Վաշինգտոնն ուժեղացնում է ճնշումը․ Էրդողանը հոխորտում է, թուրքական տնտեսությունը՝ քայքայվում

Վաշինգտոնն ուժեղացնում է ճնշումը․ Էրդողանը հոխորտում է, թուրքական տնտեսությունը՝ քայքայվում
Միացյալ Նահանգների և Թուրքիայի հարաբերությունները, որոնք վերջին տարիներին վատթարացել էին սիրիական ճգնաժամի և քրդական հարցի շուրջ լուրջ տարաձայնությունների պատճառով, վերջին մեկ ամսվա ընթացքում վերածվել են ԱՄՆ-Թուրքիա առևտրային պատերազմի՝ Անկարային կանգնեցնելով լայնածավալ ֆինանսական ճգնաժամի և տնտեսության քայքայման վտանգի առաջ։



**Աստիճանական սրացում**



Ռազմավարական երկու դաշնակիցների միջև անվստահությունը սկսեց խորանալ հատկապես 2016 թ․հուլիսին մի խումբ զինվորականների կողմից կազմակերպված հեղաշրջման փորձից հետո։ Այն ժամանակ որոշ թուրք պաշտոնյաներ բացեիբաց մեղադրեցին ամերիկացիներին՝ հեղաշրջման կազմակերպիչներին աջակցելու համար: Թուրքիայի իշխանությունների համոզմամբ՝ ձախողված հեղաշրջման թիկունքում կանգնած է հայտնի իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որը 1999 թվականից բնակվում է Միացյալ Նահանգներում՝ Փենսիլվանիա նահանգի Սեյլորսբուրգ քաղաքում։ Զինվորականների հեղաշրջման փորձից հետո Թուրքիան Վաշինգտոնից պահանջեց հանձնել իմամին, սակայն ԱՄՆ-ը հրաժարվեց դա անել՝ հայտարարելով, որ չկան բավարար փաստեր, որոնք ապացուցում են, որ Գյուլենը կապված է հեղաշրջման փորձի կամ ահաբեկչական գործունեության հետ։ Եվ սա էլ ավելի է սրեց երկու երկրների հարաբերությունները։



**Ձախողված հեղաշրջումը և Բրանսոնի ձերբակալությունը**



Այս անգամ թուրք-ամերիկյան հարաբերությունների կտրուկ սրման պատճառ է դարձել ամերիկացի 50-ամյա մի միսիոների ազատազրկումը Թուրքիայում։ Ինչպես հիշում ենք՝ 2016 թ․հուլիսի 15-ին ճնշելով զինվորականների ապստամբությունը՝ Թուրքիայի իշխանությունները լայնածավալ բռնաճնշումներ սկսեցին հազարավոր զինվորականների, ոստիկանների, պետական համակարգի այլ ոլորտներում աշխատողների, ինչպես նաև պարզապես շարքային քաղաքացիների նկատմամբ, ովքեր ենթադրաբար կապված են եղել նախագահ Էդրողանի դեմ կազմակերպված դավադրության հետ։ Երկու տարվա ընթացքում Թուրքիայում հեղաշրջման հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալվեց ավելի քան 60 հազար մարդ, իսկ շուրջ 160 հազար պետական ծառայող և զինվորական ազատվեց աշխատանքից։



2016 թ․նոյեմբերին նույն մեղադրանքով կալանավորվեցին 1990-ական թթ․Թուրքիա տեղափոխված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը և իր կինը՝ Նարինը։ 13 օր անց հոգևորականի կնոջn ազատ արձակեցին, իսկ Բրենսոնը մնաց բանտարկության մեջ։ Նա կարող է դատապարտվել մինչև 35 տարվա ազատազրկման։ Այդ ժամանակներից ի վեր Վաշինգտոնը պահանջում է Անկարայից ազատ արձակել Բրանսոնին, սակայն առայժմ արդյունք չկա։ Վերլուծաբանները կարծում են, որ Բրանսոնի բանտարկումը Թուրքիայի պատասխանն է Վաշինգտոնի մերժմանը՝ արտաքսելու ԱՄՆ-ում թուրք վտարանդի հոգևորական Ֆեթուլահ Գյուլենին։



**Ամերիկյան պատժամիջոցներն ու թուրքական տնտեսության անկումը**



Վերջին շաբաթների ընթացքում Թրամփի վարչակազմը և Կոնգրեսը գնալով ուժեղացնում են ճնշումը Թուրքիայի նկատմամբ՝ պահանջելով ազատ արձակել Բրանսոնին։ Ու թեև ամերիկացի հոգևորականը 2 տարվա բանտարկությունից հետո տեղափոխվեց տնային կալանքի տակ, դա չբավարարեց ամերիկյան կողմին։ Թրամփը սպառնաց, որ Միացյալ Նահանգները կարող է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ։ Հուլիսի 26-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովն ընդունեց Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող օրենքի նախագիծը։ Իր հերթին հայտարարությամբ հանդես եկավ փոխնախագահ Մայք Փենսը, որը ջերմեդանդ քրիստոնյա է և մեծ ուշադրություն է դարձնում Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների, հատկապես քրիստոնյաների իրավունքների պաշտպանությանը։



«Ես ուղերձ ունեմ նախագահ Էրդողանին և թուրքական կառավարությանը՝ ԱՄՆ նախագահի անունից․ ազատ արձակեք հոգևորական Էնդրյու Բրանսոնին հիմա կամ պատրաստվեք առերեսվել հետևանքներին»,- հայտարարեց փոխնախագահը։



Շուտով հետևեցին պատժամիջոցները։ Օգոստոսի 1-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլի նկատմամբ։ Այնուհետև Վաշինգտոնը բարձրացրեց Թուրքիայից ներմուծվող մետաղի և ալյումինի մաքսադրույքները։ Ամերիկյան պատժամիջոցները հանգեցրին թուրքական լիրայի արժեզրկմանը․ թուրքական արժույթը տարվա սկզբից էժանացավ դոլարի նկատմամբ 40 տոկոսով։



**Թուրքիան պատասխանում է**



Անկարան իր հերթին դիմել է պատասխան պատժամիջոցների։ Թուրքիայի նախագահ Էրդողանի որոշմամբ՝ վերանայվել է ԱՄՆ-ից ներմուծվող ավելի քանի 22 անուն ապրանքների մաքսատուրքը: Ըստ այդմ՝ ամերիկյան ուղևորատար մեքենաների ներկրման մաքսատուրքը կբարձրացվի 120 տոկոսով, ոգելից խմիչքներինը՝ 140 տոկոսով, ծխախոտինը՝ 60 տոկոսով: Բարձրացվել են նաև կոսմետիկ միջոցների, բրնձի ու քարածխի մաքսադրույքները: Թուրքիայի նախագահ Էրդողանը նաև հայտարարել է ամերիկյան արտադրության էլեկտրոնիկան բոյկոտելու մասին: Անդրադառնալով ամերիկյան սանկցիաներին՝ Թուրքիայի ղեկավարն ասել է, թե Միացյալ Նահանգները տնտեսությունը որպես զենք է օգտագործում Թուրքիայի դեմ, սակայն իրենք չեն ընկրկելու ու ամեն ինչ անելու են ավելի հզորանալու համար։ Թուրքիայի նախագահը նաև ավելացրել է, որ Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի միակողմանի գործողությունները տապալում են ամերիկյան շահերը և ստիպում են Անկարային նոր դաշնակիցներ որոնել։ Էրդողանը հասկացրել է, որ Թուրքիան այընտրանքներ ունի։ Ի դեպ, թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը ազդել է նաև երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության վրա։ Էրդողանը հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգները հրաժարվի Թուրքիային Ֆ-35 կործանիչներ մատակարարել, ապա Թուրքիան կդիմի միջազգային դատարան։



Ինչ վերաբերում է Իզմիրի ավետարանչական եկեղեցու հոգևոր առաջնորդ Էնդրյու Բրենսոնի ճակատագրին, մի մարդու, որը հայտարարել է, թե ինքը տառապում է հանուն Քրիստոսի, թուրքական «Հյուրիեթ» պարբերականի հաղորդմամբ՝ թուրքական դատարանը երկու օր առաջ մերժել է նրան ազատ արձակելու միջնորդությունը։



**Ազդեցությունը ռեգիոնի վրա**



Մեզ, սակայն, այս համատեքստում առավել հետաքրքիր է այն հանգամանքը, թե թուրք-ամերիկյան հարաբերությունների կտրուկ վատթարացումն ինչպե՞ս կազդի տարածաշրջանում Թուրքիայի պահվածքի, այլ երկրների հետ նրա հարաբերությունների և ընդհանրապես տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա՝ հաշվի առնելով Էրդողանի անկանխատեսելի բնավորությունն ու անկանխատեսելի ու ագրեսիվ վարքագիծը արտաքին քաղաքականության մեջ և հատկապես հարևան երկրների հետ հարաբերություններում։



Թուրքագետ **Հակոբ Չաքրյանը **կարծում է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների սրումը որևէ ազդեցություն չի ունենա տարածաշրջանի վրա, սակայն երկու դաշնակից պետությունների հարաբերությունների վատթարացումը կարող է փոխել նրանց ծրագրերը՝ կապված տարածաշրջանային քաղաքականության հետ։



«Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների սրումը կստիպի թուրքերին ավելի մերձենալ Ռուսաստանի հետ, որովհետև Թուրքիան Արևմուտքի, հատկապես Միացյալ Նահանգների ճնշումները փորձում է մեղմել Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացմամբ։ Սակայն թուրք-ամերիկյան լարվածությունը ազդեցություն չի ունենա տարածաշրջանի վրա, որովհետև Թուրքիան տարածաշրջանում գլխավոր դերակատարներից չի։ Երկրորդը, Թուրքիայի հարաբերությունները տարածաշրջանի գրեթե բոլոր երկրների, նույնիսկ Եգիպտոսի, Լիբիայի հետ շատ վատ են, իսկ Սիրիայի հետ, ինչպես գիտեք, Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ վաղուց չունի։ Պարզապես դա կանդրադառնա և՛ Միացյալ Նահանգների, և՛ Թուրքիայի ծրագրերի վրա։ Խոսքը տարածաշրջանային քաղաքականության մասին է՝ ասենք Սիրիայում։ Օրինակ, ամերիկացիները քրդական ծրագիր ունեն, թուրքերն էլ փորձում են իրենց ազդեցությունը տարածել, ավելի ճիշտ վերահսկողությունը հաստատել Սիրիայի հյուսիս-արևմտյան այն շրջաններում, որտեղ ներխուժել են։ Մասնավորապես՝ Աֆրին։ Բացի այդ, ուզում էին մտնել Մանբիջ։ Որպես պատրվակ նրանք օգտագործում են այդ տարածքները «ահաբեկիչներից» ազատելու անհրաժեշտությունը։ Այս առումով թուրք-ամերիկյան հարաբերությունների սրումը կարող է ազդել, բայց ընդհանուր տարածաշրջանի ընթացքի վրա չի կարող»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Հակոբ Չաքրյանը։



**Եթե շատ ճնշեն, կմղեն Ռուսաստանի գիրկը**



Այնուամենայնիվ, Թուրքիան գնալով վատացնում է իր հարաբերությունները Եվրամիության, Միացյալ Նահանգների հետ՝ կտրվելով արևմտյան աշխարհից և ավելի շատ հայացքն ուղղելով դեպի հյուսիս՝ Ռուսաստան, և հարավ՝ իսլամական աշխարհ։ Եվ եթե տարիներ առաջ Եվրամիության անդամակցությանը ձգտող, ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ լավ հարաբերություններ ունեցող Թուրքիան ստիպված էր հետևել որոշակի նորմերի, հարգել մարդու իրավունքները, ձգտել ժողովրդավարացման, իր արտաքին քաղաքական քայլերի համար հաշվետու լինել արևմտյան գործընկերների հետ, ապա այժմ իրավիճակը կտրուկ փոխվել է։ Թուրքիան ժողովրդավարական առումով հետընթաց է ապրում և շարժվում է դեպի կոշտ ավտորիտարիզմ։ Այս իմաստով Թուրքիային զսպող լծակներն էլ են քչանում։



Թուրքագետ Հակոբ Չաքրյանը համաձայն է այս տեսակետի հետ, սակայն կարծում է, որ եթե Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը ցանկանան, իսկույն կզսպեն թուրքերին։



Ինչո՞ւ չեն զսպում։ Թերևս սա է ամենակարևոր հարցը։ Հակոբ Չաքրյանն ունի հստակ պատասխան․ «Եթե ճնշումները Թուրքիայի նկատմամբ էլ ավելի մեծացնեն, ապա Թուրքիային վերջնականապես կմղեն Ռուսաստանի գիրկը։ Դրանից խուսափելու համար որոշ չափով հանդուրժողականություն են ցուցաբերում։ Նրանք վստահ են՝ որքան էլ Էրդողանը հոխորտա Եվրոպայի, Միացյալ Նահանգների վրա, Ինջիրլիքի ռազմաբազան, որը տարածաշրջանում խոշորագույններից մեկն է, գործում է։ Եվ այնտեղ արգելված է որևէ թուրք սպայի մուտքը։ Այսինքն՝ պայմաններն անգամ չեն վերանայվել»։



Այսպիսով, թեև ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները կտրուկ սրվել են, այնուամենայնիվ, փորձագետների կարծիքով՝ հարաբերությունների սրումը խորքային չէ․ ռազմավարական հարաբերություններն իրականում պահպանվում են, այլապես Թուրքիան կպահանջեր Միացյալ Նահանգներից հանել իր երկրից Ինջիրլիքի ռազմաբազան։ Հակոբ Չաքրյանի համոզված է, որ Էրդողանի հոխորտանքները ինչ-որ տեղ փոխհամաձայնեցված են։ Այսինքն, Էրդողանը պայմանավորվել է ամերիկյան կողմի հետ, որ կոշտ հայտարարություններ կանի ԱՄՆ-ի հասցեին, սակայն իրականում դրանք ուղղված են ներքին լսարանին՝ իր ընտրազանգվածին, որը Էրդողանին համարում է «համաշխարհային լիդեր»։



«Միջազգային դիվանագիտության մեջ այս հնարքն օգտագործվում է, որ ես էսպես կասեմ, բայց դա ներքին օգտագործման համար է։ Նրա ընտրազանգվածն էլ Էրդողանին համարում է համաշխարհային լիդեր, ասում է, թե «ի՜նչ հանդուգն առաջնորդ ունենք»։ Ուրախանում են, բայց չեն ասում, որ երկրի տնտեսությունը տակնուվրա է եղել պատժամիջոցների պատճառով»,- ավելացրեց Չաքրյանը։



**Արամ Սարգսյան**