Ցուցմունքը գրել է, ապա մաքրագրել, որ քննիչները հեշտ կարդան

Ցուցմունքը գրել է, ապա մաքրագրել, որ քննիչները հեշտ կարդան
Քրեական տարբեր գործերի նախաքննության շրջանակներում մարդկանց հրավիրում են ԱԱԾ, ՀՔԾ, Քննչական կոմիտե՝ հարցաքննում են, բացատրություններ վերցնում։ Օրեր առաջ քրեական գործ հարուցվեց եւ մեղադրանք առաջադրվեց Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչոյի՝ Վաչագան Ղազարյանի եւ նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի նկատմամբ։



Տիկնոջ նկատմամբ օգոստոսի 3-ին հարուցվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 314.3 հոդվածի 2-րդ մասով եւ 310․1 հոդվածի 1-ին մասով՝ «հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու եւ ապօրինի հարստացման համար»։



Հիշեցնենք, որ Ղազարյանների ընտանիքին պատկանող «Յանս» ռեստորանում և դրա փաստացի սեփականատիրոջ՝ Ռ․ Բեգլարյանի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել էր 1 մլն 100 հազար 400 դոլար, 230.500 եվրո, 36 մլն դրամ։ Մեզ որոշ մանրամասներ պատմեցին այս գործից եւ քննությունից։ Բնականաբար, «Յանսի» իրական սեփականատերը եղել է Սերժի Վաչոն, այլ ոչ թե նրա կինը, ով մասնագիտությամբ մանկավարժ է եւ երբեք բիզնեսով չի զբաղվել։ Նրա մասին ասում են՝ համեստ, տան կին է։ Երբ նրան հրավիրել են հարցաքննության, իսկական ողբերգություն է եղել իր համար։ Մոտ 4 ժամ տեւած հարցաքննության ժամանակ նրան ստիպել են գրի իմացածն ու չիմացածը։ Տվել են հարցեր, որոնցից ինքը տեղեկություն չի ունեցել։ Ասենք՝ համառորեն հարցրել են, թե ովքեր են այցելել «Յանս», ինչ պաշտոնական պատվիրակություններ են եղել, այդ պատվիրակությունների այցից առաջ արդյո՞ք նախագահականից զանգահարել են, նախապես տեղ պատվիրել, վճարումն ինչպես է կատարվել, ում կողմից եւ այլն։ Տիկինը շատ բան չի իմացել եւ նշել է, որ այդ ամենը կարելի է ռեստորանից տեղեկանալ, մասնավորապես՝ հաշվապահությունից, ինքը չի հիշում, չգիտի։



Հարցաքննությունը ոչ միայն երկարել է, հավանաբար նաեւ քննիչների տոնն է տհաճ եղել, չնայած փաստաբանի ներկայությամբ է ընթացել եւ ինչ որ պահի տիկնոջ նյարդերը չեն դիմացել՝ նա լաց է եղել, ինչից հետո վերաբերմունքը մեղմվել է։ Ուշագրավ է, որ բացատրությունն իր ձեռքով գրելուց հետո տիկին Բեգլարյանը խնդրել է թույլ տան, որ մաքրագրի իր գրածը, որ ջնջումներով չլինի տեքստը, ինչը զվարճացրել է շատ բան տեսած քննիչներին։