Մերկելը Հայաստան կայցելի առաջին անգամ․ հայ-գերմանական հարաբերությունները՝ ամփոփ

Մերկելը Հայաստան կայցելի առաջին անգամ․ հայ-գերմանական հարաբերությունները՝ ամփոփ
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 24-25-ը վարչապետ Փաշինյանի հրավերով Հայաստանում կլինի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Նախատեսվում է հանդիպում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, այց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։



Մերկելը Հայաստան կգա առաջին անգամ, թեև չհաստատված տեղեկություններ կան, որ կանցլերը եղել է Խորհրդային Հայաստանում՝ իբրև զբոսաշրջիկ։



2016 թվականին՝ ապրիլյան զարգացումների ընթացքում, Անգելա Մերկելը Սերժ Սարգսյանի հետ Գերմանիայում կայացած հանդիպման ժամանակ շեշտել է , որ ԳԴ-ն՝ որպես ԵԱՀԿ անդամ երկիր, կողմ է ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ և հնարավորինս արագ կարգավորմանը, չնայած, նրա խոսքով, **«ինչ ձգձգվել է 25 տարի, մի այցով կամ մի թափով չի լուծվի»։**



Գերմանիայի կանցլերը Արցախի խնդրի կարգավորման համար կարևորել էր Հելսինկիյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների հետևումը՝ հիմնված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա։



Մերկելը կողմ է արտահայտվել նաև հայ-թուքական հարաբերությունների կարգավորմանը և նշել, թե իրենք պատրաստ են նպաստել երկու երկրների միջև երկխոսության հաստատմանը։ 2016 թվականի հունիսի 2-ին էլ Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Թուրքիայի ԱԳՆ-ն ի պատասխան դրան հայտարարել էր, որ որոշումն «ամոթալի է» Գերմանիայի խորհրդարանի հեղինակության համար: Կանցլեր Մերկելն ասել էր․ «Գերմանիային Թուրքիայի հետ կապող շատ բան կա, և եթե նույնիսկ առանձին հարցերում տարակարծիք ենք, մեր կապերի լայն շրջանակը, մեր բարեկամությունը, մեր ռազմավարական կապերը հզոր են»։



Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները, սակայն, աչքի են ընկնում անկայունությամբ։ Օրինակ՝ երկու երկրների միջև դիվանագիտական սկանդալ էր հասունացել, երբ Ստամբուլի քրեական դատարանը երկարաձգել էր «Amnesty International» կազմակերպության` ձերբակալված իրավապաշտպանների կալանքի ժամկետը: Կալանավորվածների թվում էր նաև Գերմանիայի քաղաքացի Պիտեր Շտոյդները: Իրավիճակն այնքան էր շիկացել, որ Բեռլինը հայտարարել էր, որ պատրաստ է վերանայել Անկարային զենք-զինամթերք մատակարարելու հարցը:



Մի քանի օր առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցում էլ Մերկելը և Էրդողանը վճռականություն են հայտնել բարձրաստիճան փոխայցերով և կապերով էլ ավելի ապրապնդել թուրք-գերմանական համագործակցութունը:



**Հայաստան -Գերմանիա տնտեսական գործակցությունը**



ՀՀ ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ ԱՊՀ, ԵՄ և այլ երկրների թվում առևտաշրջանառության ծավալներով Գերմանիան Հայաստանի երկրորդ գործընկերն է Ռուսատանից (մոտ 28%) հետո, իսկ Եվրամիության երկրների թվում՝ առաջինը։ Առևտրաշրջանառության ընդհանուր հաշվեկշռում ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին ներմուծման և արտահանման ծավալները կազմել են 5,2%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1%-ով ավելին։ Ընդ որում՝ Գերմանիայից Հայաստան ներմուծման ծավալներն ավելի մեծ են, քան արտահանմանը։



Երկու երկրների իշխանությունները բազմիցս նշել են՝ ՀՀ-Գերմանիա տնտեսական շփումների մակարդակը կարող է ավելի լավը լինել։



Հավելենք, որ Գերմանիայի կանցլերը մայիսին շնորհավորել էր Փաշինյանին՝ վարչապետ ընտրվելու առթիվ։ Նրանք կարճ հանդիպում են ունեցել Փաշինյանի՝ Բրյուսել այցի ժամանակ։



**«Դուք Հայաստանի նոր վարչապետն եք, շնորհավորում եմ Ձեզ»**,- ասել է Մերկելը՝ ձեռքը մեկնելով Նիկոլ Փաշինյանին։



**Սլավա ԲԱԴԱԼՅԱՆ**