Երբ կգա սեպտեմբերը

Երբ կգա սեպտեմբերը
Անոնսավորված է, որ սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կայցելի Մոսկվա: Ըստ երեւույթին, դա կլինի նշանակալի իրադարձություն: Ադրբեջանական մամուլը քննարկում է ՀԱՊԿ-ին անդամակցության հնարավորությունը: Տեսակետ է արտահայտել Միլլի մեջլիսի պատգամավոր Հուսեյնլին: Դա նշանակում է, որ «բանավեճն» արտոնված է ամենաբարձր մակարդակով: Ռուս վերլուծաբան Տրոֆիմչուկը գտնում է, որ այդպիսով Ալիեւը հստակ ուղերձներ է հղում Հայաստանին եւ Արեւմուտքին:



Ադրբեջանում տեսակետ է շրջանառվում, որ ՀԱՊԿ-ին անդամակցումը «չի կարող տեղի ունենալ ինքնիշխանության եւ բազավեկտոր արտաքին քաղաքականության սահմանափակման հաշվին»: Հիմնական շեշտադրումն այն է, որ այդ դեպքում Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցությունները «կտեղափոխվեն եվրասիական միջավայր»: Իսկ այնտեղ Ադրբեջանն իրեն բավական լավ է զգում: ՀԱՊԿ անդամներից Ղազախստանը եւ Բելառուսը համարվում են Ադրբեջանի մերձավորագույն դաշնակիցներ:



Օրերս Միսնկ է մեկնել Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Սադիկովի գլխավորած պատվիրակությունը: Սադիկովը հանդիպումներ է ունեցել ինչպես Բելառուսի պաշտպանության նախարարի եւ իր պաշտոնակցի, այնպես էլ այդ երկրի ռազմաարդյունաբերական համալիրի առանցքային դեմքերի հետ: Ձեռք բերված պայմանավորվածությունների մասին ոչինչ հայտնի չէ, բայց պետք է ենթադրել, որ Բելառուսը կշարունակի սպառազինություններ վաճառել Ադրբեջանին: Ի՞նչ պաշարով է Մոսկվա ուղեւորվելու Իլհամ Ալիեւը: Կա՞ն երկկողմ հարաբերությունները խորացնելու եւ Ռուսաստանի հովանու ներքո եվրասիական կառույցներին Ադրբեջանի ասոցացման գաղափարներ:



Բաքվում չեն թաքցնում, որ ուշի-ուշով հետեւում են հայ-ռուսական հարաբերություններին: Ոչ միայն հետեւում, այլեւ դիվանագիտական ջանքներ են գործադրում՝ Ռուսաստանին համոզելու, որ Հայաստանի նոր իշխանությունները «սորոսական են»: Սեպտեմբերի 1-ի Պուտին-Ալիեւ հանդիպումը կարող է նշանավորվել ռուս-ադրբեջանական ռազմավարական դաշնակցության մասին համատեղ հայտարարությամբ: