Ի՞նչ կասի Մերկելը

Ի՞նչ կասի Մերկելը
Առաջիկա օրերին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Վրաստան, Հայաստան եւ Ադրբեջան: Գերմանիան Եվրամիության առաջատար երկրներից մեկն է, եւ Մերկելի հարավկովկասյան ուղեւորությունը կարող է ԵՄ-Հարավային Կովկասի երկրներ հարաբերությունների ապագայի համար նշանակալի լինել: Այդուհանդերձ, Գերմանիայի կանցլերի առաքելության հետ կապված արդեն իսկ դիվանագիտական սկանդալ է արձանագրել: Ինչպես հայտնի է դարձել Bild պարբերականին, Ադրբեջանը Մերկելի պատվիրակության անդամներից մեկին՝ կանցլերի կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր եւ Հարավային Կովկասի երկրների հետ խորհրդարանական կապերի խմբի նախագահի տեղակալ Ալբերտ Վայլերին մերժել է մուտքի արտոնագիր տրամադրել:



«Նման որոշում ընդունվել է ամենաբարձր մակարդակով, եւ Գերմանիայում Ադրբեջանի դեսպանի հետ այդ հարցով բանակցություններն ավարտվել են անարդյունք»,- պարբերականին հայտնել է դիվանագիտական աղբյուրը: Հարցի առնչությամբ հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը: Նրա ներկայացմամբ՝ գերմանացի պատգամավորի նկատմամբ նման որոշում է ընդունվել այն բանի համար, որ «նա ապօրինի այցելել է ադրբեջանական օկուպացված տարածքներ»:



Հաջիեւը պարզաբանել է, որ դա արվել է օրենքով, «Ադրբեջանը պատրաստ է ցուցաբերել կառուցողականություն, եթե տվյալ պատգամավորը հանդես գա մեր երկրի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը հարգելու մասին հայտարարությամբ եւ ներողություն խնդրի»: Ինչպես հասկացվում է, Ադրբեջանն սպասում է գերմանական կողմի արձագանքին: Փաստացի Ալբերտ Վայլերի դեմ որոշումն ընդունվել է այն հույսով, որ Գերմանիայի կանցլերը կխուսափի այցի հետ կապված դիվանագիտական սկանդալից եւ իր կուսակից պատգամավորին կհորդորի համապատասխան հայտարարություն անել: Դա հնարավորություն կտար, որպեսզի ադրբեջանական կողմը քարոզչություն ծավալեր, որ Գերմանիան Լեռնային Ղարաբաղի հարցում «լիովին աջակցում է Ադրբեջանին, ճանաչում եւ հարգում է նրա ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը»: Մերկելի հարավկովկասյան ուղեւորությանը շատ քիչ ժամանակ է մնացել: Ի՞նչ կասի Գերմանիայի կանցլերը՝ պարզ կդառնա առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում: