Իրական վարդապետությունն ու մերօրյա քաոսը

Իրական վարդապետությունն ու մերօրյա քաոսը
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ հանդիպում- դասախոսություն Մխիթարյան միաբանության անդամ, Փարիզի Սամուել Մուրադյանի վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հայր Հարություն վարդապետ Պզտիկեանի հետ: Մերօրյա հոգևոր աշխարհում տիրող քաոսի ժամանակաշրջանում «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը կապ է հաստատում Մխիթարյան միաբանության անդամ, հայ ազգին անխոնջ ծառայելու ուխտ արած վարդապետի հետ և հրավիրում նրան ՆԱՄ ուշագրավ թեմայով դասախոսություն կարդալու հայ հանդիսատեսի համար:



Վարդապետի արձագանքը եղավ արագ և նա ժամանեց հայրենիք: Միջոցառումը կրում էր «Իրական վարդապետությունն ու մերօրյա քաոսը» խորագիրը, որի ընթացքում վարդապետը ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում իրական վարդապետությունը, որն է դրա առաքելությունը, ինչով է առանձնանում հայ եկեղեցու վարդապետությունը, և համեմատեց իրական վարդապետներին մերօրյա վարդապետների հետ: Վարդապետության փոխանցումը տեղի է ունենում եկեղեցու հայրերի և վարդապետների միջոցով: Ճշմարիտ վարդապետությունը հաստատվում և վավերացվում է եկեղեցու փորձառությամբ: Եկեղեցին Աստծուց տրվող հայտնութենական ճշմարտությունների կենդանի կրողն է և այդ ճշմարտությունները վարդապետական ուղիներով փոխանցողը:



-Եթե մենք ունենանք օրինակելի եկեղեցականներ, կունենանք նաև վանքեր, ինչպես է, որ տարբեր դարաշրջաններից մնացել են եկեղեցու ավերակներ, սակայն պալատների ավերակներ չկան, հայ հավատացյալ ժողովուրդը պալատների քարերով անգամ ասպատակների կողմից ավերված եկեղեցիներն են նորոգել, ժողովուրդն ավելի հոգևոր կյանքով է ապրել քան իշխանական:



Վարդապետը հիշեց դեռևս 1970 թվականի սկզբին, երբ Վազգեն առաջինը Մխիթարյան միաբանություն հրավեր էր ուղարկել, ինքը ժամանեց Էջմիածին և հանդես եկավ դասախոսություններով:



-Վարդապետը հին հոգի ունի…Նա այն մարդկանցից է, ով անընդհատ ստեղծագործում է: Նա ունի բազմաթիվ իմաստուն և հետաքրքիր պատմություններ, որոնք հոգևոր խորհուրդ են կրում: Շնորհակալ ենք այս հանդիպման համար և լիահույս ենք, որ ամեն անգամ, Հայաստան գալով, այսպիսի հանդիպում կունենաք,- այս նախաբանով ողջունեց իր հյուրին «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:



Նա մուսալեռցի է, նրա մեծ հայրը Հայոց ցեղասպանության ընթացքում պատմական Կիլիկյան Հայաստանի ծայրամասում՝ Միջերկրական ծովի ափին գտնվող Մուսա լեռան հերոսամարտի ընթացքում թուրքական կանոնավոր և անկանոն ուժերի դեմ պայքարելով՝ հերոսաբար նահատակվում է հենց լեռան վրա: Իսկ նրա մայրը երազում էր ծերանալ թոռնիկներով շրջապատված, սակայն տարագիր հայի ճակատագիրը բաժին հասավ նաև Պզտիկեանների գերդաստանին, նրանք ցաքուցրիվ եղան աշխարհով մեկ…Հարություն Պզտիկեանը ծնվել է Բեյրութում 27 հուլիսի 1937 թվականին մուսալեռցի ընտանիքում: 13 տարեկանից մեկնել է Վենետիկի Մխիթարյան մայրավանք, այնուհետ համալսարանական ուսումը շարունակել է Հռոմում: Նա աստվածաբան, փիլիսոփայության և արվեստի պատմության դոկտոր է, ինչպես նաև նկարում է, բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել Եվրոպայում՝ Հռոմում, Փարիզում, Ժնևում, Լիոնում և այլ մեծ քաղաքներում, իսկ առաջին ցուցահանդեսը եղել է Վենետիկում: Բազմաթիվ մրցանակների արժանացած արվեստագետը հանդիսանում է նաև ՀՀ նկարիչների և Գրողների միության անդամ: Նա այժմ էլ ունենում է բազմաթիվ ցուիցահանդեսներ և վաճառված բոլոր նկարներից ստացված հասույթը հատկացնում է վարժարանի նորակառույց շենքի ծախսերը հոգալու համար: Հայր Հարություն վարդապետ Պզտիկեանը հեղինակ է բազմաթիվ գրականագիտական ու պատմական աշխատությունների:



**ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ**