Արցախում արտահերթ նախագահական ընտրությունների շունչն է զգացվում

Արցախում արտահերթ նախագահական ընտրությունների շունչն է զգացվում
Արցախում ներքաղաքական իրավիճակն առաջիկայում հնարավոր է կրկին սրվի։ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո մի խումբ ընդդիմադիրներ փորձում էին Ղարաբաղում էլ հեղափոխություն իրականացնել, սակայն արդյունքում ստացան ուժային կառույցների ղեկավարների ու մի քանի նախարարների, այդ թվում՝ պետնախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականները եւ Բակո Սահակյանի խոստումը՝ առաջիկայում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ։ Սակայն վերջերս Հայաստանում ներքաղաքական իրավիճակի ակտիվացումը, մասնավորապես երկրորդ նախագահի հայտնությունը, որոշ տեղեկություններով, Արցախում ոգեւորել է պրոքոչարյանական ուժերին, վերջին շաբաթներին նաեւ Սերժ Սարգսյանն է այցելել Արցախ, հանդիպումներ ունեցել։

Այս ամենը մոբիլիզացրել է նաեւ հայաստանյան իշխանություններին, եւ տեղեկություններ կան, որ ուզում են գործընթացներն արագացնել՝ գնալ արտահերթ նախագահական ընտրությունների ու Արցախում հաստատել «յուրային» իշխանություն։



Հիշեցնենք, որ Ղարաբաղում անցած տարի ընդունված նոր Սահմանադրության համաձայն, նախագահի հերթական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականին, եւ 2017-ին Բակո Սահակյանը, անտեսելով քաղաքական եւ հասարակական դաշտի ընդվզումը, առաջադրեց իր թեկնածությունը եւ խորհրդարանի կողմից վերընտրվեց նախագահի պաշտոնում՝ խոստանալով, որ 2020-ին չի առաջադրի թեկնածությունը։ Մեր տեղեկություններով, նա իր տեղի ժառանգորդ է տեսնում վերջերս պաշտոնաթող եղած ԱԱԾ ղեկավար, գեներալ Արշավիր Ղարամյանին, ում այդ պաշտոնից հեռացրեց Արցախի իշխանությունների դեմ բողոքի ակցիաներ նախաձեռնած խումբը, որոնց թվում էին նաեւ նախկին պատգամավոր Վահան Բադասյանն ու պատգամավոր Հայկ Խանումյանը։ Ի դեպ, Ղարամյանը պատերազմի մասնակից է եւ չկոռումպացված պաշտոնյայի համարում ունի, սակայն նրան ԱՀ նախագահի պաշտոնին շատերը չեն տեսնում։



Արցախի նախագահի մյուս թեկնածուն նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն է, ում նկատմամբ բավականին բացասական են տրամադրված ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը։ Մեզ պատմեցին, որ Բակո Սահակյանի ու նախկին պետնախարար, Արցախի երկարամյա վարչապետ Արայիկ Հարությունյանի միջեւ վերջերս տհաճ զրույց է տեղի ունեցել։ Արայիկ Հարությունյանը մեծ հույսեր է փայփայել, որ հենց ինքն է դառնալու Բակո Սահակյանի «ժառանգորդը», սակայն երբ պարզվել է, որ գործող նախագահն այլ թեկնածուի է հակված, մտել է Բակո Սահակյանի մոտ եւ գրեթե «հաշիվ» պահանջել՝ ինչո՞ւ։



Փոխարենը նախկին պետնախարարը փորձում է Նիկոլ Փաշինյանին հավատարմության երդում տալ եւ համոզել, որ ինքը կարող է ձեւավորվել յուրային իշխանություն։ Դա էր պատճառը, որ ՀՀ վարչապետի վերջին հանրահավաքին հենց Հարությունյանը կազմակերպեց եւ Արցախից մոտ 1000 ցուցարար ավտոերթով բերեց Երեւան։ Ի դեպ, մի քանի օր է՝ Հարությունյանի եւ Ղարամյանի հետ զրուցելու մեր փորձերը հաջողությամբ չեն պսակվում։



Ուշագրավ է նաեւ, որ Փաշինյանից աջակցություն է փափագում նաեւ այն նախաձեռնող խումբը՝ Բադասյան-Խանումյան տանդեմը, որը հայաստանյան հեղափոխության առաջին իսկ օրերից ինքնաբուխ լծվեց Արցախում հեղափոխություն անելու գործին։ Վահան Բադասյանը երեկ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց խումբը շարունակում է Արցախում հեղափոխություն անելու գործը «գլուխ բերել», այս օրերին հանդիպումներ են ունենում արցախցիների հետ ու պատրաստում այդ նպատակին, ամեն ինչ անելու են՝ հասարակական ճնշման ներքո հասնելու Բակո Սահակյանի հրաժարականին, քանի որ Սահակյանը, Բադասյանի խոսքով, այդպես էլ ձեռնամուխ չի եղել խոստացած բարեփոխումներին։ Բադասյանը վստահեցրեց, որ շատ շուտով հանրությունը ցույց կտա, որ ցանկանում է Սահակյանի հրաժարականը․ «Բակո Սահակյանը կոպտորեն դրժեց բարեփոխումների խոստումը եւ բավարարվեց մի քանի պաշտոնանկությամբ։ Դուք գիտեք, որ Փաշինյանն էլ Արցախ այցի ժամանակ հայտարարեց, թե պաշտպանելու է այդ բարեփոխումները, բայց Սահակյանը, ցավոք սրտի, չի իմանում, թե որն է բարեփոխումը, եւ բավարարվեց ազատումներով։



Մինչդեռ գյուղերում հուսալքությունը շարունակվում է, մարդիկ արտագաղթում են, ամեն ինչ դեպի վատն է գնում։ Նա կա՛մ պետք է հրաժարական տար, կա՛մ բարեփոխում աներ, ո՛չ նա արեց, ո՛չ մյուսը»։ Բադասյանի կարծիքով, ներկայումս գերխնդիրը Բակո Սահակյանի հրաժարականն է, իսկ թե ով կփոխարինի նրան, այս փուլում կարեւոր չէ։ «Այո, մի քանի ժառանգորդների անուններ են խոսվում, բայց եթե նույնիսկ յուրային փոխարինի, ոչինչ, միայն թե թույլ չենք տա, որ 2020 թվականին, երբ նշանակված են հիմնական ընտրություններ, այս իշխանություններից որեւէ մեկն առաջադրվի։ Եթե հիշում եք, հունիսին էլ մենք պահանջում էինք ուժայինների ղեկավարների հրաժարականը, բայց չէինք ասում՝ ումով փոխարինել։ Այո, Բակո Սահակյանին ավելի մտերիմ մարդկանցով փոխարինվեցին այդ պաշտոնները, բայց, միեւնույն է, համակարգում փոփոխություն է տեղի ունեցել, այդ համակարգում այժմ չեն կարողանում մարդ ծեծել։ Դրա համար եմ ասում, որ հիմա Արցախում իշխանափոխությունն օդ ու ջրի պես է անհրաժեշտ, մնացածի մասին կմտածենք ապագայում»,- եզրափակեց Բադասյանը։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**