Ինչպե՞ս հասկանալ

Ինչպե՞ս հասկանալ
Օգոստոսի 17-ի հանրահավաքում, ինչպես եւ սպասվում էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին: Նրա ելույթի այդ հատվածը նույնպես խիստ հուզական էր: Փաշինյանը հակադարձեց իր հասցեին վերջին ժամանակներս ակտիվացած քննադատություններին եւ ասաց, որ նախորդները, բացի հող հանձնելուց, այլ բան չեն բանակցել, մինչդեռ ինքը դեռեւս բանակցությունների ռեժիմի մեջ չի մտել, բայց տեղյակ է խնդրի մանրամասնություններին՝ փաստաթղթերի տեսքով:



Փաշինյանը կրկնեց, որ ինքը բանակցելու է Հայաստանի անունից, Արցախի անունից պետք է բանակցեն նրա իշխանությունները, բայց քիչ հետո նա ասաց, որ եթե բանակցություններում ուրվագծվի մի լուծում, որն իրեն ընդունելի թվա, ինքը ժողովրդի թիկունքում փաստաթուղթ չի ստորագրի, այլ կներկայանա Հրապարակ եւ կբացատրի, թե ինչ կարգավորման մասին է խոսքը: Եթե ժողովուրդն ընդունի, ապա իշխանությունը կկատարի համապատասխան քայլեր, եթե մերժի, ուրեմն ոչինչ չի լինի:



Այստեղ, կարծես, գործ ունենք տրամաբանական հակասության հետ. եթե Արցախի անունից պիտի նրա իշխանությունները բանակցեն, այսինքն՝ կարգավորման բանալի է համարվում Ստեփանակերտ-Բաքու ուղղակի երկխոսությունը, ապա լուծման ի՞նչ տարբերակ պետք է դրվի ժողովրդի դատին: Այն, ինչ ծնվելու է Հայաստանի անունից տարվող բանակցություններու՞մ, թե՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության արդյունքու՞մ: Թվում է, Լեռնային Ղարաբաղի հարցը չպետք է դառնար հանրահավաքային ելույթի թեմա կամ վարչապետ Փաշինյանը պետք է բավարարվեր ընդհանուր բնույթի ձեւակերպումներով:



Հանրահավաքն այն հարթակը չէ, որտեղ կարելի է նման նուրբ հարցեր շոշափել: Մանավանդ որ առիթը կառավարության գործունեության 100 օրվա հաշվետվությունն էր: Ուստի վարչապետը պետք է արձանագրեր, որ այդ ընթացքում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մեկ հանդիպում, տարածաշրջան են այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, կան արտգործնախարարների նոր հանդիպման սպասելիքներ, իսկ թե երբ եւ ինչ ձեւաչափով տեղի կունենա իր եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը՝ դեռեւս ոչինչ ստույգ չէ:



Փաշինյանը, մինչդեռ, Լեռնային Ղարաբաղի խնդիրը Հրապարակում քննարկելու հեռանկար հնչեցրեց: Մի քիչ դժվար է հավատալ, որ հենց այդպես էլ լինելու է, բայց անհանգստության որոշակի չափաբաժին, այնուամենայնիվ, առկա է: Մանավանդ այն իմաստով, որ խնդրի հրապարակայնացումը կարող է չեղարկել բանակցություններին Արցախի մասնակցության տեսլականը: