Գյումրու հեծանիվների գործարանը քանդում են. բաժնետերերը տեղյակ չեն՝ ինչ է կատարվում (տեսանյութ)

Գյումրու հեծանիվների գործարանը քանդում են. բաժնետերերը տեղյակ չեն՝ ինչ է կատարվում (տեսանյութ)
Մանկական հեծանիվներ արտադրող Գյումրու «Անիվ» գործարանի շենքի մի հատված մի քանի օր է` ապամոնտաժում են: Գործարանն արտադրում է հեծանիվներ 3-5 տարեկան երեխաների համար, սահնակներ, աթոռակներ՝ սպասարկման օբյեկտների համար: Ներկայումս գործարանը փակման եզրին է, սակայն մի քանի աշխատող դեռևս ունի: Գործարանի սեփականատեր Հրանտ Ֆլջյանը մի քանի տարի է՝ մահացել է, իսկ բաժնետերերից ոմանք անգամ տեղյակ չեն , թե ով է գործարանի շենքը քանդողն ու նոր շինարարություն իրականացնողը, ավելին՝ շենքի շինանյութը նույնպես վաճառում են : «Ես այդ գործարանի բաժնետերերից եմ, առանց բաժնետերերին տեղյակ պահելու, խորհրդակցելու, անգամ իրազեկելու, գործարանի շենքը քանդում են»,-hraparak.am-ին տեղեկացրեց բաժնետեր Վ. Ստեփանյանը՝ ներկայացնելով բաժնետոմսն ու այն տեղեկանքը, որն ընդամենը մեկ ամիս առաջ որպես բաժնետեր իրեն էր հատկացրել գործարանի գործադիր տնօրեն Ռազմիկ Սարգսյանը:



Մեր զրուցակցի խոսքերով` երբ դիմել է գործադիր տնօրենին՝ պահանջելով , թե ինչու են առանց իրեն տեղյակ պահելու շենքը ապամոնտաժում, պատասխանել է, թե նրա բաժնեմասը չնչին է, եւ հատուկ թույլտվություն ստանալու անհրաժեշտություն չկար: Ուշագրավ է, որ շենքը քանդելու պարտավորությունն իր վրա է վերցրել Գյումրու ավագանու անդամ Արմեն Աղանյանը: **Hraparak.am**-ը նրանից հետաքրքրվեց՝ արդյոք նա՞ է գործարանի նոր սեփականատերը եւ ինչո՞ւ է մասնակցում ապամոնտաժման աշխատանքներին: «Ես չեմ գործարանի տերը: Ուղղակի փլված շենք կա այդտեղ, վթարային է, շենքը փուլ է գալիս, ինձ սեփականատերը խնդրել է՝ մաքրեմ»,-մեզ հետ զրույցում ասաց Արմեն Աղանյանը՝ այդպես էլ չհստակեցնելով, թե ով է իրեն խնդրողը կամ գործարանի սեփականատերը:



Զրուցեցինք «Անիվ» ԲԲԸ գործադիր տնօրեն Ռազմիկ Սարգսյանի հետ: «Սեփականատերը մահացել է, բայց իր ժառանգորդն է այդ հարցերով զբաղվում, Մոսկվայում է գտնվում: Նոր շինություն է կառուցվելու, տերը ներդրող է գտել, պիտի քանդեն, որ նորը շինեն, այդ քանդվող մասը ադմինիստրատիվ տարածք է, այդտեղ արտադրություն չի իրականացվել, ըստ երևույթին էլի այդ նպատակին կծառայի նոր շինությունը: Բայց ասեմ, որ ես ուղիղ չեմ կարող ասել, թե ի վերջո ինչ կկառուցվի, որովհետև դեռևս չգիտեմ, թե վերջնական ինչ պլաններ կան, ու մի քիչ էլ շատ քիթս չեմ խոթում այդտեղ, որովհետև ես ընդամենը գործադիր տնօրեն եմ, երբ ուզեցին՝ ինձ կհանեն:Քանդելուց ինչ գումարներ, որ առաջանան, դրանք մուտքագրվելու են գործարանի հաշվին, գործարանի կարիքների համար են օգտագործվելու: Քարերն ու մնացած բաները տարածքում թողնելու փոխարեն, բնականաբար վաճառվում են »,-պարզաբանեց գործադիր տնօրենը՝ նշելով, որ այլ եւ մյուս հարցերին ինքն իրավասու չէ պատասխանելու:



Նրանից հետաքրքրվեցինք նաև, թե մինչև ե՞րբ է աշխատել գործարանը: «Փոքր քանակով արտադրանք տվեցինք մի երկու ամսում, մինչև մայիսի վերջ գործարանի էլեկտրաէներգիան անջատված էր, որովհետև աշխատանք չկար, դրանից հետո միացրեցինք, կես դրույքով մի քանի հոգու աշխատանքի ընդունեցինք, որպեսզի կարողանայինք գործարանը պահել, մի քանի հեծանիվ ու սահնակ արտադրեցինք»,-ասաց նա:



Նշենք, որ «Անիվ»-ը դեռ 1949 թվականից գործող Լենինականի նախկին մետաղե իրերի գործարանն է, որը լայն թափով աշխատել է 1983 թվականից մինչեւ Խորհրդային միության փլուզումը: Խորհրդային տարիներին գործարանն ունեցել է 530 աշխատող, տարեկան իրացվել է 60 հազար հեծանիվ:



**Արևիկ Հակոբյան**



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/39580713_413281259195649_2612692824507809792_n.jpg?_nc_cat=0&oh=4635a97f1c984552c212068f70a7ce05&oe=5C0F0457)