Վայոց Ձորի մարզպետն ընդդեմ բնապահպանական որոշման․ նա դատի է տվել ավագանուն

Վայոց Ձորի մարզպետն ընդդեմ բնապահպանական որոշման․ նա դատի է տվել ավագանուն

Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանը, որը փաստաբան է եւ մարզպետ նշանակվելուց առաջ պաշտպանում էր նախկին տխրահռչակ մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականին, ով մեղադրվում է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծանր վնասվածքներ պատճառելու համար, հայց է ներկայացրել ընդդեմ Ջերմուկի ավագանու։

Նշենք՝ Ջերմուկ համայնքի 3000  բնակիչ նախորդ տարի ներկայացրել էր հանրագիր, որի հիման վրա համայնքի ավագանին 2018-ի դեկտեմբերի հավանություն էր տվել «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ առաջարկությանը»: Գրիգորյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել այդ հանրագրի վերաբերյալ որոշումը։

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ մարզպետից, նա նշեց, որ իր տեղեկություններով հայցն արդեն վարույթ է ընդունվել, սակայն այլ հարցերի չպատասխանեց՝ ասելով, թե զբաղված է։
Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը եւս չցանկացավ մեկնաբանել մարզպետի քայլը, նա էլ ասաց, թե գնանք Ջերմուկ, այնտեղ կպատասխանի մեր հարցադրումներին։
Ջերմուկի ավագանու անդամ Արմեն Գրիգորյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց՝ նիստին ներկա բոլոր ավագանու անդամները կողմ են քվեարկել, ապա ասաց՝ գիտեր, որ իրենց որոշումն առ ոչինչ է․ «Մենք ոչ թե որոշում կայացնելու իրավունք ունեինք, այլ կարող էինք ուղերձներ հղել»։

-Բայց դուք որոշում եք կայացրել։

-Ամեն համայնք կարա որոշում կայացնի, ենթադրենք ինչ-որ շառավիղով, ինչ-որ բանով չզբաղվելու, բայց դա խանգարում է մյուս համայնքներին։

-Դե, եթե արդեն որոշում եք կայացրել․․․

-Դատական պրոցեսը, որ կգնա, կտեսնենք։  Մի քիչ առաջ չընկնենք, դրանից հետո մենք մեր քայլերը կանենք։ 

-Կարո՞ղ ենք ասել, որ Արարատ Գրիգորյանը բնապահպանական որոշմանը դեմ է, դրա համար հայց է ներկայացրել դատարան։

-Ես չեմ կարող այդպես ասել, չեմ կարող ասել՝ մենք իրավունք ունեի՞նք այդ որոշումը կայացնելու, թե՞ ոչ։

-Բայց ինչո՞ւ իրավունք չունեիք որոշում կայացնելու։

-Թող դատարանը որոշի։

-Բայց դա բերվել է ավագանու օրակարգ, այդ տրամաբանությամբ՝ ավագանին ոչ մի որոշում կայացնելու իրավունք չունի՞։

-Ունենք, շատ դեպքերում որոշում կայացնելու իրավունք ունենք։

-Իսկ դյդ որոշումը կայացնելու իրավունքն ինչո՞ւ չունեիք։

-Որովհետեւ դա մյուս համայքներին էր կպնում։

-Մյուս համայնքների ավագանին որոշում չի՞ կայացրել։

-Ես չգիտեմ։

ՀԳ. Հիշեցնենք՝ ամռանն էլ Տրդատ Սարգսյանն էր  դիմել էր դատարան՝ «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ» որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: