Խոսքը զենքի պես զգույշ գործածիր

Խոսքը զենքի պես զգույշ գործածիր
Արցախի Ազգային վերածնունդ կուսակցության խոսնակ Տիգրան Գրիգորյանը հարցազրույց է տվել Lenta.ru-ին: Թե ինչու՞ է ռուսական լրատվամիջոցը հարթակ տրամադրել արցախյան ոչ այնքան հայտնի քաղաքական գործչին, ո՞րն է այդ հարցազրույցը շարժման մեջ դրած գլխավոր «զսպանակը» եւ ինչու՞ հատկապես հիմա՝ վերլուծաբանական հայացքի արժանի հարցեր են: Մանավանդ որ ադրբեջանական մամուլն իսկույն արձագանքել է Տիգրան Գրիգորյանի հարցազրույցին: Տպավորություն է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում հայտնվելով դիվանագիտական ճգնաժամի մեջ, իսկ խնդրի ռազմական կարգավորման համար չունենալով արտաքին բավարար աջակցություն, Ալիեւի ռեժիմը հույսը դրել է երկու սցենարի վրա: Եւ այդ հարցում, կամա, թե ակամա, որոշակի նյութ նրան տրամադրում են հայրենական մի քանի փորձագետներ եւ քաղաքական գործիչներ: Առաջին սցենարը, որքան հասկացվում է ադրբեջանական մամուլի հրապարակումներից, կապված է այն հեռանկարի հետ, որ Հայաստանում իշխանափոխությունը Լեռնային Ղարաբաղում «հանդիպում է կոշտ դիմադրության», ինչը կարող է դառնալ Երեւանից պատասխան քայլերի առիթ:



Ավելի պարզ ասած, Բաքվում հույս են պահում, որ Հայաստանի եւ Արցախի քաղաքական վերնախավի միջեւ «առկա տարաձայնությունները կվերաճեն դիմակայության»: Երկրորդ սցենարը բխում է առաջինից եւ ենթադրում է, որ Հայաստան-Արցախ «դիմակայությունը հանգուցալուծելու համար կկիրառվեն ուժային միջամտություններ»: Այս դեպքում, ինչպես գրեթե բաց հասկացնում է ադրբեջանցի [մեկնաբաններից](https://minval.az/news/123816874) մեկը, պաշտոնական Բաքուն ,,իրավունք կունենա միջամտելու, որպեսզի պաշտպանի իր՝ ազգությամբ հայ, քաղաքացիների անվտանգությունը»:



Ռուսական լրատվամիջոցին Տիգրան Գրիգորյանի տված հարցազրույցն, ահա, ադրբեջանական կողմին նման խորքային ենթադրությունների եւ վարկածների առաջադրման տեղիք է տվել: Իսկ եթե ընդունենք, որ Ադրբեջանում իշխանական վերահսկողությունից դուրս գործող մամուլ չկա, ապա կստացվի, որ արծարծված գաղափաները հիմնականում պաշտոնական տեսակետի դրսեւորումներ են: Ահա թե ինչի է հանգեցնում ոչ փորձառու քաղաքական գործչի, իր իսկ արտահայտությամբ՝ պատշաճությունից դուրս խոսքը: Ըստ երեւույթին, Տիգրան Գրիգորյանը խնդիրներ ունի ոչ միայն բարեկրթության, այլեւ քաղաքագիտության հետ: Այսինքն, նա չի կարողացել հաղթահարել «օրիգինալ» երեւալու գայթակղությունը եւ ակամայից հակառակորդ կողմին տվել է ներարցախյան հարցերին առայժմ տեղեկատվա-քարոզչական մակարդակում միջամտելու հնարավորություն: Այս դեպքում նրան պետք է խորհուրդ տրվի, որ խոսքը զենքի պես զգույշ գործածի: Արցախի ներքին խնդիրների կարգավորման, ներարցախյան քաղաքական դիսկուրսի ծավալման ընթացքում արտաքին ազդեցությունը պետք է լիովին բացառվի: Անգամ եթե դա հայաստանյան ազդեցություն է: Տիգրան Գրիգորյանը բացահայտել է Արցախի քաղաքական մի ուժի կախվածությունն արտաքին ազդեցությունից: Մյուս կուսակցությունների, համենայն դեպս՝ նրանց, որ ներկայացված են խորհրդարանում, խնդիրն է՝ անհապաղ ներքին խորհրդատվություններ սկսել: Դրանով կընդգծվի Արցախի սուբյեկտությունը: Գործընթացից անմասն չպետք է մնա նաեւ իշխանությունը՝ հանձինս նախագահ Բակո Սահակյանի: Այլապես Արցախը կդառնա արտաքին քարոզչա-տեղեկատվական կանխագծումների թիրախ: Փորձը ցույց է տալիս, որ դրան հաջորդում է բուն միջամտությունը: Հարկ է հնարավորինս արագ եւ բարձր պրոֆեսիոնալիզմով կասեցնել այդ սցենարի նույնիսկ տեղեկատվական փորձարկումը: