Չեմ կարծում, թե Ռոբերտ Քոչարյանի հետ կապված Հայաստանում ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ

Չեմ կարծում, թե Ռոբերտ Քոչարյանի հետ կապված Հայաստանում ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ
Երեկ, Հանրապետության հրապարակում, երբ մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը, բառիս բուն իմաստով, «ասեղ գցելու տեղ չկար»։ Մարդիկ լուսանկարվում էին, եկել էին սայլակների մեջ գտնվող փոքրիկ երեխաների հետ, աշխույժ զրուցում քննարկում։ «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը հանրահավաքի բազմամարդությունը կապում է այն բանի հետ, որ ժողովուրդը տեր է իր հաղթանակին եւ շարունակելու է տեր լինել։ Եվ դա, ըստ նրա, շատ կարեւոր է, քանի որ վերջին օրերին հետադիմական ուժերը ռեւանշիստական նկրտումներ են ցուցաբերում։



«Ժողովրդական համերաշխության, իր հաղթանակի տերը լինելու վճռականությունը շատ-շատ կարեւոր է։ Արցախից Հայաստան ժամանածների հանգամանքը եւս շատ կարեւոր է։ Ինչ-ինչ հանգամանքներից ելնելով այդ ռեւանշիստական ուժերը փորձում են շահարկել Արցախի գործոնը, քանի որ Արցախի իշխանությունները Հայաստանի նախկին իշխանությունների շարունակությունն են։ Իսկ դա չի օգնում այս հաղթանակին։ Շատ կարեւոր էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, կարեւոր էին այն շեշտադրումները, որոնք նա արեց այս փուլում ռեւանշիստների նկրտումները չեզոքացնելու առումով։



«Սասնա ծռերը» դեռ երեք օր առաջ հայտարարություն էր տարածել, հստակ ուղիներ էր նշել։ Ես հիմա չեմ կարող ասել, որ պարոն Փաշինյանը հետեւում է այդ ուղիներին, ուղղակի ուզում եմ արձանագրել, որ դրանք մեծ չափով համընկնում էին պարոն Փաշինյանի մոտեցումներին։ Դրանք անհրաժեշտ քայլեր էին, որ այդ նկրտումներն ամբողջությամբ չեզոքացվեն։ Ես չեմ կարծում, թե Ռոբերտ Քոչարյանի հետ կապված Հայաստանում ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ, բայց կան խնդիրներ, եւ զգոնությունն ու աչալրջությունը չպետք է թուլանան, պետք է արվեն գործնական քայլեր։ Եվ այդ քայլերը կարող են լինել իրավա-քաղաքական լուծումների շրջանում։ Մենք տեսանք, որ երբ հույս ենք դնում դատարանների արդար որոշումների վրա, դա չի գործում, որովհետեւ պետական ինստիտուտները, հատկապես՝ դատական համակարգը, դեռեւս նախկին համակարգի ազդեցության տակ են»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը։



Ի՞նչ քայլեր պետք արվեն այդ դեպքում։ Ըստ Ենիգոմշյանի՝ զուտ քաղաքական լուծումներն էլ կարող են կամայականությունների համար դուռ բացել, հետեւաբար լուծումները պետք է լինեն իրավաքաղաքական, ինչը բնորոշ է անցումային փուլերին։ Նրա կարծիքով՝ գործադիր իշխանությունը պետք է օժտված լինի արտակարգ լիազորություններով, որպեսզի կարողանա լուծում տալ իրավաքաղաքական հարցերին եւ կարճ ժամկետում անցկացնի արտահերթ ընտրություններ։