանց հետ 10 տարի անց հաղթեց։



Նիկոլին թերագնահատեցին, երբ ինքը սկսեց քայլել։ Դա ճակատագրական սխալ էր։



**ՀԳ**. Նիկոլի ֆանատը չեմ, շատ հարցերում համաձայն չեմ նրա հետ։ Չեմ փորձել Նիկոլին գովել, պարզապես տարբերվող վերլուծություն է:



**Անդրանիկ ԶԱՏԻԿՅԱՆ**