Խորհուրդ կտայի Փաշինյանին օգտագործել Արմեն Սարգսյանի փորձը

Խորհուրդ կտայի Փաշինյանին օգտագործել Արմեն Սարգսյանի փորձը
EurAsiaDaily-ի փոխանցմամբ, այսպիսի հայտարարությամբ օրերս Ռուսաստանի «Վեստի FM» պետական ռադիոյի եթերում «Նախկինները» («Бывшие») ծրագրում հանդես է եկել հայտնի քաղաքագետ, Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը։



«Հնարավոր չէ լուծել խնդիրները փողոցային կարգախոսներով: Հայաստանում կան շատ խնդիրներ, որոնք մարդկանց խնդիրներն են, ենթակառուցվածքների, լոգիստիկայի, անվտանգության։ Ես անվտանգության խնդիրը վերջինը նշեցի, սակայն, փաստորեն, դա առաջին խնդիրն է: Հենց այնպես Փաշինյանին որեւէ մեկը ոչինչ չի տա: Գուցե այդպիսի պատրանքներ նա ուներ, քանի որ նա ընդդիմադիր պատգամավորի դիրքից բարձր երբեւէ չի բարձրացել: Նա երբեք ինքն իրեն չի դրել պետության ղեկավարի տեղը: Մենք չենք պատրաստվում դատել որեւէ մեկին իր դիրքորոշման համար՝ եղել ես ընդդիմություն, դարձար իշխանություն, բայց դու պարտավոր ես համապատասխանել այս նոր դիրքին, իսկ դու չես համապատասխանում դրան»,- բավականին կտրուկ մեկնաբանություն է արել Մարտինովը։



Նրա կարծիքով, Նիկոլ Փաշինյանը դարձավ կատարյալ «փողոցի առաջնորդ» Հայաստանի համար «իշխանությունից հոգնածության պահին, որը չի փոփոխվում»:



«Մարդիկ սատարում են նրան եւ գնացին ետեւից: Բայց դա միմիայն այն պահին էր: Երկիր կառավարելու համար անհրաժեշտ են գիտելիքներ, փորձ, կառավարչի տաղանդ: Այս ամենը ես չեմ տեսնում»,- հայտարարում է ռուսաստանցի վերլուծաբանը:

«Հանրահավաքներով նա (Փաշինյանը) երկար չի ձգի: Հանրահավաքներով մարդկանց չես կերակրի: Շուտով ձմեռ է»,- նշել է Մարտինովը:

Ըստ նրա՝ «…ի վերջո, Հայաստանի համար իրավիճակը չի փոխվել: Այո, ներսում փոխվել է կառուցվածքը, այո, փոքր-ինչ փոխվել է, կրկնեմ, բայց արտաքին պայմանները չեն փոխվել` պատերազմն ինչպես եղել է Ղարաբաղում, այնպես էլ մնացել է, ինչպես եղել են հատուկ հարեւաններ՝ ես ոչ միայն Ադրբեջանի մասին եմ խոսում, այլեւ Թուրքիայի եւ Իրանի, եւ Վրաստանն էլ է հատուկ հարեւան, այնպես էլ դրանք մնացել են: Պետք է փնտրել ուղիներ, ռազմավարական բաներ առաջարկել:



Այն, որ իրեն ընդունել են մի քանի անգամ՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին՝ Սոչիում, Մոսկվայում, ուր նա եկել էր ֆուտբոլ դիտելու... իհարկե, ԵԱՏՄ ղեկավարներին հետաքրքիր էր տեսնել նրան: Դե, նայեցին, խոսեցին... «Ինչպիսի՞ն եք տեսնում ապագան»: Իսկ նա չգիտի: Նա ասում է. «Ես բոլոր լավ բաներին կողմնակից եմ եւ բոլոր վատ բաներին դեմ եմ»: Բայց կոնկրետ ի՞նչ է նա ուզում: Ոչինչ:



Այս համատեքստում ես լուրջ հույսեր ունեմ, որ արտաքին կապերում առավել կարեւոր, ծանրակշիռ դեր կխաղա Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը…



Կարծում եմ, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն անբավարար կերպով է ներկայացված մեր (ռուսաստանյան) լրատվամիջոցներում: Նա սահմանափակված է սահմանադրական բարեփոխումների պայմաններում, սակայն չափազանց փորձառու մարդ է: Նա վարչապետ էլ է եղել եւ դեսպան կարեւորագույն եվրոպական երկրներում: Եվ նույնիսկ՝ Վատիկանում։



Ժամանակին համաշխարհային հեղինակություն վայելող գիտնական-աստղաֆիզիկոս էլ է եղել: Այսինքն՝ նա ե՛ւ գիտնական է, ե՛ւ քաղաքական գործիչ: Փորձ է ձեռք բերել տարբեր տեղերում եւ հասկանում է, թե ինչպես, ում հետ եւ ինչ խոսել։ Կարծում եմ՝ նա բավականին լուրջ մարդ է, ով հասկանում է, թե ինչ է տեղի ունենում: Ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել Արմեն Վարդանովիչին... Ես շատ լուրջ հույսեր եմ կապում Հայաստանի նախագահի հետ եւ խորհուրդ կտայի Փաշինյանին շատ ավելի ակտիվորեն օգտագործել այս մարդու փորձը՝ ե՛ւ որպես բանակցողի, ե՛ւ որպես անձի, ով կարող է արժանիորեն ներկայացնել Հայաստանը:



Դե, գոնե նրա խորհուրդները լսիր»,- առաջարկել է ռուսաստանցի քաղաքագետը: