Հայրենադարձության ծավալների վերաբերյալ թվեր չկան, փոխարենը անշարժ գույքն է թանկացել

Հայրենադարձության ծավալների վերաբերյալ թվեր չկան, փոխարենը անշարժ գույքն է թանկացել
Օգոստոսի 17-ի իր հանրահավաքի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում հեղափոխությունից հետո անշարժ գույքի գները 20 տոկոսով աճել են, և, ըստ վարչապետի, դա նշանակում է, որ մեծացել են նաև հայրենադարձության ծավալները։



Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին հարցրինք, թե բացի անշարժ գույքի գներից, որոնք սեզոնային բնույթ են կրում և ամեն տարի այս ամիսներին բարձրանում են, քանի որ մեծանում է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը, կա՞ն ուրիշ վիճակագրություններ կամ թվեր, որոնք հստակ պատկերացում կարող են տալ, թե հայրենադարձության ծավալների ինչպիսի՞ աճի մասին է խոսքը։ Սակայն թվեր չկային, կային միայն նախարարի տպավորությունները, իսկ հետազոտություններ անելու և պատկերացում կազմելու գաղափարը ծնվեց տեղում․



«Նույն վարչապետը նաև հրապարակեց Հայաստան ժամանողների և Հայաստանից հեռացողների թվի տարբերությունը, որը շուրջ 26 հազար էր կազմում։ Իհարկե, պնդել, որ 26 հազարն էլ հայրենադարձեր են, չի կարելի։ Այս պահի նման տվյալ չկա, թե ովքեր են քաղաքացիության համար դիմել կամ տուն գնել, բայց որպեսզի ես Ձեզ ներկայացնեմ չափսերը, ԱՄՆ-ում ավելի քան 100 ընտանիք ինձ իսկապես ներկայացրին, որ տները վաճառքի են հանել, Դոհայից Երևան եկեղ ինքնաթիռում շուրջ 15 ընտանիք հայրենադարձներ էին։ Նկատի ունեմ, որ մարդիկ մոտեցան ինձ հայտնեցին, իրերը ցույց տվեցին, որ գալիս են Հայաստան՝ ապրելու։ Այս պահին տվյալներ, որպես այդպիսին չկան, բայց կարծում եմ, որ առաջիկայում կարելի է անել որոշակի հետազոտություններ կամ հարցումներ՝ որոշակի պատկերացում կազմելու համար, սակայն, անշուշտ, տեմպերը կան։ Այս պահին 100 հազարներով շատ մարդիկ կան, որ ունեն ցանկություն, բայց որոշակի խնդիրներ լուծելուց հետո միայն մենք կարող ենք ակնկալել, որ նրանք վերադառնալու են»,- ասաց նախարարը։



Մանրամասն՝ տեսանյութում