Հակահեղափոխության ռիսկ ընդհանրապես չկա․ վարչապետ

Հակահեղափոխության ռիսկ ընդհանրապես չկա․ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ սահմանադրական փոփոխություններն ինքնանպատակ չեն, դա տարբերակներից մեկն է, բայց կարող է լինել այլ տարբերակ։ «Ընդհանուր առմամբ ես ուզում եմ ընդգծել, որ որևէ պարագայում որևէ գործողություն, որևէ քայլ կամ որևէ մտադրություն չի կարելի դուրս դնել Սահամնադրության, սիրո և համերաշխության տրամաբանությունից»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ հանրաքվեի ինստիտուտը պետք է շատ ուժեղացվի։



Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին հանրահավաքում հայտարարեց, որ մտադիր է սահմանադրական փոփոխություններ կատարել, որ արտահերթ ընտրությունների գնան ոչ թե վարչապետի հրաժարականի դեպքում, այլ Ազգային ժողովի ինքնալուծարման։ Այսօր նա ասաց, որ դա սցենարներից մեկն է։



**Hraparak.am**-ի հարցին, թե ինչո՞ւ է ուզում Սահմանադրությունը փոխելով՝ ընտրությունների ժամանակ մնալ վարչապետի պաշտոնում, հակահեղափոխության ռի՞սկ է տեսնում, Փաշինյանն ասաց․ «Հակահեղափոխության ռիսկ ընդհանրապես չկա։ Մենք ասում ենք, որ պետք չի ժողովրդին դնել իրավիճակի մեջ, որ մենք նորից ստիպված լինել հեղափոխությւոն անել կամ հեղափոխության հաջորդ փուլն անել։ Մենք առաջարկում ենք, և էն օրվա Հանրապետության հրապարակում հավաքված ժողովրդի անունից եմ առաջարկում․․․ Մենք ասում ենք ուղղակի, որ պետք չի փորձել քաղաքաակն ինտրիգներով և այլնով կասկածի տակ դնել էսօրվա իրողությունը»։



**-Մտավախություն կա, որ կարող է չվերադառնա՞ք նորից իշխանության։**



-Գիտե՞ք, ես իշխանության չեմ, իշխանության ժողովուրդն է, և ես չեմ ուզում, որ ժողովուրդը ոմանց ապացուցի, թե ով է երկրում իշխանություն։



**-Այդ դեպքում ի՞նչ տարբերություն՝ ընտրությունները կանցկացվեն վարչապետի՞ հրաժարականի պայմաններում, թե՞ ԱԺ-ի ինքնալուծարման։**



-Ես ասացի, որ դա սցենարներից մեկն է, կարևոր է արձանագրել նպատակը՝ ժողովրդի առաջ չդնել գայթակղություն՝ ինչ-որ բաներ ապացուցելու։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**