Վաշինգտոնը խոսեց ՀՀ-ի հետ բաց տեքստով. ինչպե՞ս խուսափել «ԱՄՆ կամ Իրան» երկընտրանքից

Վաշինգտոնը խոսեց ՀՀ-ի հետ բաց տեքստով. ինչպե՞ս խուսափել «ԱՄՆ կամ Իրան» երկընտրանքից
Միացյալ Նահանգներ-Իրան թշնամական հարաբերությունները եւ Իրանի դեմ սահմանված ամերիկյան նոր պատժամիջոցները կարող են իսկապես ազդել հայ-իրանական հարաբերությունների վրա եւ խոչընդոտել 2 երկրների համագործակցությանը, հատկապես տնտեսական ոլորտում: Եվ դրա հետեւանքներն արդեն տեսնում ենք:



**Ճնշո՞ւմ, թե՞ բարի կամքի դրսևորում**



Այդ վտանգներն ակնհայտ դարձան դեռ նախորդ տարի, երբ Թրամփը սկսեց հետեւողականորեն սրել հարաբերությունները Թեհրանի հետ: 2017 թ. դեկտեմբերին Թրամփի վարչակազմի կողմից հրապարակված ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ Իրանը գնահատվեց որպես ԱՄՆ-ի ազգային անվտանգության «թոփ սպառնալիքներից» մեկը: Եվ երբ Երեւանում ԱՄՆի դեսպանությունը հայկական լրատվամիջոցներից մեկին տված մեկնաբանության մեջ նշեց, թե «Իրանը լուրջ սպառնալիք է Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ մեր այլ դաշնակիցների ու գործընկերների համար», ակնհայտ դարձավ, որ Թրամփի վարչակազմը շատ ավելի անհանդուրժող է լինելու Հայաստանի եւ Իրանի հարաբերությունների նկատմամբ, քան ԱՄՆ նախորդ կառավարությունները: Այս մոտեցումը հստակ արտացոլվեց ամերիկյան կողմի վերջին պաշտոնական հայտարարության մեջ: Օգոստոսի 15-ին, Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, թե հայաստանցի այն գործարարները, ովքեր մտադիր են բիզնես գործարքներ իրականացնել Իրանի հետ, պետք է խորհրդակցեն ԱՄՆ դեսպանության հետ, որպեսզի խուսափեն հակաիրանական պատժամիջոցների հնարավոր վնասներից: «Ամերիկյան պատժամիջոցները Հայաստանին վնասելու կամ նրա վրա որեւէ կերպ ազդելու նպատակ չունեն։ ԱՄՆ կառավարությունը կշարունակի հավատարիմ մնալ իր դիրքորոշմանը` տնտեսական զարգացման հարցում Հայաստանին աջակցելու տեսանկյունից։ Պատժամիջոցներն ուղղված են բացառապես այն կազմակերպություններին եւ անձանց, որոնք ներգրավված են ահաբեկչության ֆինանսավորման գործընթացում։ Ավելին, պատժամիջոցներն անդրադառնալու են այդ գործունեության մեջ ներգրավված իրանական կոնկրետ կառույցների եւ գործարարների վրա»,- ասել է դեսպանը:



Հայաստանցի փորձագետները, մասնավորապես՝ Իրանի գծով, բացասաբար ընդունեցին դեսպանի հայտարարությունը՝ ասելով, որ դեսպանությունը չպետք է խառնվի Հայաստան-Իրան հարաբերություններին, եւ մեր գործարարները պետք է խորհրդակցեն միայն մեր գերատեսչությունների հետ:



ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նույնիսկ հեգնեց, թե ափսոս, որ 451 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն չկար, այլապես արժեր մի խորհրդատվություն էլ այն ժամանակ ստանալ՝ Ավարայրի ճակատամարտին մասնակցե՞լ, թե՞ ոչ: Այնուամենայնիվ, պե՞տք է արդյոք այդքան միանշանակ ընկալել դեսպանի խոսքերը՝ որպես ճնշում հայկական կողմի վրա կամ միջամտություն հայ-իրանական հարաբերություններին։ Գուցե սա պարզապես բարի կամքի դրսեւորում է ամերիկյան դեսպանության կողմից, որը փորձում է զերծ պահել հայ գործարարներին ամերիկյան պատժամիջոցների ենթարկվելուց։ Չէ՞ որ նույն հայտարարության մեջ Միլսն ընդգծում է, որ ամերիկյան պատժամիջոցները Հայաստանին վնասելու նպատակ չունեն:



**Մեկնաբանում է ամերիկացի փորձագետը**



Մեզ հետ զրույցում խոսելով այս հարցերի շուրջ՝ Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Փոլ Գոբլը նշեց, որ ամերիկյան ընկերությունների համար էլ միշտ օգտակար է եղել նախքան արտաքին տնտեսական գործունեություն ծավալելը խորհրդակցել տվյալ երկրում գործող ամերիկյան դեսպանությունների հետ, որ միջազգային հարաբերություններում առկա խնդիրները բացասաբար չազդեն նրանց վրա: Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերություններին՝ վերլուծաբանն ասաց. «Միացյալ Նահանգներն ակնհայտորեն գոհ կլիներ, եթե Հայաստանը զերծ մնար Իրանի հետ ընդլայնված համագործակցությունից: Սակայն միեւնույն ժամանակ Հայաստանն Իրանի հարեւանն է, հետեւաբար, ունի իր շահերը, որոնք նա, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի հետապնդել»:



**Հիմա լավագույն պահն է Հայաստանի համար**



Ամեն դեպքում ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է բավականին բարդ կացության մեջ, քանի որ, կարծես թե, արդարանում են 1 տարի առաջ հնչեցվող այն մտահոգությունները, որ Թրամփի վարչակազմը կարող է երկընտրանքի առաջ կանգնեցնել ՀՀ կառավարությանը: Մի կողմից Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկը ԱՄՆ-ն է, մյուս կողմից հարեւան Իրանն է, որի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն հայկական պետության համար: Բավական է նշել միայն այն փաստը, որ Իրանի հետ սահմանը Հայաստանի 2 ցամաքային ելքերից մեկն է դեպի արտաքին աշխարհ: Բայց ի՞նչ կարող է անել Հայաստանն այս իրավիճակում: Ունի՞ արդյոք ռեսուրսներ՝ ազդելու ԱՄՆ-ի իրանյան քաղաքականության վրա եւ մեղմելու հնարավոր վնասները, որոնք կարող են հասցվել Հայաստանին ու հայ-իրանական հարաբերություններին: Ի՞նչ դեր կարող են խաղալ հայկական լոբբիստական կազմակերպություններն Ամերիկայում: Փոլ Գոբլը, իհարկե, չի վիճում՝ Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր բարդ դիրքում է, եւ դրա պատճառն աշխարհագրությունն ու պատմությունն են: Սակայն միաժամանակ ավելացնում է՝ Հայաստանն ունի շատ ռեսուրսներ, որոնք նա կարող է օգտագործել ոչ միայն Միացյալ Նահանգներում:



«Աշխարհի շատ վայրերում հսկայական համակրանք կա Հայաստանի նկատմամբ իր դիրքի եւ հատկապես իր նոր կառավարության շնորհիվ: Հիմա լավագույն պահն է Հայաստանի համար՝ աշխարհին ցույց տալու, թե ինչ է նա անում եւ ինչու: Գուցե դա ոչ բոլոր պետություններին դուր գա, բայց պետք էլ չէ, որ բոլորը հավանեն: Եթե Հայաստանի դիրքորոշումը դուր գա երկրների մեծ մասին, դա կլինի հաղթանակ»,- ավելացրեց Գոբլը:



**Հայաստանի արժանապատվության խնդիրն է**



Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ հայաստանցի գործարարները որեւէ արտասահմանյան դեսպանությունից խորհրդատվություն ստանալու կարիք չունեն, եւ սա ինչ-որ առումով մեր պետության արժանապատվության խնդիրն է:



«Եթե կա մտահոգություն՝ կապված հայ գործարարների շահերի հետ, ապա ճիշտ կլինի, որպեսզի Միացյալ Նահանգների դեսպանությունը պաշտոնապես հրապարակի այդ տեղեկատվությունը կա՛մ իր կայքում, կա՛մ այդ տեղեկատվությունը տրամադրի Հայաստանի պատկան մարմիններին, որոնք էլ աշխատում են մեր գործարարների հետ: Այստեղ կարելի է նկատել որոշակի միտում՝ ինչ-որ առումով վերահսկելու այն գործընթացները, որոնք կապված են հայ գործարարների բիզնես շահերի հետ: Իսկ ավելի լայն իմաստով՝ հայ-իրանական առեւտրատնտեսական հարաբերությունների վերաբերյալ առնվազն տեղեկատվություն ստանալու միտում կարելի է նկատել: Ինչ-որ առումով էլ սա մեր պետության արժանապատվության խնդիրն է, որպեսզի մեր գործարարներն աշխատեն ոչ թե օտարերկրյա դեսպանատների, այլ Հայաստանի Հանրապետության պատկան կառույցների հետ»,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Վարդան Ոսկանյանը:



**Հնարավոր ճնշումը Հայաստանի նկատմամբ անընդունելի է**



Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ Վաշինգտոնը երկընտրանքի առաջ կանգնեցնի Հայաստանին, իրանագետ Վարդան Ոսկանյանը պատասխանեց, թե շատ դժվար է կանխատեսել Վաշինգտոնի վարած քաղաքականությունը, բայց ակնհայտ է, որ նման երկընտրանքի առաջքաշումն ինքնին պետք է դիտարկել անընդունելի մեր պետության շահերի տեսանկյունից:



«ՀՀ-ն զարգացնում է Իրանի հետ իր հարաբերությունները՝ հաշվի առնելով մեզ համար կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ խնդիրներ եւ շահեր, հետեւաբար, ՀՀ-ի վրա տարբեր ձեւերով ճնշում գործադրելը, լինի դա դիվանագիտական խողովակներով, թե այլ ուղիներով, ըստ էության անընդունելի է, եւ կարծում եմ, որ չի բխում նաեւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման շահերից, որովհետեւ Հայաստան-Իրան հարաբերությունները, որպես մահմեդական աշխարհի ամենահզոր ներկայացուցիչներից մեկի եւ քրիստոնեական ավանդույթներ ունեցող պետության հարաբերություններ, շատ դեպքերում դուրս են միմիայն երկու պետությունների միջեւ սովորաբար գոյություն ունեցող հարաբերությունների շրջանակներից եւ ինչ-որ առումով նույնիսկ խորհրդանշական են: Հայաստանն ու Իրանը ցույց են տալիս, թե ինչպես կարող են երկու համաշխարհային կրոններ դավանող ազգերը եւ պետությունները ոչ միայն խաղաղ գոյակցել Մերձավոր Արեւելքի լարվածության պայմաններում, այլ նաեւ զարգացնել առեւտրատնտեսական եւ մշակութային հարաբերություններ»:



**Առաջնայնությունը պետք է տալ մեր ազգային շահերին**



Ընդունված ճշմարտություն է, որ յուրաքանչյուր կատակի մեջ կա ճշմարտության չափաբաժին: Թեեւ Վարդան Ոսկանյանն իր գրառումն ԱՄՆ դեսպանատան եւ Ավարայրի ճակատամարտի մասին համարում է կատակ, այնուամենայնիվ, ակնարկն ինքնին ցույց է տալիս, թե որքան հին ու խորն են հայ եւ իրանցի ժողովուրդների շփումները: Եվ սա դժվար է անտեսել նաեւ արդի քաղաքականության համատեքստում: Հայաստան-Իրան հարաբերությունները դիտարկելով թե՛ պատմական եւ թե՛ արդի քաղաքական հարթություններում՝ Վարդան Ոսկանյանն ընդգծեց, որ ժամանակակից քաղաքականության մեջ չափազանց կարեւոր է վստահելի գործընկեր լինելը, եւ փաստ է, որ Հայաստանի հանդեպ վստահությունն Իրանում չափազանց բարձր է: Հայաստանի հանդեպ վստահությունը շատ բարձր է նաեւ միջազգային ասպարեզում, որովհետեւ Իրանի հետ ունենալով շատ սերտ, բարեկամական հարաբերություններ՝ Հայաստանը մշտապես պահպանել է միջազգային հանրության կողմից սահմանված բոլոր «կարմիր գծերը»:



«Չեմ կարծում, թե Հայաստանը պետք է առաջնորդվի կոնկրետ պետության շահերով կամ աշխատի կոնկրետ պետության նախանշած սահմաններով: Ասածս, սակայն, չի նշանակում, թե պետք է բոլորովին հաշվի չառնել մեր տարածաշրջանում առկա գերտերությունների շահերը: Բայց եթե այդ շահերը թվում է, թե ուղղակիորեն բախվում են մեր ազգային շահերին, ապա ակնհայտ է, որ առաջնայնությունը պետք է տալ մեր ազգային շահերին, եւ դիմացի կողմը պետք է փորձի հասկանալ Հայաստանի կացությունը»,- ընդգծեց Վարդան Ոսկանյանը՝ կրկնելով, որ Հայաստանը եւ Իրանը մեր տարածաշրջանում օրինակելի հարաբերություններ ունեցող պետություններ են, եւ այս պետությունների հարաբերությունները վատթարացնելու որեւէ փորձ մատնված է ձախողման:



Իրանագետը ճիշտ չի համարում այս համատեքստում «խուսանավել» բառն օգտագործելը՝ ասելով, որ Հայաստանը պիտի վարի հավասարակշիռ քաղաքականություն: «Հայաստանը ԱՄՆ-ի հետ ունի գործընկերային, բավականին բարձր մակարդակի հարաբերություններ: Պարզապես պետք է հստակ հասկանալ, որ Հայաստանի հետ հարաբերություններում որեւէ կողմ չպետք է առաջնորդվի «կամ-կամ» սկզբունքով, որովհետեւ մեր պետությունը չափազանց զգայուն մի տարածաշրջանում է, ունի նաեւ ներքաղաքական առումով չափազանց զգայուն իրավիճակ: Հետեւաբար, պետք է հաշվի նստել թե՛ տարածաշրջանում, թե՛ Հայաստանի ներքաղաքական դաշտում ստեղծված իրավիճակի հետ եւ հաշվի առնել այնտեղ առկա բոլոր երեւույթները»,- ավելացրեց իրանագետը:



**Արամ ՍԱՐԳՍՅԱՆ**