Քայլ առ քայլ

Քայլ առ քայլ
Վարչապետի՝ հանրահավաքի ելույթից մի քանի դրույթ հատկապես շատ քննարկվեց։ Դրանցից թերեւս ամենակարեւորն անցումային արդարադատության մասին դրույթն էր, որի վերաբերյալ նախօրեին հայտարարել էր ՀԱԿ-ը՝ բերելով դրա կիրառման օրինակներ։ Եվ այս օրերին իրավաբանական ու քաղաքացիական հանրույթը զբաղված է այդ օրինակների ուսումնասիրությամբ, որպեսզի հասկանա, թե ինչ է սպասվում մեզ։ Ոմանք արդեն իսկ արտահայտել են իրենց կարծիքը՝ ողջունելով կամ մերժելով հնչած առաջարկը։ Թեեւ ոչ ոք դեռեւս հստակ չի պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը, քանզի նշված օրինակները շատ տարբեր են, եւ իրավիճակն էլ Հայաստանի հետ նույնական չէ։ Դատական համակարգում, բնականաբար, վատ են ընդունել այս գաղափարը։



Փաստաբանների պալատն է արդեն բացասական կարծիք արտահայտել, իրավաբան-գիտնականներն էլ ոգեւորված չեն այս առաջարկով։ Իրականում, շատ մեծ իրավաբանական ու պատմական գիտելիքներ պետք չէ ունենալ՝ հասկանալու համար, որ ինչքան էլ մեծ լինի մեր ցանկությունը, մենք չենք կարող ասել, որ գտնվում ենք մի հասարակարգից մյուսին անցումային փուլում, եւ կա անցումային մարմինների ձեւավորման անհրաժեշտություն։



Մեզանում կա դատական համակարգի կայացման անհրաժեշտություն, երբ դատարանները կազատագրվեն գործադիր իշխանության դիկտատից, ֆինանսապես անկախ կլինեն եւ գիտելիքներով բավարար զինված։ Մեզանում կա մտածողության, մթնոլորտի, ավանդույթների, պատվերի փոփոխության կարիք։ Երբ բարձր իշխանությունը ոչ միայն խոսքով, այլեւ գործով նույնպես չի միջամտի դատարանների գործունեությանը, երբ իր համար անցանկալի վճիռը չի հայտարարվի սխալ, իսկ անցանկալի վճիռ կայացրած դատավորը չի պատժվի ու հրապարակավ չի դատապարտվի, այդ ժամանակ կարելի կլինի խոսել դատական համակարգի կայացման մասին։