ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն

ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն
Տարիներ շարունակ լուսանցք մղված կամ նորաստեղծ կուսակցությունները Երեւանի ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել։ Նրանք փորձարկելու են իրենց ուժերը՝ ԱԺ ապագա ընտրություններում մասնակցելու հարցում կողմնորոշվելու համար։ Սակայն որքան հետաքրքիր է մասնակցողների ցանկն ու բովանդակությունը, նույնքան էլ հետաքրքիր է որոշ ուժերի՝ ընտրություններին չմասնակցելը։ Դեռ երեք ամիս առաջ իշխանության մոնոպոլ տիրապետման հայտ ներկայացրած Հանրապետական կուսակցությունը, որի ղեկավարները հայտարարում էին, որ առաջիկա տարիներին դեպի իշխանություն տանող ճանապարհն անցնելու է Մելիք-Ադամյանով, որոշեց չմասնակցել Երեւանի ընտրություններին։ Եվ սա այն դեպքում, երբ դեռ ԱԺ-ում մեծամասնություն է կազմում։ Նոնսե՞նս է։ Բայց մենք սովոր ենք ներքաղաքական նոնսենսներին։



Մյուս «նոնսենսն» էլ վերաբերում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը, որը տարիներ շարունակ բազմամարդ հանրահավաքներ էր հրավիրում, ՀՀԿ-ական  ռեժիմը տապալելու խոստումներ տալիս ՀՀ քաղաքացիներին, իսկ 2018-ին որոշել է չմասնակցել Երեւանի ընտրություններին։ 2017թ․ ապրիլի 2-ին ԱԺ ընտրություններում ձախողվելուց հետո ՀԱԿ-ը խզել է կապն ընտրողների հետ՝ հավանաբար սպասելով, որ կգան լավ ժամանակներ, եւ ինքը կրկին պահանջված կլինի։



Ապրիլյան հեղափոխությունից հետո ՀԱԿ-ը, իհարկե, սատարում է Նիկոլ Փաշինյանին եւ երիտասարդ իշխանություններին՝ երբեմն հանդես գալով խորհրդատուի դերում, բայց Երեւանի ավագանու ընտրություններին Տեր-Պետրոսյանի կողմնակիցները որոշել են պասիվ մասնակցություն ունենալ՝ միայն «Քաղպայմանագրի» ցուցակում մի քանի թեկնածու ընդգրկելով։ Արձանագրենք, որ ՀՀԿ-ն եւ նրա դեմ տարիների հոգեմաշ պայքար մղած ՀԱԿ-ը կարծես թե հեռանում են քաղաքական ասպարեզից։