Ոչ թե քննադատել, այլ` առաջարկել

Ոչ թե քննադատել, այլ` առաջարկել
Վարչապետի առաջարկած անցումային արդարադատության մարմիններ ձեւավորելու գաղափարը դատաիրավական աշխարհում բուռն արձագանք գտավ։ Արձագանքեցին Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ՄԻՊ Արման Թաթոյանը։ Բարձրագույն դատական խորհրդի անդամ, արդարադատության նախկին նախարար **Գեւորգ Դանիելյանի** պնդմամբ, քննադատություններ հնչեցնելու համար դեռ վաղ է, սակայն առաջարկություններ կարելի է անել․ «Հաշվի առնելով, որ քաղաքական զսպվածություն կա, ես շատ հարցերի չեմ կարող անդրադառնալ, եւ քանի որ մի զգալի հատված քաղաքական ենթատեքստ ունի, իմ արձագանքելու սահմանների չափով ես արդեն իսկ արձագանքել եմ։ Ես ինքս էլ տեղեկատվություն չունեմ, թե ինչ է պատրաստվում։ Այն, ինչ որ ես ընդհանուր պատկերացնում եմ, որ հնարավոր է անել, ես արդեն առաջարկել եմ անել։ Դեռեւս միայն գաղափար է ներկայացվել, եւ ես ճիշտ չեմ համարում, որ արդեն անցնենք քննադատության։ Կարող ենք առաջարկություններ անել, թե ինչպես ենք մենք պատկերացնում, բայց անմիջապես գնահատականներ տալն իմ ոճի մեջ չէ։ Իմ գնահատականը լինելու է 2 ասպեկտով՝ ինչպես է գնահատվելու իրավիճակը, որովհետեւ դա պայմանավորելու է այն ինստիտուտները, որոնց հիմա պետք է նախապատվություն տանք, եւ ինչ է առաջարկվելու»։



Հարցրինք, թե ինչ կարծիք ունի Արա Զոհրաբյանի եւ Արման Թաթոյանի առաջ քաշած մտահոգությունների մասով, արդյոք կիսո՞ւմ է դրանք։ «Քանի որ դեռ որեւէ նախաձեռնության ուրվագծում անգամ հստակ չկա, հետեւաբար, որեւէ մտահոգություն հայտնելը, իմ կարծիքով, դեռեւս վաղաժամ է։ Եթե ամեն ինչ պետք է արվի Սահմանադրության հիմնադրույթներին, արդար դատաքննության իրավունքին համահունչ, ի՞նչ մտահոգության մասին կարող է խոսք լինել։ Այստեղ, ըստ էության, ենթադրություններ կարող են լինել, թե ինչպիսին պետք է լինի անցումային արդարադատությունը, բայց եթե չի հստակեցվել, թե խոսքն ինչ ձեւաչափերի մասին է, այստեղ բավականին բարդ, տարբեր դրսեւորումներով ընթացող գործընթաց է, եւ նախապես գնահատական տալը, կարծում եմ, սխալ է։ Ընտրված եղանակն էլ բխում է այն բանից, թե ինչպես է գնահատվել իրավիճակը, եթե իրավիճակը համարժեք չգնահատվի…, որովհետեւ եթե ընտրում ենք անցումային արդարադատության եղանակը, ապա պետք է պատշաճ գնահատվի եղածը, առանց գնահատելու դու չես կարող որեւէ բան նախաձեռնել։ Եթե իրավիճակն իրավաչափ չգնահատվի, «եթե»-ները շատ են, այդ դեպքում մենք կարող ենք ասել։ Բայց ինձ թվում է, որ դա մտահոգություն չէր, այլ ուշադրություն հրավիրելու քայլ էր, որը պետք է ողջունել, որ, տեսեք՝ եթե զարգացումներ եք ուզում անել, ապա այն ավելի անխոցելի դարձնելու համար անհրաժեշտ է այս հարցադրումների վրա ուշադրություն դարձնել։ Ես այստեղ որեւէ խոցելի մոտեցում չեմ տեսնում, մտահոգություն էր դա, թե ուշադրություն հրավիրել, ես ձեռնպահ կմնամ, քանի որ ծանոթ չեմ։ Ծանոթ եմ միայն Փաստաբանների պալատի նախագահի դիրքորոշման հետ, որտեղ ես չնկատեցի որեւէ մտահոգություն եւ դիրքորոշում, այլ, որպես մասնագետ, նա ներկայացնում էր, թե ինչ շրջանակներում դա պետք է արվի, որպեսզի չլինի խնդրահարույց»։



Կարծիք խնդրեցինք նաեւ վարչապետի այն մտքի վերաբերյալ, որ որոշ դատավորներ դեռեւս «տեղը չեն բերում ժողովրդական հեղափոխությունը»։ Ինչպե՞ս սա կարող է ազդեցություն ունենալ դատավորների վրա հասարակական հնչեղություն ունեցող գործերի վերաբերյալ որոշումներ կայացնելիս։ «Ես սկզբից էլ ուշադրություն հրավիրեցի նրա վրա, որ քաղաքական բնույթի հայտարարություններ չեմ կարող անել, քանի որ քաղաքական զսպվածություն պետք է ցուցաբերեմ, ոչ էլ ինձ թույլ կտամ արձագանքելու քաղաքական գործիչների քաղաքական հայտարարություններին։ Մենք առաջիկայում որոշ պարզաբանումներ՝ մեր դիրքորոշման վերաբերյալ, կհրապարակենք, բայց ես չեմ կարծում, որ իմ կարգավիճակն ինձ թույլ է տալիս արձագանքելու վարչապետի քաղաքական բնույթի հայտարարությանը»։



Նշենք, որ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրել էր․ «Եթե գործադիր իշխանությունը փորձի մեր երկիրը տանել «անցումային արդարադատության» ճանապարհով, ապա պետք է հաշվի առնի հետեւյալը», եւ մի քանի դրույթ էր նշել, այդ թվում․



«Արդյոք երկրում առկա՞ է այն ճգնաժամը, որն առաջացել է հանցագործությունների, զինված բախումների կամ այլ անօրինական գործընթացների (այդ թվում՝ դատական իշխանության անօրինական գործողությունների) եւ մարդու իրավունքների եւ ազատությունների կոպիտ խախտումների արդյունքում, եւ որը իշխանությունը չի կարողանում հաղթահարել այլ եղանակով:



Եթե իշխանությունը կգնա «անցումային արդարադատության» ճանապարհով վերոհիշյալ նորմերի խախտումներով եւ առանց լուրջ հիմնավորման, ապա իշխանության թիմին նրա քաղաքական հակառակորդները հնարավորություն կունենան մեղադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով նախատեսված սահմանադրական կարգը տապալելու արարք կատարելու մեջ»:



**Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ**