Լուսանկարներում երեխաների դեմքը փակված չէ, վտանգված է երեխաների շահը. ԱՆ

Լուսանկարներում երեխաների դեմքը փակված չէ, վտանգված է երեխաների շահը. ԱՆ
ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ «Հասմիկ ճամբար»-ում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցած երեխաների լուսանկարների հրապարակման վերաբերյալ:



Հայտարարության մեջ ասվում է.



«Այսօր՝ 2018 թվականի օգոստոսի 22-ին, facebook սոցիալական ցանցում եւ մի  շարք լրատվական կայքերում տեղեկություն էր տարածվել «Հասմիկ ճամբար»-ում երեխաների մասնակցությամբ տեղի ունեցած ՈւՀԱ-ից (КВН) լուսանկարների հրապարակման մասին, որոնցում տղաները աղջկա հագուստով են, ընդ որում լուսանկարներում տվյալ երեխաների դեմքերը փակված չեն:

Քաղաքացիական հասարակության անդամները, ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության գործընկերները Գործակալությանը հայտնել են դեպքի մասին՝ մտահոգություն հայտնելով այն մասին, որ երեխաների անձնական տվյալների (լուսանկարի) հրապարակումը կարող է վնասել երեխաներին (երեխաների լավագույն շահին):



Հաշվի առնելով լրատվամիջոցների հետ գործընկերային հարաբերությունները, ինչպես նաեւ երեխաների անձնական տվյալների պաշտպանության կարեւորությունը՝ Գործակալությունը «Հասմիկ ճամբարի» երեխաների լուսանկարները հրապարակելու հետ կապված դիմել է լրատվական կայքերին, որպեսզի երեխաների դեմքը լուսանկարներում փակեն (երեխաներն ապանձնավորվեն)։ Արդյունքում, բոլոր այն կայքերը, որոնց դիմել է Գործակալությունը, արդեն տեղադրել են փակ դեմքերով լուսանկարներ՝ հեռացնելով սկզբում տեղադրածները։ Երեխաներին ապանձնավորվել 

են նաեւ առցանց լրատվամիջոցներով լուսանկարների հրապարակման սկզբնաղբյուր հանդիսացած օգտատիրոջ գրառման մեջ:



Միաժամանակ, այս դեպքն ընդունելով որպես առիթ՝ Գործակալությունը հարկ է համարում կրկին անդրադառնալ երեխաների անձնական տվյալների պաշտպանությանը եւ հիշեցնել, որ երեխան, նրա անձնական կյանքը եւ անձնական տվյալները, երեխայի ֆիզիկական և հոգեբանական հասունության ոչ բավարար մակարդակով 

պայմանավորված՝ ավելի շատ պաշտպանության կարիք ունեն: Դա նշանակում է, որ երեխայի ոչ հասուն լինելը, որը նրան դարձնում է խոցելի, պետք է փոխհատուցվի համարժեք պաշտպանությամբ և հոգատարությամբ:



Երեխաների անձնական տվյալների հրապարակման ցանկացած դեպքում լրատվամիջոցը (լրագրողը) պետք է զգուշավորություն ցուցաբերի երեխային չվնասելու համար՝ օգտագործելով անձնական տվյալներն ապանձնավորելու միջոցներ:



Իր հերթին այն կազմակերպությունը (հաստատությունը), որը տնօրինում է երեխաների անձնական տվյալներ կամ որի հոգածության ներքո են գտնվում երեխաներն, իր հերթին պետք է երեխայի անձնական կյանքի պաշտպանությանն առաջնային ուշադրություն դարձնի և բավարար միջոցներ ձեռնարկի երեխաների անձնական տվյալների անօրինական մշակումը բացառելու համար։



Այս կապակցությամբ երեխաների անձնական տվյալներ մշակողներին, նաեւ՝ լրագրողներին առաջարկում ենք ծանոթանալ եւ առաջնորդվել ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության խորհրդատվական որոշմամբ՝ Երեխաների անձնական տվյալների հրապարակման վերաբերյալ, ինչպես նաեւ Գործակալության կողմից մշակված՝ Երեխաների անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ ուղեցույցով, որտեղ առանձին բաժնով ներկայացված է նաեւ զանգվածային լրատվության միջոցներով երեխաների անձնական տվյալների հրապարակման լավագույն փորձը:



Անձնական տվյալների ոչ իրավաչափ մշակման կամ ոչ իրավաչափ մշակման կասկածների ցանկացած դեպքում անձնական տվյալների սուբյեկտները (այդ թվում երեխաներն իրենց օրինական ներկայացուցիչների միջոցով եւ անգամ անձամբ) կարող են դիմել Գործակալությանը՝ իրենց անձնական տվյալների պաշտպանությունն  ապահովելու համար»: