Տնտեսաքաղաքական աուտիզմը ծրագիր չէ

Տնտեսաքաղաքական աուտիզմը ծրագիր չէ
Պետությունը կազինոյի վերածող ժողովուրդը վաղ թե ուշ կազինոն տանուլ կտա։



Մեր ամբողջ պատմությունը պատերազմի պատմություն է։ Մենք ենք պատերազմը, դրա համար էլ երբեք չենք հաղթել, ավելին՝ մեր պարտություններն ենք հաղթանակի տեղ ընդունել։ Մենք՝ որպես ազգ, ընդհանուր ոչինչ ունենալ չենք կարողացել՝ ո՛չ հայրենիք, ո՛չ պետություն եւ ո՛չ էլ գաղափարախոսություն ու նպատակ։ Մեր ազգային ընդհանուր ունեցվածքը եղել ու մնում է հիմնականում ազգային քաղաքական ապարդյունությունը։ Ինչքան հայ կա, այնքան՝ տեսակետ ու ճիշտ։ Մենք բոլորս առանձին-առանձին վերցրած ճիշտ ենք, իսկ միասին վերցրած՝ սխալ։ Ժամանակ չգտանք, որ մեկ-մեկ էլ մեզ նայեինք ուրիշի աչքերով՝ դրսից։



Մի՛ շտապեք բռունցքները սեղմել իմ դեմ։ Մշակութաստեղծ ազգ ենք՝ տիեզերական անհատականություն, բայց սա բավարա՞ր էր մեզ նյութի աշխարհում ազգ մնալու համար։ Բելին սպանեցինք, Մսրա Մելիքին տվինք երկու կես արեցինք, եկանք, եկանք ու ընկանք փոսը։ Երկու մկան ծակ կա մեզ աշխարհի հետ կապող՝ Մեղրին ու Լարսը, էն էլ հրեն հա՝ երկնքից կախված։ Ադրբեջանի վրա մուննաթ ենք գալիս, որ ոչխար պահողներն իրենց մուղամազով մեր ամրոցներով ու եկեղեցիներով կառուցապատված տարածքներում հիմնեցին Հայաստանից տասն անգամ հզոր պետություն։ Երբ ցարական Ռուսաստանի ամենահավատարիմ զինակիցն էինք, ու նա մեր «հարազատ» եղբայրն էր, միլիոններով եղեռնվեցինք ու կորցրինք մի հսկա պետություն կառուցելու տարածք։ Հետո էլ՝ «Թե հոկտեմբերյան դրոշի փայլից, Չվառվեր ճակատն Արագածի, Իր մութ այրերում շունչը կփչեր Հայրենի երկիր Հայաստանս»։ ԽՍՀՄ-ը մեզ մեր «մութ այրերից»՝ մեր տիեզերական թանգարան Արեւմտյան Հայաստանից «փրկեց»։ Փառք Իլյիչին։ Իլյիչից մինչեւ Իլյիչ ԽՍՀՄ-ում երկրորդ դեմքն Արտյոմ Միկոյանն էր՝ ծագումո՜վ, անուն-ազգանունով հայ էր, բայց Նախիջեւանն ու Արցախն ադրբեջանացվեցին նրա պաշտոնավարման տարիներին։



Մեր ողջ պատմությունը նման է Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի առաջին մասին, որտեղ հերոսը դրախտի մեջ Աստծո մոտ է գնում՝ բախտ ուզելու։ Ո՞ր խելոք ազգը, բանակ պահելու եւ զինվորներ կերակրելու փոխարեն, այդքան եկեղեցի կկառուցեր ու տերտեր կպահեր, երբ աշխարհում պետությունների միջեւ բարեւ-բարիլույսը միշտ էլ պատերազմներն են եղել։ Քանի որ հետին թվով խելոքանալն անհնար է, եկեք այսօր փորձենք խելքներս գլուխներս հավաքել։



Ժողովրդավարություն եւ բաց հասարակություն․ սա մեր մտածածը չէ, թեեւ ուրիշ, ավելի լավ բան մեզ համար չկա այսօր, որի պոչից պետք է կախվենք։ Ազգանպաստ, մեր նոր պետականության ուղին նպատակաբանող իշխանություն ընտրելու երեք փորձ ենք ձախողել։ Մտածել ենք, որ ով ուզում է լինի, եթե ղայդին նախընտրական ծրագիր է գրել, ուրեմն կարելի է պետությունը նրան վստահել։ Մեր սխալն այն է, որ մեզ թվացել է, թե ցանկացած ոք, հայտնվելով իշխանության գլխին, իր մեջ կարող է պետականամտություն գեներացնել՝ տուշոնկա ուտելով։ Հանրահավաքներ ու ցույցեր կազմակերպելը բաց հասարակության կողմից ժողովրդավարության դրսեւորման մի մասն էր միայն կազմել, իսկ օրինական իշխանության ընտրությունը՝ որպես նպատակ, երկրորդական պլանում է եղել։



Գործող իշխանությունների դեմ ելած ցուցարարներից շատերը հետո ընտրակաշառքի դիմաց նույն իշխանություններին ձայներ էին տալիս։ Հաճախ հայտնվում էինք երկու քարի արանքում՝ ո՛չ իշխանությունն էր մի բան, ո՛չ ընդդիմությունը։ Այսօր ժողովուրդը խելքի է եկել՝ բորենիների իշխանությանը փըշտ արեց։ Այսօր ողջ հայ մտավորականությունը, Սփյուռքը եւ հայ բոլոր գործարարները պատրաստ են մեր երկրին ծառայելու, բայց ինչպե՞ս… Գիտենք՝ այն, ինչն այսօր կառավարության ծրագիր է համարվում ու հաջող իրականացվում է, շատ տեղին ու օրախնդիր է, բայց դա հիմնականում մեր ԱԱԾ-ի ծրագիր-անելիքն է։ Գիտենք՝ Հուլիոս Կեսարից մինչեւ Դավիթ Հարությունյան ինչքան իրավա - բան ու գետ կա, եթե Քոչարյանի կատվի ամանները լիզելով մլավեն, միեւնույն է՝ նա պետական հանցագործ է եւ պետք է իր արժանի պատիժն ստանա ու ծածկվի ժողովրդի թուքումրի դափնիներով։ Աշոտյանի ու Շարմազանովի նկարներով զուգարանի թղթի փաթեթն էլ կսպառվի։ Հիմա ինչի ձեռք տաս, խոսափող, տեսախցիկ ու հեռուստացույց է։ Խեղճ Քոչարյանին ո՞նց զրկեցինք ժողովրդին երկու բառ ասելու իրավունքից ու հնարավորությունից։ Թողեք գնա մարտիմեկցիների նման նստացույց անի, Սերժն էլ, մեր պետական ավանդույթի համաձայն, կգյուլլի՝ կպրծնենք։



Տողերիս հեղինակը քսան տարի առաջ բանտախցում չէր մտածում, թե քոչարյանական արդարադատությունն իրեն քանի տարի է մեխելու։ Նրա սրտխփոցն ասում էր՝ յո՞ երթաս, Հայաստան։ Այսօր էլ նա, Հանրապետության հրապարակում «Հայեր ջան, դուխով» պարելով, նույն հարցն է տալիս՝ յո՞ երթաս, Հայաստան։ Հիմա մեր հյուծված ու թմբիրի մեջ գտնվող տնտեսության վերակենդանացման հարցերում հապաղելը վաղը կնշանակի՝ քամին ծափ տա, դու պարի։ Մեր երկրի լեռնային ընդերքը սիրով տալիս ենք ուրիշներին՝ թափոններն էլ մեզ քյար են մնում, բա մեր ժողովրդի գիտական ընդերքն օգտագործելու համար մատը մատին չտա՞նք, թե՞ մտածում եք, որ դրանից մեզ քյար չի մնալու։ Սովետի օրոք Մոսկվայից Հայաստան հոսող գումարների 70 տոկոսը մեր գիտական կազմակերպություններն էին բերում, եւ այդ գումարները միշտ ավելի շատ են եղել, քան հանրապետական բյուջեն։ Գիտությունն այն ժամանակ էլ ճնշող դասակարգ չի եղել։ Մեր նախկին երեք քաղաքական բլնգյազները Հայաստանում գիտությունը որպես դասակարգ վերացրին, իսկ տգիտությունն ընտրեցին որպես ուղիղ ճանապարհ։ Հիմա արտերկրից դեպի Հայաստան ինչքա՞ն լիֆչիկ ու գարշոկ պետք է ներկրվեն, որ միջից մի քիչ խելք ջոկենք։ «Թումո» ենք սարքել, որ խե՞լք միայն արտահանենք։ Մեր Գիտությունների ակադեմիան քանի դեռ գտնվում է քյավթառ սուտասանների ձեռքին, նույնպես բան չի տա։ Կառավարություն ջան, նպատակաբանիր գործողություններդ ու բովանդակիր քո իշխանավարման ժամանակն ազգանպաստ ծրագրերով, այլապես գողամիտ վնասատուներից հետո դու մեր երկրի համար միամիտ վնասատու ես դառնալու։ Արդարությունը՝ արդարություն, բայց ինչի՞ վրա տարածել այն։ Քոչոն ու Սերժն Ամերիկային չեն թալանել, նրանք մեզ են թալանել։ Նրանց թալանածից ինչքան էլ ետ բերենք՝ Հայաստան չի պահի, եթե քայլ չանենք դեպի տնտեսական զարգացում։ Քրիստոսը, եթե հացի բաղարջը ձեռքին չունենար, ի՞նչ էր բաժանելու, որ բոլորը բավարարվեին։



Արցախյան հարցը թթվեց։ Հերոսը նա է, ում զարկից բարեկամներ են ծնվում, ոչ թե տուշոնկաներ թափվում։ Խոսիր բարեկամիդ հետ հաճախ, իսկ թշնամուդ հետ՝ միշտ։ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծելու հարցերը երկար ժամանակով հորած պահելը կոնյակի էֆեկտ չի տա։ Լավ թե վատ՝ էս է։ Մի բան պետք է անել։ Բավական է մկան ծակերով դուրսուներս անենք եւ Եվրոպա ու Պուտին խաղացնենք։ Հայությունը կարող է համախմբվել այդ հարցերը քննարկելու եւ լուծելու համար, եթե իշխանությունը մի օր նման բան ձեռնարկի։



Այսօրվա ամենալուրջ մարտահրավերներից մեկն այն է, որ մարտի հրավիրողը ձեռնոց չի նետում, այլ կեղտ է շպրտում մեր վրա, իսկ մենք նման ձեւով պատասխան տալով՝ նրան ենք նմանվում։ Մեր քաղաքական բարձունքն արդեն պետք է գործերով ընդգծվի ու դրանց համար անհաս դառնա։ Ավելի դժվար է կերկոխ եղածին կերակրել, քան սոված մարդուն։ Մեր երկրում այլախոհությունն ու քաղաքական գաղափարների հակադրամիասնությունը բացակայում են։ Ինչ-ինչ՝ քաղաքական կյանքին թեթեւ նայել պետք չէ։ Պետք է հասկանալ՝ մեր պետական արժեհամակարգի, եթե այդպիսին եղել է, կահկարասիքն ինչպես դասավորել, որպեսզի նրա նոր կոնֆիգուրացիան հարիր լինի ստեղծված իրավիճակին։ Այնտեղ կան մեռելներ, որոնց պետք է նորից սպանել ու այնքան խորը թաղել, որ բնությունն էլ չտուժի։ Քննադատությունն արդեն էժան փեշակի է նմանվում, երբ այն իր թիրախը չի փոխում։ Ինչպես մեր չինացին կասեր՝ լավ է մի մոմ վառել, քան խավարն անվերջ անիծել։



**Վահան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ**



_«Գրավիտոն» գիտական կենտրոն_