Մանվել Գրիգորյանն այս պահին Հանրապետական հիվանդանոցում է

Մանվել Գրիգորյանն այս պահին Հանրապետական հիվանդանոցում է
Քիչ առաջ մենք տեղեկացանք, որ գեներալ, պատգամավոր Մանվել Գրիգորյանը մի քանի օր է գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում։ Նրան այնտեղ են տեղափոխել նշանակված դատաբժշկական փորձաքննության շրջանակներում՝ թեթեւ հետազոտություններ անելու նպատակով։ Գրիգորյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանը, սակայն, մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ Մանվել Գրիգորյանին այսօր են տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, իսկ թե որքան ժամանակ նա կմնա այնտեղ, կորոշեն միայն բժիշկները։



Ինչպես կալանավայրում, այնպես էլ հիվանդանոցում տեսակցությունն արգելված է։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատարանի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ:



Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարակել Մանվել Գրիգորյանի առանձնատանն իրականացված խուզարկությունից, որտեղ հայտնաբերվել էր, որ ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։