Կռիվներ Արմավիր-Երեւան երթուղու շուրջ․ Կենտրոնական ավտոկայանը հարցը չի կարողանում լուծել

Կռիվներ Արմավիր-Երեւան երթուղու շուրջ․ Կենտրոնական ավտոկայանը հարցը չի կարողանում լուծել
Արմավիր-Երեւան երթուղին իսկական կռվախնձոր է դարձել։ Երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս»-ի տնօրեն **Շուշանիկ Խաչատրյանը** պնդում է, որ բացի իրենց ընկերությունից մեկ այլ ընկերություն էլ ապօրինաբար քաղաքացիներին Երեւանից տեղափոխում է Արմավիր. «Ես բողոքում եմ, որ անօրինական մեքենաներ են աշխատում սպիտակ համարներով, անօրինական ուսանողական մեքենաներ են աշխատում։ Իմ հիմարկի վրա 3 միլիոնի չափ տուգանք են գրել, որ չի սպասարկվում չվացուցակով, իսկ նման պայմաններում չվացուցակով բացվառվում է սպասարկվի, քանի որ, եթե մեքենան կանգնում է առավոտից իրիկուն, չի աշխատում, մարդ չկա, չեն թողնում ուղեւորը գա, ո՞նց կարող է 10 րոպեի տակ աշխատել։ Այսինքն՝ իմ մեքենաները պետք է 10 րոպեի տակ դատարկ գնան-գան։ Հիմա ես դա բողոքարկել եմ ու շահում եմ, 37 բողոք կա, որ ակտեր են գրում։ Հիմա Կիլիկիայում գործում է անօրինական ավտոկայան ու ոչ թե Կիլիկիայից են աշխատում, այլ աշխատում են ապօրինի ձեւով հենց կողքից։ Տրաֆարետները կպցրել են, սպիտակ համարներով»։



Մեր զրուցակցի խոսքով՝ իրենք բազմիցս դիմել են տրանսպորտի, կապ եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, սակայն հարցին լուծում չի տրվում․ «Դիմել ենք վարչապետին, բաց նամակ գրել ենք Օսիպյանին, Վանեցյանին, Գլխավոր դատախազին գրել ենք, իսկ էս անօրինակության հետ կապված, որ ուսանողականները աշխատում էին, քրեական գործ կա հարուցված, ինձ էլ տուժող են ճանաչել։ Ուզում եմ իմանալ՝ այս ապօրինությունների վերջը ե՞րբ պիտի լինի, ես այստեղ տեսնում եմ միտում նախարարության կողմից, որ ոչ մի բան չեն ուզում անեն։ Ես համոզված եմ, որ այս գիծը մարդիկ ուզում են խլեն, քրեական հեղինակությունները սատար են կանգնում։ Աշխատացնում է դա «Ալտրանս» ընկերությունը, որի տնօրենին այդպես էլ չիմացանք, մի օր Դավիթ անունով մեկն է գալիս, ահաբեկում ինձ, որ պիտի սենց աշխատի, մեր ավտոները ստեղից էլ պիտի աշխատեն։ Հարութիկ անունով մեկն ա գալիս Կիլիկիայում իմ վարորդներին ահաբեկում։ Իրենք սպիտակ համարով մեքենաներ իրավունք չունեն աշխատացնեն, դա նշանակում է, որ այդ մարդիկ օդից եկել են գումարներ են աշխատում, ոչ գրանցված են, ոչ հարկերի մասին տեղեկություններ ունեն, ոչ թույլտվություն ունեն»։



Խաչատրյանը նաեւ նշեց, որ վարորդները պատրաստվում են երեքշաբթի օրը բողոքի ակցիա անել՝ բարձրաձայնելու խնդրի մասին։



Շուշանիկ Խաչատրյանի փաստաբան **Գուրգեն Գրիգորյանն** էլ նշում է, որ ընկերությունը պայմանագրային հարաբերությունների մեջ է գտնվում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ, որտեղ ամրագրված է, որ երկկողմանի պարտավորությունները եւ իրավունքները պետք է հարգվեն օրենքով, սակայն ամեն ինչ արվում է, որպեսզի ընկերությունը ուղղակի այդ գծերից հրաժարվի կամ սնանկանա․ «Արդեն 1 տարուց ավելի է զբաղվում ենք «Գալակտիկա տրանս սերվիս»-ի գործերով եւ բազմաթիվ անգամ բազմաթիվ խնդիրներով, որոնք բխում են պայմանագրային պարտավորություններից, դիմվել է նախարարություն, բայց ոչ մի բան չի արվել։ Գծում ապօրինի աշխատում են մեքենաներ սպիտակ համարներով, ներկա պահին հարուցված կա քրեական գործ, ընթանում է նախաքննություն արդեն 7-8 ամիս է, ոչինչ չի արվել։ Հարցաքննվել են, ներկայացվել են ապացույցներ, լուսանկարներ։ Երբ հարցը բարձրացվում է տեսուչները գալիս են, նախազգուշացումներ են տալիս, արդեն 37 գործ կա հարուցված ընդդեմ ընկերության, որտեղ նախարարությունը պարտվել է»։



Կենտրոնական ավտոկայանի տնօրեն_ _**Արմեն**_** **_**Գարբուզյանը** «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ սպիտակ համարանիշերով մեքենաները կայանվում են ավտոկայանի հարակից տարածքում․ «Նման բան եղել է ավտոկայանի հետեւի կողմից՝ Երեւանյան փողոցի վրայից, ամբողջ Երեւանյան փողոցի վրա աշխատում են ապօրինի մեքենաներ։ Ավտոկայարանային ծառայությունն ի վիճակի չի դրանց դեմ պայքարելու, դրանց համար հատուկ կա տրանսպորտային տեսչություն ծառայություն, որն հիմա վերակազամավորման մեջ է»։



_Լուսանկարները տրամադրել է Շուշանիկ Խաչատրյանը։_



**Աննա Պապիկյան**