«Հրապարակ». Եվս մի անգամ կնշեն 100-ամյակը

«Հրապարակ». Եվս մի անգամ կնշեն 100-ամյակը
Ազգային ժողովը սեպտեմբերի 20-ին կտոնի Հայաստանի առաջին պառլամենտի 100-ամյակը։ Նշենք, որ «Գերագույն խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամները դիմել էին ԱԺ ղեկավարությանը՝ 100-ամյակը նշել օգոստոսի 1-ին՝ պառլամենտի առաջին նիստի օրը, բայց ԱԺ-ն մերժել էր, քանի որ արձակուրդային սեզոն էր։ Այնուամենայնիվ, տրանսպորտ տրամադրեց, որ փոքր կազմով մեկնեն Ստեփանավան՝ նշելու։ Հետաձգման պատճառը նաեւ ԱԺ-ում մեկնարկած լայնածավալ վերանորոգման աշխատանքներն են։ Դրա արդյունքում խորհրդարանում կբացվի նաեւ ԱԺ թանգարան։



Սեպտեմբերի 20-ին միաժամանակ տեղի կունենա ե՛ւ թանգարանի բացումը, ե՛ւ 100-ամյակի տոնակատարությունը։ 500-550 հյուր է լինելու, որից 40-ը՝ արտերկրից։ Հյուրերի եւ ելույթ ունեցողների թվում կլինեն ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, կաթողիկոսը։ Ներկա կլինի եւ իր խոսքը կասի նաեւ Հայաստանի առաջին խորհրդարանի նախագահ Ավետիք Սահակյանի թոռը՝ Ավետիք Սահակյանը։ Նախատեսված է առաջին խորհրդարանին նվիրված ֆիլմի դիտում, որը պատրաստում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը։