Ոստիկանները սահմանում կմնան 14 օր, կստանան հավելավճար (տեսանյութ)

Ոստիկանները սահմանում կմնան 14 օր, կստանան հավելավճար (տեսանյութ)
Մենք գրել էինք, որ ոստիկանության զորքերը մեկնելու են սահման՝ ծառայելու։ Դրանից հետո ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ առաջին հերթափոխը օգոստոսի 23-ին պատրաստվում է մեկնել Տավուշի մարզ` մարտական դիրքերը պաշտպանելու:



**«Հրապարակ»**-ը ոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ էր պայմանավորված նման որոշումը, բանակը համալրման կարի՞ք ուներ, նա պատասխանեց․ «Ինձ թվում է, որ ցանկացած հայ թե իր ներկայությամբ, թե ֆինանսապետ աջակցություն կունենա ՀՀ Զինված ուժերին, ես կհամարեմ, որ ինքը իրականացնում է առաքելություն։ Իմ կարծիքն է, որ ՀՀ ԶՈՒ-ն համարում եմ տարածաշրջանում լավագույն Զինված ուժերից մեկը եւ ոչ միայն տարածաշրջանում։ Վստահում եմ լիարժեք ԶՈՒ-ին, վստահում եմ լիարժեք հայ զինվորին, որը պաշտպանում է մեզ՝ բոլորիս, ուղղակի ստացանք վարչապետից համապատասխան հանձնարարական՝ ուսումնասիրել, քանի որ ներկայիս իրավիճակներում ոստիկանության զորքերի գործառույթների կարիքը չկա Երեւանում, Հանրապետությունում, եւ ուսումնասիրելուց հետո առաջարկությունը ես ներկայացրի ոստիկանության զորքերի ողջ անձնակազմին եւ վստահեցնում եմ, որ ընդունվեց միաձայն։ Անգամ կանայք, աղջիկներ, որոնք ծառայում են ոստիկանության զորքերում, ինձ մեղադրեցին, որ ես կողմնապահություն եմ անում։ Լինելու է այդ ճանապարհելու հանդեսը, դա տոն եմ համարում»։



Հարցին՝ հավելավճար տրվելո՞ւ է դիրքապահ ոստիկաններին եւ քանի՞ օրով են գնում սահման, Օսիպյանը նշեց․ «Հերթափոխը իրականացվելու է շուրջ երկու շաբաթ։ Ստանալու են այնքան հավելավճար, որքան ներկայիս դիրքապահը ստանում է։



**Աննա Պապիկյան**