Արթուր Բաղդասարյանը և Հեղինե Բիշարյանը ՕԵԿ-ի ցուցակում չկան

Արթուր Բաղդասարյանը և Հեղինե Բիշարյանը ՕԵԿ-ի ցուցակում չկան
ՕԵԿ-ը կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին, սակայն կուսակցությունում դեռեւս չեն որոշել՝ ով է գլխավորելու ցուցակը։



**«Հրապարակ»**-ի հետ զրույցում կուսակցության մամուլի խոսնակ Վահե Թորոսյանը նշեց, որ առաջիկա օրերին իրենք հանդես կգան հայտարարությունով՝ ներկայացնելով իրենց ցուցակը․ «Այս պահին 5 թեկնածուի անուն է քննարկվում ՕԵԿ-ի ցուցակը գլխավորելու համար, առաջիկայում հայտարարությամբ հանդես կգանք եւ կհրապարակենք ավագանու ցուցակը գլխավորող թեկնածուի անունը։ Այսինքն՝ այս պահին հայտնի չէ ՕԵԿ ընտրական ցուցակը գլխավորող թեկնածուի անունը»։



Խոսնակը նաեւ տեղեկացրեց, որ Արթուր Բաղդասարյանի անունը չկա ցուցակում, չկա նաեւ Հեղինե Բիշարյանի անունը։



ՕԵԿ-ի ցուցակը կազմված է լինելու 66 հոգուց։



Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու է դերասան Հայկ Մարությանը, որը գլխավորելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը, «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուն ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է, «Երկիր Ծիրանիի» ցուցակը գլխավորելու է Զարուհի Փոստանջյանը, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը գլխավորելու է «Երեւանի հանրության» ցուցակը, «Ելք» դաշինքի անդամներ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների թեկնածուն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է, «Ժողովրդական ուղի» կուսակցության թեկնածուն Մանուել Գասպարյանն է, «Ռեֆորմիստներ» կուսակցության ցուցակը կգլխավորի կինոռեժիսոր Արտակ Ավետյանը, ՀՅԴ-ն կմասնակցի Երեւանի ավագանու ընտրությանը, սակայն դեռ պարզ չէ՝ ով է գլխավորելու նրանց ցուցակը։ ՀԱԿ -ը չի մասնակցելու ընտրություններին, իսկ ՀՀԿ-ից դեռեւս ձեն-ձուն չկա, նրանք չեն հայտարարել ընտրութուններին մասնակցելու կամ չմասնակցելու մասին։



**Աննա Պապիկյան**