Ականջդ բեր՝ ասեմ

Ականջդ բեր՝ ասեմ
Աստված հրեաներից ընտրյալությունը վերցրեց եւ տվեց Արամի սերնդին, այսինքն՝ հայերին։ Աստվածաշնչյան հանրահայտ տողերից արված անուղղակի մեջբերում է սա։ Իսկ ժողովուրդն ասում է, որ հայի հետին խելքն է լավ։ Բայց, չգիտես ինչու, հայերի առաջին խելքն էր լավ, երբ Տիգրան Մեծ ունեինք։ Իսկ հրեաների մոտ հետին խելքն ավելի լավ դուրս եկավ, քան հայերիս մոտ։ Հիտլերի դեմ կռվեցին ավելի շատ հայեր, ու ավելի շատ զոհեր եղան, քան մեր հողերի համար մղված ճակատամարտերց որեւէ մեկի ընթացքում։ Ուզում եմ ասել, որ հրեաների պետականության վերականգնման գործում մենք էլ ամագ ունենք դրած։ Տիգրան Մեծի օրոք էլ հրեաների համար հայերի կողմից լավ բաներ քիչ չեն արվել։ Հրեաներն այդպես էլ հայոց ցեղասպանությունը չճանաչեցին։ Աստված ջան, այսքանն ասում եմ, որ դրանց վերջին խելքն էլ վերցնես ու մեզ տաս։ Հայկ Հովակիմյանը… ատոմային ռումբի ստեղծման տեխնոլոգիական կարեւոր գաղտնիքներն Ամերիկայից շվվացրեց՝ տվեց Ռուսաստանին։ Իսկ հայ գիտնական Հովհաննես Շերամյանը, այ մարդ, մեր Իվան Շոլկինը, ատոմային ռումբը ծամեց դրեց Ռուսաստանի բերանը։ ԽՍՀՄ-ում քվանտային քիմիայի հիմնադիր, Լենինի ու Ստալինի մի մեշոկ մեդալների մեդալակիր Հովհաննես Դավթյանն աշխարհին տվեց նաեւ էլեկտրական այնպիսի մարտկոցներ պատրաստելու տեխնոլոգիա, որի շնորհիվ ամերիկյան տիեզերանավը վայրէջք կատարեց Լուսնի վրա։ Որ թվարկեմ, թե ինչքան գիտնականներ ենք տվել աշխարհին, մեր հետին խելքը կմաղի։



ԽՍՀՄ փլուզումից հետո հայոց արգանդը եղավ ավելի բեղուն՝ «լիֆչիկի» մի ցեխ դրվեց «Պոլիվին»-ի տեղում։ Շուտով «տրուսիկի» ցեխն էլ պատրաստ կլինի։ Բայց եկեք դիտարկենք վերջին 3 տասնամյակների ընթացքում մեր պետության բոլոր ձեռքբերումները։ Դրա համար նստենք մեքենան՝ գնանք Քոչարյանի ու Սերժի կողմից «վերազինված» մեր երկու արտադրական գիգանտներ Ավտոդողերի ու «Նաիրիտ» գործարաններն իրարից բաժանող փողոցով։ Մեքենայից հանկարծ սխալմամբ չիջնեք՝ կբռնեն։ Երանի չէր՝ ոստիկանությունը բռներ։ Մի ժամանակ այս գործարանների տարածքներում, եթե գործարանի աշխատողը չի եղել, հավքն իր թեւով, օձն իր պորտով չի ընկել, բայց հիմա զոռով են ներս քաշում։ Ո՞վ։ Այդ ավերակների պատերի տակ էլ ո՞վ պետք է լինի կանգնած, իհարկե, իհարկե՜ պոռնիկները։ Ասում են, որ էնտեղ անձի աճի զարգացման թրեյնինգ են անցկացնում՝ վճարովի հիմունքներով, փողոցի վրա, ավտոյի մեջ։ Գիշերվա ժամերին էլ մեր պետականության գաղափարախոսները՝ պարոն Արմեն Աշոտյանն ու Էդուարդ Շարմազանովը, свечку держат։ Որ այդ տարածքում էլեկտրականություն չկա, խեղճերն ի՞նչ անեն։ Երեւի այս ամենը հաշվի առնելով էր Սերժն ասում, որ 2040 թվականին Հայաստանի ազգաբնակչությունը 10 անգամ կաճի։ Իմ մտքով էլ ինչքան վատ բաներ ասես՝ չանցան, մտածում էի, որ շեֆը երեւի ուռած է եղել ելույթի ժամանակ։



ՀՀ իշխանությունը գիտե՞ր, որ «Տատրագոմի հարսը» պոեմի հեղինակը նաեւ «Արարատյան մարդը» եւ «Մարդն ու իր ճամփան» գրքերի հեղինակն է, նույն ինքը՝ արեւորդի Կոստան Զարյանը, որին Խորհրդային Հայաստանը մի հավաբուն հիշեցնող հանրակացարան էր տվել, իսկ երբ գնաց Եվրոպա դեգերելու, Ֆրանսիան նրան հարյուր տարի ապրելու իրավունքով տվեց իր թագավորական առանձնատներից մեկը։ Կոստան Զարյանի գրական ժառանգության տասնյակ հատորները խմբագրվեցին ու տպագրվեցին մեր երկրում արտասահմանցի բարերար հայերի կողմից տրամադրված միջոցների հաշվին, բայց մի տուշոնկայի չափ ներդրում մեր պետբյուջեից չարվեց, կարծես թե Կոստան Զարյանը ֆրանսիացի էր եղել, ոչ թե հայ։



Իսկ Լեւոնի, Ռոբերտի ու Սերժի վարած իշխանությունը հաստատ Տատրագոմի հարսից էր ծնվել։ Դրա համար էլ մեր երկրի մտավորականների մեջ գտնված միակ տղամարդը՝ Սիլվա Կապուտիկյանը, Քոչարյանի տված մեդալը նրա երեսին շպրտեց։ Քրիստոնեությունն սկզբից ազգային պետական կրոն էր, եկեղեցին՝ պատմական ազգային եկեղեցի, հետո մեր եկեղեցին դարձրին մի շարքային կրոնական կազմակերպություն։ Այսինքն՝ մեր եկեղեցին մեր երկրում նույն տեղն ունի, ինչ Եհովայի վկաները, մորմոնները եւ այն բոլոր կրոնական կազմակերպությունները, որոնք ավելի շատ են Հայաստանում, քան տնտեսական ձեռնարկությունները։ Մեզ մեր թունավոր հանքարդյունաբերությունը քի՞չ էր։ Հա՜, լա՜վ, նոր գլխի ընկա՝ սա հրեաների վերջին խելքն է, եւ դա մենք պետք է ընդունենք որպես նոր ձեռքբերում։ Հասանք, իջեք։ Մենք՝ հայերս, հրեաներից հիմա միայն ատոմային ռումբը կվերցնեինք ու կգցեինք այդ մեր երեք թագավորների գլխին, որ վերջնականապես նալերը տնկեին։



Այն հանգամանքը, որ մեր եկեղեցին եւ մշակույթը ՀՀ իշխանությունների կողմից հայկական ազգային արժեհամակարգից դուրս են մղվել, ակնհայտ է։ Տնտեսությունը վերադասել ազգային արժեքներից՝ ազգակործան քաղաքականություն է։ Տնտեսությունը պետք է ծառայի մարդուն, ոչ թե մարդը՝ տնտեսությանը։



Դաշտերը հերկելու ժամանակ, ճիշտ է, տրակտորիստը «Հորովել» չի երգի, բայց կա մշակույթ, կա կրոն, կա պատմություն, որոնք մերն են, դա մեր արժեհամակարգն է, առանց որի մենք բոլորս կդառնանք Եհովայի վկաներ, այսինքն՝ անդեմ կոսմոպոլիտներ, եւ Աստված այդպիսի հոգեպղծության համար մեզ չի ների։



Ինչո՞ւ մեր եկեղեցին մինչ այսօր չի պայքարել իր նախկին կարգավիճակն օրենսդրորեն վերականգնելու համար։ Ավելին՝ խորթանալով մեր պետական իրականությունից, զբաղվելով միայն կրոնական ծիսակատարություններով, դադարեցրել է ժողովրդի հետ ունեցած երբեմնի հոգեւոր երկխոսությունը։ Այս ամենը տեսնելով՝ շատերն սկսում են հոգեւոր հարազատություն փնտրել օտարամուտ կրոնական հոսանքների մեջ։



Արտագաղթը, կրթական խառնիճաղանճ ծրագրերի կիրառումը դպրոցներում ու բուհերում, մենաշնորհային տնտեսությունը, մարդկանց սոցիալական անապահով վիճակը, ազգային արժեհամակարգի նենգափոխությունը, մտավորականության նկատմամբ ցուցադրված նվաստացուցիչ վերաբերմունքը, բանակի եւ դատաիրավական համակարգի կոռումպացումը մեր երկրին բերել են մի վիճակի, որ Հայաստանը թուրքերին եթե նույնիսկ զոռով տաս, չեն վերցնի։ Այսօր մեր պետականության համար Քոչարյանն ու Սերժն իրենցից այնքան վտանգ չեն ներկայացնում, ինչքան աշխատավարձի հույսին մնացած, կերկոխ եղած պետական պաշտոնյան ու օրինական դաշտ բերված օլիգարխը։



Այսօր մեր նոր իշխանությունների առջեւ ակամայից ծառանում է մեծ խնդիր՝ ինչպես փրկել մեր ազգը, որպեսզի նա կարողանա փրկել իր պետականությունը։ Ելքը մեկն է՝ տնտեսական ու քաղաքական բոլոր ծրագրերի մշակման աշխատանքներում ներգրավել աշխարհի հայ գիտնականներին։ Առանց գիտական մտքի կիրառման, ամեն ինչ կնմանվի վիճակահանության՝ յա՛ դես, յա՛ դեն։ Վերեւում բերված օրինակները ցույց են տալիս, որ հայերը մեծ մասնակցություն ունեն աշխարհակառուցման բոլոր բնագավառներում։ Նրանց ներուժը միայն, լինելով մեր ազգային կապիտալը, կարող է հզորացնել մեր պետությունը։ Հյուծված ու ուժասպառ եղած առյուծի մարմինը կարող են անգամ առնետները բզկտել։ Այն հանգամանքը, որ այսօր Հայաստանում վխտում են հազար տեսակ աղանդավորներ, ու մենք օրեցօր կորցնում ենք մեր ազգային ինքնությունը, դա նրանից է, որ, ունենալով սփյուռք, որը կարող է տասը հատ Հայաստան կառուցել մեկ տարում, մենք մի քանի սրիկայի ենք վստահած եղել մեր պետականությունը։



**Վահան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ**



**«Գրավիտոն» գիտական կենտրոն**