ՔՊ-ն սկսել է վստահված անձանց հավատարմագրման պրոցեսը

ՔՊ-ն սկսել է վստահված անձանց հավատարմագրման պրոցեսը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պատկանող v6000.am կայքում հայտարարություն է հրապարակվել, համաձայն որի՝ «ՔՊ»-ն վստահված անձանց է հավաքագրում։ Տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է․ «2018թ. Երևանի ավագանու ընտրություններին մնացել է 32 օր: Հայաստանում ընտրական գործընթացը վերահսկելու և արդար ընտրություններ ապահովելու համար ձեզանից կպահանջվի այս գործին նվիրել այդ օրերից ընդամենը 2-ը: 1 օր (2 ժամ) նախապատրաստական դասընթացներ՝ վստահված անձանց իրավունքներին ու պարտականություններին տիրապետելու համար: 1 օր (18 ժամ) քվեարկության գործընթացի և ձայների հաշվարկի վերահսկողություն՝ ընտրական տեղամասում։ 1 օր (1 ժամ) քվեարկության հաջորդ օրը՝ ըստ անհրաժեշտության լինել ԸԸՀ-ում»։



«ՔՊ»-ի մամուլի խոսնակ Վահան Կոստանյանից հետաքրքրվեցինք՝ նախկին ընտրությունների ժամանակ վստահված անձինք բավարա՞ր չէին այս ընտրությունների համար, պատասխանեց․ «Պայմանավորված է նրանով, որ մենք մաքսիմալ ներգրավվածություն ենք փորձում ապահովել, այսինքն՝ քանակի խնդիր չունենք, բացի դրանից, ի տարբերություն Երեւանի նախորդ ընտրությունների, այս դեպքում մենք նաեւ ունենալու ենք հանձաժողովի անդամներ։ Այն մարդիկ, որոնք ավելի փորձառու են, նախորդ տարիներին եղել են վստահված անձինք, հիմա նրանց մեծ մասը հանձնաժողովի անդամներ են ներգրավվելու։ Մենք բոլորի հետ կապ ենք հաստատում, փորձում ենք նորից ճշտել իրենց ցանկությունը ներգրավված լինելու, ու նրանց մեծ մասը դրական պատասխան են տալիս»։



Մեր զրուցակցի խոսքով՝ իրենք վստահ են, որ բոլոր ընտրատեղամասերում կունենան վստահված անձինք․ «Վստահված անձանցով ընթանում է գործընթացը, հանձնաժողովների անդամների մասով գործընթացը ավարտվել է, այն մարդիկ, որոնք պետք է դիմեն, լիցենզիա ստանան ԿԸՀ-ից, այդ մարդկանց ցանկը արդեն ուղարկվել է»։



Նշենք, որ ՔՊ-ի ընտրական ցուցակը գլխավորելու է Հայկ Մարությանը։