ՀԱԿ-ը Երեւանի ավագանու ընտրություններին չի մասնակցի

ՀԱԿ-ը Երեւանի ավագանու ընտրություններին չի մասնակցի
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ:



Հայտարարությունն ամբողջությամբ. «Ինչպես հայտնի է ս.թ. սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երեւանի կառավարման բարձրագույն մարմնի՝ Ավագանու արտահերթ ընտրություններ։ Հայաստանում ընթացող հեղափոխական գործընթացները, սակայն, էապես փոխում են այդ ընտրությունների քաղաքական բովանդակությունն ու նշանակությունը։ Ստեղծված իրավիճակում դրանցով Երեւանի կառավարման խնդիրը չէ, որ լուծվում է։



Մի կողմից այն պետք է դիտարկել որպես կարեւորագույն փուլ՝ գլխավոր խնդրի՝ Ազգային ժողովի ազատ, արդար, լիովին ժողովրդավարական ընտրությունները նախապատրաստելու առումով, մյուս կողմից՝ որպես վստահության քվե հեղափոխության արդյունքում ձեւավորված իշխանությանը՝ մարտիմեկյան ոճրագործության ամբողջական բացահայտման եւ ոճրագործներին պատասխանատվության ենթարկելու, ավազակապետական հանցավոր համակարգի կազմաքանդման, կոռուպցիան արմատախիլ անելու եւ Հայաստանում լիակատար ժողովրդավարություն հաստատելու խնդիրները լուծելու նպատակով։ Հիմնվելով նշված փաստարկումների վրա, Հայ Ազգային Կոնգրեսը որոշում է չառաջադրվել Երեւանի Ավագանու առաջիկա ընտրություններին՝ ի աջակցություն ապրիլյան հեղափոխությունը առաջնորդած ուժի որդեգրած քաղաքական գծի։



Միեւնույն ժամանակ, Կոնգրեսը սկսում է նախապատրաստությունը հեղափոխության եզրափակիչ փուլին՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին»։