Նիկոլ Փաշինյանը պետք է թեւերը քշտի եւ մտածի արտահերթ ընտրությունների մասին

Նիկոլ Փաշինյանը պետք է թեւերը քշտի եւ մտածի արտահերթ ընտրությունների մասին
Բաղրամյան 26-ի հրահանգներից ձերբազատված դատական համակարգը հայտնվել է բարդ եւ ճգնաժամային իրավիճակում։ Կա հանրային լուրջ դժգոհություն այս կամ այն դատավորի, իրավապահ համակարգի ներկայացուցիչներից, որն արտահայտվում է սոցիալական ցանցերում։ Պարբերաբար քննարկվում է, թե օրինակ, ինչո՞ւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխեցին, իսկ «Սասնա ծռեր» խմբի անդամներից ոմանք եւ Շանթ Հարությունյանը դեռ անազատության մեջ են։ Ըստ երեւույթին՝ գործադիր իշխանությունից անկախ եւ առանց հրահանգների գործող դատավորները դեռ չեն կողմնորոշվում՝ ինչպես հավատարիմ մնալ օրենքի տառին ու ոգուն, կայացնել անկախ վճիռներ։ Ինչպե՞ս բարեփոխել դատական համակարգը։



Փաստաբան Նորայր Նորիկյանը կարծում է, որ Հայաստանի դատաիրավական համակարգում պետք է իրականացվեն արմատական բարեփոխումներ՝ սկսած Սահմանադրական դատարանից, Բարձրագույն դատական խորհրդից, Գլխավոր դատախազությունից։ Սակայն, ըստ նրա, դրա համար անհրաժեշտ է լեգիտիմ իրավունք։ «Լեգիտիմ իրավունքը կարող է ունենալ միայն ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում քաղաքական մեծամասնություն ձեւավորած քաղաքական ուժը, որը հնարավորություն կունենա գործող Սահմանադրության իրավակարգավորումների շրջանակներում կամ իրավաստեղծ գործունեության արդյունքում ստեղծելու այն նորմատիվային բազան, որը դատաիրավական համակարգում էլ կիրականացնի փոփոխություններ»,-մեզ հետ զրույցում նշեց Նորայր Նորիկյանը։ Փաստաբանը հիշեցնում է, որ գործադիր իշխանությունն իրավունք չունի միջամտելու դատաիրավական համակարգի գործունեությանը, եւ ապրիլյան հեղափոխության նպատակներից մեկն էլ դա էր` ՀՀ սահմանադրությամբ ամրագրված գործադիր, օրենսդիր, դատական իշխանությունները լինեն անկախ եւ հավասարակշռեն միմյանց։



Միաժամանակ Նորայր Նորիկյանը կարծում է, որ բոլոր օրինական միջոցները պետք է գործադրվեն՝ դատական համակարգի անկախությունը պահպանելու համար։ Փաստաբանի կարծիքով՝ «Նիկոլ Փաշինյանը պետք է թեւերը քշտի եւ մտածի ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Եվ միայն դրանից հետո, երբ ինքը կստանա քաղաքական մեծամասնություն ձեւավորելու լեգիտիմ իրավունք, ԱԺ-ում մեծամասնություն կկազմեն իրեն սատարող ուժերը, այն ժամանակ էլ ձեռնամուխ կլինի դատաիրավական համակարգի փոփոխություններին։ Իսկ այդ փոփոխությունները ռիսկային են։ Գլխավոր դատախազին ընտրում է Ազգային ժողովը, հիմա ուժերի հարաբերակցությունն այնպիսին է, որ եթե հնարավոր լինի հասնել Գլխավոր դատախազի հրաժարականին, ԱԺ-ն Գլխավոր դատախազ կընտրի այլ մարդու։ Եվ միայն լեգիտիմ ԱԺ-ի դեպքում է հնարավոր անաչառ եւ անկողմնակալ դատական համակարգ ձեւավորել»։