Այսօր այդ թալանչիները նորից զբաղեցրին մեր տեղերը. «Միացյալ Երիտասարդական Լիգա» ՀԿ ղեկավար

Այսօր այդ թալանչիները նորից զբաղեցրին մեր տեղերը. «Միացյալ Երիտասարդական Լիգա» ՀԿ ղեկավար
«Հրապարակի» զրուցակիցը «Միացյալ Երիտասարդական Լիգա»հասարակական կազմակերպության ղեկավար Սևակ Հովհաննիսյանն է, ով ծնունդով Արթիկից է: Ըստ մեր զրուցակցի, Արթիկում քաղաքական խմորումները շարունակվում են, եւ իշխանափոխության ալիքը դեռևս այնտեղ չի հասել:



**-Մի՞թե որևէ դրական տեղաշարժ քաղաքում չկա:**



-Եթե գործող քաղաքապետը, ՀՀԿ անդամ լինելով , սերտ կապերի մեջ է ներկայիս գործադիր իշխանության հետ , հետևաբար ոչ մի դրական փոփոխություն չենք տեսնում, միայն առնետավազք է. նախկին Հանրապետականները Քաղաքացիական պայմանագրին են անդամագրվում: Մենք ահագին ժամանակ է այդ մասին թե՛ մարզպետին, թե՛ նախարարներին ենք տեղեկացնում, ովքեր կուսակցության վարչության անդամ են: Ի սկզբանե Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հայտարարեց, որ Քաղպայմանագրի մեջ չեն գրանցվելու նախկին թալանչիները, բայց այսօր ճիշտ հակառակն է. անգամ քաղաքային խորհրդի անդամներ են ձևավորվում նրանց մասնակցությամբ, բարեկամական կապերի շնորհիվ պաշտոններ են ստանում մարզում, քաղաքում:Ինչը բնականաբար մեր՝ հեղափոխություն իրականացրած երիտասարդների սրտով չէ: Այսօր այդ թալանչիները նորից զբաղեցրին մեր տեղերը: Նոր իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր առաջնորդվում են խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով: Արթիկի ներկայիս քաղաքապետը վարչապետի խորհրդականի հետ ծնունդ է նշում, մի խոսքով…: Վստահությունն ամեն դեպքում մարզային իշխանությունների նկատմամբ դրական չէ, ժողովրդի մեծամասնությունը խորը հիասթափված է: Մենք հիմա քաղաքում պայքարում ենք ԽԾԲ երևույթի դեմ, եթե այսպես շարունակվի ես ստիպված կլինեմ որոշ իշխանավորներից փաստեր հրապարակել:



**-Գուցե պետք է սպասե՞լ, նոր իշխանության 100 օրն է ընդամենը լրացել:**



-Ընդամենը մեկ ամիսը բավական էր արմատական փոփոխությունների համար: Լավ է, որ Սերժ Սարգսյանն այլևս իշխանության չէ, բայց գյուղացին էլի իր հոգսերով է, չկա ոչ մի առավելություն անգամ վարկերը չեն ներվել, բանկերը նոր քայլեր են անում, տույժի 80 տոկոսն են պահանջում, հետո վերավարկավորում:



**-Դուք որևէ քաղաքական ուժի հարելո՞ւ եք, առաջիկայում ընտրություններ են, մասնակցելու նպատակ չունե՞ք:**



-Այո՛, մասնակցելու ենք ընտրություններին, բայց դեռ չեմ ուզում փակագծերը բացել, թե որ քաղաքական ուժի հետ ենք հանդես գալու: Միայն կասեմ, որ մաքուր քաղաքական անցյալով մարդկանց հետ ենք համագործակցելու:



**-Այսօր ձեր կազմակերպությունը զբաղված է Արթիկում մանկական խաղահրապարակներ կառուցելու դրամահավաքով, քաղաքային իշխանությունը խնդիրը չի տեսնո՞ւմ, չե՞ք համագործակցում նրանց հետ:**



-Մենք նախկին քաղաքապետին էլ ենք առաջարկել, որ խաղահրապարակ կառուցվի: Հետո քանի որ նա մերժեց եւ թույլ չտվեց, որ կայանա մեր կողմից իրականացվող բարեգործական համերգը, ես պահանջեցի, որ ինքը իր ծառայողական ավտոմեքենան վաճառի, որը գնել էր մոտ 12մլն դրամի սահմաններում, եւ գնի ավելի էժանը, մնացած գումարով խաղահրապարակ կառուցի: Բայց իհարկե այդ ամենը չիրականացավ, հիմա անկախ քաղաքապետարանի աջակցությունից, մենք դրամահավաք ենք իրականացնում: Մեր եւ ներկայիս քաղաքապետի համագործակցությունը անհնար է: Ես մտել եմ իր մոտ, ինքն ինձ իր աշխատասենյակից դուրս է արել: Ի դեպ, շատ մեծ ծախս չէ, մի խաղահրապարակ կառուցելու համար մոտավորապես 3000 դոլար է պահանջվում: Արդեն Մոսկվայից էլ կան հայեր, ովքեր մեզ օգնելու պատրաստակամություն են հայտնել :



**-Ձեր կազմակերպությունը նույնասեռականների եւ աղանդավորների դեմ է պայքարում: Վերջին դեպքերի՝ Շուռնուխ գյուղի հետ կապված, ինչպիսի՞ հայտարարությամբ եք հանդես եկել:**



-Նույնասեռականության քարոզով զբաղվող կազմակերպությունները ցանկացել են ժամանակին օրենսգրքում հոդված ավելացնել, որ միասեռականների նկատմամբ անհանդուրժողականություն ցուցաբերելու դեպքում անձը քրեորեն պատժվելու է՝ ազատազրկվելով մինչև երեք տարի: Քանի որ երկրում իրավիճակ է փոխվել, նրանք էլ մտածել են, թե հիմա հարմար պահն է այդ ամենը կազմակերպելու համար, եւ մի փոքրիկ միջադեպ էր պետք:Իսկ միջադեպի արդյունքում պարզվեց, որ ժողովրդի մեծամասնությունը միևնույն է՝ դեմ է միասեռականությանը:



**-«Հասմիկ» ճամբարում տեղի ունեցածը, երբ մանկահասակ տղաները միջոցառմանը մասնակցելու նպատակով պճնվել եւ կանացի զգեստներ էին հագել, արդյո՞ք նույնասեռականության քարոզչության վտանգ է պարունակում, ի վերջո մեր մանկության տարիներին նույնպես նման միամիտ խաղեր կազմակերպել ենք, բայց որևէ մեկի մտքով չի անցել, թե կարող է այլ կերպ դիտվել:**



-Ես ճամբարում կազմակերպված միջոցառման մեջ վտանգ չեմ տեսնում, անկեղծ ասած , երեխաների դեպքին չեմ էլ անդրադարձել, որովհետև պետք էլ չի փիառ անել եւ առավել ևս երեխաների նկարները համացանցով տարածել:



**Արևիկ Հակոբյան**