ՀՀԿ-ի ռեբրենդինգի ծրագիրը պատրաստ է, այն կմնա թղթի վրա՞, թե՞ կիրագործվի

ՀՀԿ-ի ռեբրենդինգի ծրագիրը պատրաստ է, այն կմնա թղթի վրա՞, թե՞ կիրագործվի
Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 17-ի հանրահավաքից հետո ՀՀԿ-ն կրկին հարություն է առել հետհեղափոխական մոխիրներից։ Տեղեկություններ կան, որ հատկապես վերջին երկու շաբաթներին ՀՀԿ գրասենյակում բավականին ակտիվ մթնոլորտ է տիրում։ Սերժ Սարգսյանը գրեթե ամեն օր այցելում է կենտրոնական գրասենյակ, կուսակցական ակտիվի հետ ժամերով քննարկումներ ունենում եւ երիտհանրապետականներին վստահեցնում, որ ամեն ինչ լավ է լինելու։ Սարգսյանը չի բացահայտում ապագայի պլանները՝ թողնելով դա արձակուրդներից հետո հրավիրվելիք ՀՀԿ խորհրդի նիստում։ Ակնհայտ է, սակայն, որ անցած մի քանի ամիսներին պասիվացած ՀՀԿ-ում վերադարձել է նախկին խրոխտությունը, որն ակնհայտ դարձավ վարչապետի՝ կառավարության 100 օրվա առիթով կազմակերպված հանրահավաքին կոնսոլիդացված հակահարվածի ժամանակ։ Հայտարարություններով հանդես եկան ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ու արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, ֆեյսբուքյան գրառումներ կատարեցին ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Փաշինյանին քննադատեցին անգամ պաշտոնյաներ, որոնք այս կամ այն կերպ փոխկապակցված են նախորդ իշխանությունների հետ, օրինակ՝ մարդու իրավունքների պաշտպանն ու Փաստաբանների պալատի նախագահը։



Նրանցից յուրաքանչյուրը ոլորտ առ ոլորտ քննադատեց ներկա իշխանությունների գործունեությունը։ Մասնավորապես, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աշոտյանը, անդրադառնալով ղարաբաղյան խնդրին Փաշինյանի մոտեցմանը, նկատեց, որ վարչապետը հետեւողականորեն հետ է կանգնում Ստեփանակերտում մայիսի 9-ին հնչեցրած կոշտ ձեւակերպումներից՝ բանակցային ձեւաչափի փոփոխության հետ կապված, եւ գործընթացը վերադարձնում է նախկինում եղած հունին՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու պատրաստակամություն, կարգավորման սցենարի քննարկումից առաջ վստահության մթնոլորտի վերականգնման եւ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղ եւ լիարժեք կատարման (Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, Ժնեւ) անհրաժեշտություն: Փաշինյանի ելույթն ԱԺ փոխխոսնակ Շարմազանովին ստիպել էր պատմական ակնարկ անել։ «Ինչպես ֆրանսիական բուրբոնների մասին էին ասում՝ Փաշինյանն այս 100 օրերի ընթացքում ոչինչ չի մոռացել, բայց ոչինչ էլ չի սովորել: Շանտաժը եւ պոպուլիզմը շարունակում են մնալ նրա հիմնական գործիքները»։ Նա նկատել է, որ Փաշինյանը, ամեն երկրորդ խոսքի ժամանակ վկայակոչելով բազմության աջակցությունը, սպառնաց բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն այլ կարծիք ունենալ՝ հռչակելով իր եւ հավաքվածների տեսակետը որպես միակ եւ բացարձակ ճշմարտություն:



ՀՀ վարչապետը սպառնաց դատավորներին, ընդդիմախոսներին, կոպտորեն խախտեց անմեղության կանխավարկածը, զրոյացրեց պետական ինստիտուտները եւ փողոցը հռչակեց որոշում կայացնող միակ մարմին, ինչպես միջնադարյան նովգորոդյան վեչեն էր: Դավիթ Հարությունյանն էլ անդրադարձավ ՀՔԾ պետի հայտարարություններին, իսկ Արփինե Հովհաննիսյանն արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդական բոլոր ինստիտուտները նահանջ են ապրել։ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում բարձրաձայնվում է այն միտքը, որ կառավարության որոշումները պետք է բացառապես ընդունվեն միաձայնությամբ՝ առանց որեւէ դեմ ձայնի (այս կապակցությամբ ընդդիմադիր Ն. Փաշինյանը ծաղրում էր նախկին կառավարություններին)։ «Երկրի վարչապետն անում է ոչ հասցեական հայտարարություն՝ թիրախավորելով զանգվածային լրատվության միջոցների «հակապետական» գործունեությունը․ նոր կառավարության հասցեին նույնիսկ փոքր-ինչ քննադատություն հնչեցնող լրատվամիջոցի կամ լրագրողների հասցեին միանգամից տարածվում են լրատվամիջոցը «մերժելու» կոչեր, իսկ լրագրողներն էլ արժանանում են անձնական վիրավորանքների»։



ՀՀԿ-ն չխնայեց անգամ ծանր հրետանին, նախօրեին հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, որը կենտրոնացել էր հատկապես Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթի վրա։ «Երկրի հասարակական-քաղաքական բնականոն կյանքը, պետական իշխանության մարմինների սահմանադրաիրավական հարաբերությունները եւ հանրային համերաշխությունը վտանգված են։ Հասարակությունն իրարամերժ խմբերի՝ հեղափոխության եւ հակահեղափոխության կողմնակիցների բաժանելու եւ անհանդուրժողականությունը խորացնելու վտանգավոր միտումներ եմ տեսնում»,- հայտարարել է Բաբլոյանը։ Նա կարծում է, որ վարչապետ Փաշինյանի՝ հանրահավաքում հնչեցրած խոսքում միաժամանակ առկա էին ՀՀ սահմանադրական կարգի, պետականության հիմքերի համար խիստ վտանգավոր ուղերձներ, որոնք ուղղակի հակասում են իրավական եւ ժողովրդավարական պետություն կառուցելուն ուղղված՝ ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններին։ Սակայն, ի տարբերություն մյուս գործընկերների, Բաբլոյանը չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել եւ գործի է անցնելու։



«Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալը՝ նախատեսում եմ հանդիպումներ հանրապետության նախագահի, հանրապետության վարչապետի, մարդու իրավունքների պաշտպանի, Բարձրագույն դատական խորհրդի եւ միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը: Հավատարիմ մնալով իր սահմանադրական առաքելությանը` հավաստում եմ, որ Ազգային ժողովը շարունակելու է իրականացնել օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները»,- եզրափակում իր խոսքը խորհրդարանի նախագահը։ Տեղեկություններ կան, որ նախկին իշխանավորների ամառային ակտիվացումը պայմանավորված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համանման պահվածքով, եւ Սերժ Սարգսյան-Քոչարյան դուետը նորից գործի է անցել՝ զարկ տալով հակահեղափոխությանը, սակայն ՀՀԿ-ական շրջանակներից վստահեցնում են, որ դա այդպես չէ, իրականում արդեն պատրաստ է կուսակցության ռեբրենդինգի ծրագիրը, որը նախաձեռնել էին Դավիթ Հարությունյանը, Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանը, ինչպես նաեւ Արմեն Աշոտյանը, եւ առաջիկայում այդ ծրագրի իրագործման ժամանակ ՀՀԿ-ն առավել ակտիվ է լինելու եւ փաստարկված հակահարված է տալու իշխանությունների ցանկացած քայլին։ Ծրագիրը դեռեւս հույժ գաղտնի է պահվում, այն չի ուղարկվել շարքային կուսակցականներին։



Մեզ ասացին, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է անձամբ այդ մասին խոսել ՀՀԿ խորհրդի առաջիկա նիստերից մեկում։ Ըստ պլանի, ՀՀԿ-ի կազմը թարմացվելու է, հարթակ են բերվելու առավել երիտասարդ կուսակցականներ, չվարկաբեկված, չքննադատված, որոնք փաստարկված քննադատության են ենթարկելու նոր իշխանությունների գործունեությունը։ Սակայն չի բացառվում, որ Քոչարյան-Սարգսյան նոր համագործակցությունը խառնի բոլոր պլանները, եւ այդ ծրագիրը գրվի սառույցին, բերվի նորը։ Երեկ ռեբրենդինգի ծրագրի մասին եւ առհասարակ խոսել չցանկացավ Վիգեն Սարգսյանը։ Նա բառացիորեն փոխանցեց, որ իր հետ «ուղիղ կապով» խոսել հնարավոր չէ, եւ ուղղորդեց կուսակցության գրասենյակ զանգահարել։ Այստեղ էլ ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը չցանկացավ մեկնաբանություն տալ՝ խորհուրդ տալով այդ մասին հարցնել ծրագրի հեղինակներին։ Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանն անհասանելի մնացին։ Մի բան ակնհայտ է, որ ՀՀԿ-ում ներկա պահին «հավսար-զգաստ» վիճակ է, եւ մարաթոնին մասնակցում են նրանք, ում այդպիսի հրահանգ է իջեցվում, իսկ մյուսներն արձակուրդային սեզոնն են վայելում։ ԱԺ սոցիալական եւ առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նույնիսկ չցանկացավ գնահատել կառավարության 100 օրը, հավանաբար՝ նման հրահանգ չէր ստացել։ Եվ անվրդով տեղեկացրեց, որ արձակուրդն է վայելում։ Դիտարկմանը, որ կուսակից ընկերներն ակտիվ են, իրեն մի՞թե չի հետաքրքրում նոր կառավարության գործունեությունը, պատգամավորը պատասխանեց․ «Ինձ իմ արձակուրդն է հետաքրքրում, կվերադառնամ, կխոսենք»։



Արձակուրդ էր վայելում նաեւ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը, շատերն անգամ հեռախոսներին չպատասխանեցին, իսկ Ռաֆիկ Գրիգորյանը հարցը լսելուն պես ասաց, թե «պանիխիդայում» է։ Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ ակտիվ կուսակցական գործընթացներ այժմ չկան, գոնե իր համար․ «Ինձ որեւէ մեկը ո՛չ կանչել է, ո՛չ էլ ես եմ գնացել գրասենյակ, ես չգիտեմ ում համար է այդ ակտիվությունը»։ Նա չցանկացավ գնահատել կառավարության 100 օրը․ «Գնահատողները գնահատում են, ընդունում եք՝ ընդունեք, չէ՝ Աստված իրենց հետ»։



Համաձա՞յն եք այդ գնահատականների հետ։ «Որոշ մասերի հետ՝ իհարկե»։ Ալիկ Սերգեյիչը համաձայն է Բաբլոյանի հնչեցրած գնահատականներին եւ կարծում է, որ անթույլատրելի է սպառնալ երկրի թիվ մեկ՝ օրենսդիր մարմնին, սակայն առայժմ կլռի․ «Ես սեպտեմբերին կներկայացնեմ իմ գնահատականները»։ Ինչո՞ւ, որովհետեւ կուսակցությունո՞ւմ են որոշել՝ ով խոսի, ով լռի։ «Ինձ ոչ մեկ ոչինչ չի զգուշացրել, ու ես էլ չեմ պատրաստվում ինչ-որ մեկի պատվերով գնահատական տալ։ Ես իմ կարծիքը կհայտնեմ սեպտեմբերի վերջ»,- հակադարձեց պատգամավորը։ Ի դեպ, պատգամավորների արձակուրդային սեզոնին հաշված օրեր են մնացել, օգոստոսի 24-ին նրանք փաստացի պետք է ներկայանան աշխատանքի, սակայն ԱԺ աշնանային նստաշրջանը կմեկնարկեն սեպտեմբերի երկրորդ շաբաթվանից։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**