Ագրարայինի ռեկտորն այժմ ԺՊ Ուռուտյանի խորհրդականն է

Ագրարայինի ռեկտորն այժմ ԺՊ Ուռուտյանի խորհրդականն է
Մոտ երկու շաբաթ առաջ աշխատանքից ազատվել է Հայաստանի ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը։ Այժմ նա ռեկտորի պաշտոնակատարի խորհրդական է նշանակվել եւ շարունակում է աշխատել իր բուհում։ Հուլիսի 31-ին հոգաբարձուների խորհրդի նույն նիստին ագրարայինի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել համալսարանում գործող ագրոբիզնեսի դպրոցի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Վարդան Ուռուտյանը: Մեր հարցին, թե արդյոք իր նկատմամբ որեւէ ճնշում չի՞ եղել, պարոն Թարվերդյանը պատասխանեց․ «Ոչ, ամեն ինչ կատարվել է Աշխատանքային օրենսգրքին եւ սահմանված ընթացակարգերին համապատասխան։ Պայմանագրի իմ ժամկետը լրացել էր 2018 թվականի ապրիլի 10-ին, բայց այդ ժամանակ հոգաբարձուների նոր խորհուրդը չէր ձեւավորվել։ Իսկ հին խորհրդի լիազորությունների ժամկետը նույնպես ավարտվել էր։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ես մնացի իմ պաշտոնում, մինչեւ որ ձեւավորվեց հոգաբարձուների նոր խորհուրդը։ Քանի որ իմ լիազորությունների ժամկետը պայմանագրով լրացել էր, ես հենց առաջին նիստին խնդրեցի դադարեցնել իմ լիազորությունները»։



Թարվերդյանն Ագրարային համալսարանի ռեկտոր է ընտրվել 2013 թվականի ապրիլի 10-ին՝ 5 տարի ժամկետով։ Արշալույս Թարվերդյանին հարցրինք, թե երբ է համալսարանը նոր ռեկտոր ընտրելու։ «Հոգաբարձուների խորհրդի հաջորդ նիստը կկայանա, եւ, ամենայն հավանականությամբ, այդ կամ մյուս նիստին կհայտարարվի մրցույթի անցկացման եւ ապա, սահմանված ընթացակարգով՝ նաեւ ռեկտորի ընտրության ժամկետը»։ Արշալույս Թարվերդյանը բարձր կարծիք հայտնեց իրեն փոխարինողի՝ ռեկտորի պաշտոնակատար Ուռուտյանի մասին։ Մեր հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է մամուլում պտտվող տեղեկությունը, թե նա չունի համապատասխան մասնագիտական կրթություն, Արշալույս Թարվերդյանը պատասխանեց․ «Ինչպե՞ս կարող է նա չունենալ մասնագիտություն, եթե 10 տարի ագրոբիզնեսի դպրոցի տնօրենի տեղակալն է եղել եւ 8 տարի՝ տնօրեն։ Նա ագրոբիզնեսի մասնագետ է։ Իսկ ագրոբիզնեսի դպրոցը շատ լավ հաստատություն է»։ Մի խոսքով, ամեն ինչ Ձեր ուզածո՞վ է։ «Իմ ուզածը կարեւոր չէ, կարեւորը համալսարանի գործերն են, ինչի երաշխիքները կան»,- արձագանքեց նախկին ռեկտորը։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**