Նախարարը քաղաքապետին չի վստահո՞ւմ, վստահում է մարզպետի՞ն․ լուսանկարներ

Նախարարը քաղաքապետին չի վստահո՞ւմ, վստահում է մարզպետի՞ն․ լուսանկարներ
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում վերանորոգվում են Գյումրու փողոցները: Ներկայումս Գյումրին հիշեցնում է 90-ականները, երբ փողոցները քարուքանդ էին ու ավերված: Միաժամանակ շինարարական աշխատանքներ են ընթանում մի քանի փողոցներում, բնակիչները դժգոհում են՝ քաղաքը փոշին ծածկել է, իսկ աշխատանքների ավարտը չի երևում: Մի քանի օր է անհասկանալի պատճառներով շինարարական աշխատանքները դադարեցված էին:



Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը **hraparak.am**-ի հետ զրույցում նշեց, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ճանապարհների վերանորոգումն ավարտին պետք է հասցվի: «Մեր քաղաքն այս պահին եռում է, շինարարարական աշխատանքներ են կատարվում, այս պահին կենտրոնական փողոցները քանդված են, ասֆալտապատում է արվում, հսկայական գործ է սպասվում քաղաքում: Քաղաքապետարանի հետ մենք քննարկումների մեջ ենք, հանձնաժողովներ ենք ստեղծել, կատարվելիք աշխատանքը ուսումնասիրում ենք՝ որակի առումով, որպեսզի այն պահպանվի, քանի որ մենք չենք պատրաստվում ամեն տարի նույն գործը անել: Չգիտեմ՝ նախկին իշխանությունների օրոք կարող է հատուկ է արվել, որ ամեն տարի արվի, մենք չենք պատրաստվում այդպես աշխատել: Հսկելու ենք այդ աշխատանքները, որ որակյալ լինեն: Ես այդ փոսալցումները նայում, ուղարկում եմ մեր համապատասխան բաժնին, որ ստուգեն, ստանդարտները պահվեն, այնպես չլինի 2 ամիս հետո խնդիր առաջանա: Մեր բնակլիմայական պայմանները դուք արդեն գիտեք, մի ձմեռ անցավ, միանգամից կքայքայվի, եթե անորակ եղավ»,-մեզ հետ զրույցում ասաց մարզպետը՝ նշելով, որ որոշ տեղերում շինարարական աշխատանքները դադարեցվել են՝ տեխնիկական խնդիրների պատճառով:



Ի դեպ, նախորդ տարի վերանորոգված Ռուսթավելի փողոցի սալիկներն արդեն ճաք են տվել: Ուշագրավ է, որ Գյումրիում իրականացվող փողոցաշինական աշխատանքների մասով օրերս հրավիրած խորհրդակցությանը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը տեղեկացրել է, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության որոշմամբ փոխվել է փողոցաշինության աշխատանքների վերահսկողության խմբի ղեկավարը, այսուհետ այն կղեկավարի Շիրակի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը: «Սա արվել է նրա համար, որ աշխատանքները լինեն ավելի թափանցիկ, ու նվազեցվեն ռիսկերը»,-նշել է քաղաքապետը:



Նշենք, որ նախկինում մարզպետարանի որևէ աշխատակից խմբում ընդգրկված չէր: Նախարարության որոշմամբ խմբի անդամները վերափոխվել են, խմբում ընդգրկված են ինչպես ավագանու անդամներ, քաղաքապետարանի, այնպես էլ մարզպետարանի ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում Գյումրիում հիմնովին վերանորոգվելու եւ լուսավորվելու են 10 փողոց: Սա այն ծրագիրն էր, որը Հանրապետության երկրորդ քաղաքին իշխանությունը խոստացել էր 2016թ-ի սահմանադրական բարեփոխումների նախաշեմին. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը 23,8մլն եվրո դրամաշնորհ հատկացրեց քաղաքի փողոցներն ու լուսավորությունը բարեկարգելու համար:



**Արևիկ Հակոբյան**