Չեմ ասում՝ փակ աչքերով ֆանատիկների վերածվենք, պետք է անընդհատ մասնակից լինել

Չեմ ասում՝ փակ աչքերով ֆանատիկների վերածվենք, պետք է անընդհատ մասնակից լինել
Թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից անցել է 100 օր, եւ երեկ՝ օգոստոսի 17-ին, Հանրապետության հրապարակում տեղի ունեցած մեծ հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նոր կառավարությունն ամփոփեց նաեւ իր այս ամիսների գործունեությունը։



Դերասան Միքայել Պողոսյանն ընդգծում է՝ լիովին հավատում է Նիկոլ Փաշինյանին եւ բոլոր այն քայլերին, որ նա ձեռնարկում է․ «Համբերատար եմ, քանի որ գիտակցում եմ՝ այս ընթացքում կարող են լինել նաեւ վրիպումներ, որովհետեւ միանգամից ոչինչ չի կառուցվում։ Ես լիովին հավատում եմ բոլոր այն վերափոխումներին, որոնք անում է եւ պատրաստվում է անել Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ։ Իհարկե, թերություններ կան հատկապես մշակութային ոլորտում, բայց ես այդ ամենին էլ եմ նայում որպես ժամանակավոր դժվարություններ, որոնք, համոզված եմ, շատ արագ շտկվելու են»։



Դերասանը համոզված է, որ այս նորաստեղծ համակարգի միտումը Հայաստանը շենացնելն է․ «Ես հիմա մեծ կտորներով եմ խոսում, պլակատային արտահայտություններ եմ անում, բայց սա այն հիմքն է, որին մենք պետք է հավատանք եւ համբերատար լինենք, իսկ այն մնացած երեւույթները, որ տեղի են ունենում՝ ձերբակալում, ազատում եւ այլն, բաներ կան, որ մենք հիմա չենք գիտակցում եւ էմոցիոնալ ենք վերաբերվում այդ ամեն ինչին։ Եթե հավատում ենք, պետք է մինչեւ վերջ հավատանք։ Բնականաբար, այն ուժերը, որոնք արդեն դարձել են մեզ համար երեկվա օր, նրանք ուզում են ոտքի կանգնել եւ անպայման վնասելու են այս մթնոլորտին։ Ես չեմ հավատում Ռոբերտ Քոչարյանի ոչ մի թեզերին կամ նրա խելոք խոսքերին։ Ինձ թվում է՝ ինքը ժամանակը չի տեսնում, չի գիտակցում, նա մնացել է այն թվերի մեջ։ Նրանց միակ մտայնությունն այն է, որ փրկեն իրենց հարստությունը․ ուրիշ խնդիր չկա։ Եթե նրանք ժողովրդի մասին մտածեին գոնե մի քիչ, մենք այս վիճակին չէինք հասնի եւ հեղափոխություն չէինք անի։ Ես նրա ոչ մի խելոք մտքին չեմ հավատում։ Այդ ամեն ինչը շատ վատ, հնամաշ թատրոն է, որի հնամաշ դերասաններից է հենց Ռոբերտ Քոչարյանը»։



Պողոսյանը հասկանում է, որ շատերն անհամբեր են եւ ուզում են փոփոխությունները միանգամից տեսնել տնտեսության, սոցիալական ոլորտում․ «Մեր ժողովրդին շատ բնորոշ է եղանակները հաճախ փոխել, մեկը մի ելույթ է ունենում, մի երկու ճոռոմ բան է ասում, միանգամից ժողովուրդը հեղափոխվում է։ Կարեւորը՝ որ մենք չկորցնենք մեր չափանիշները, որովհետեւ ուրիշ բանաձեւ չկա այսօր նոր մի բան կառուցելու, միակ բանը՝ հավատալ մինչեւ վերջ, որովհետեւ այն, ինչ տեղի ունեցավ, աներեւակայելի էր։ Այն, ինչ արել է Նիկոլ Փաշինյանը, այնքան շատ է, որ իր չարածները չպիտի դարձնենք փաթաթան։ Ժամանակ է պետք, դա պետք է գիտակցենք, որ նոր Հայաստան ենք կառուցում։ Մեզ երեկվա օրն արդեն շատ հեշտ է թվում, բայց հիշեք՝ երեկ չէ առաջվա օրն ինչ պայմաններում էինք ապրում, ինչ բարոյահոգեբանական սթրեսների մեջ էինք, ու ինչ անհույս վիճակ էր»։



Երաժիշտ, երգահան Լիլիթ Պիպոյանը դժվարանում է պատասխանել, թե նոր կառավարության 100 օրերի ընթացքում մշակույթի ոլորտում ինչ տեղաշարժեր են եղել․ «Կարծում եմ՝ կան ինչ-որ բաներ փոխված, ուղղակի ես տեղյակ չեմ, բայց, ընդհանուր առմամբ, առանձնապես մեծ փոփոխություններ չեմ տեսնում։ Ես, իհարկե, ուրախ եմ ու հավատում եմ նոր իշխանությանը, գիտեմ, որ իրենք զարգացման ուղղությամբ են տանում երկիրը, բայց ինձ էլ, ինչպես որ շատերին, այդ ուղղվածությունը դեպի բացահայտումները թվում են քիչ։ Ես կարծում էի, որ տնտեսության ոլորտում ինչ-որ նորամուծություններ, ներդրումներ պետք է տեսնեինք։ Ես արագ տեմպերով կուզեի ինչ-որ զարգացումներ տեսնել, բայց միեւնույն ժամանակ դժգոհներից չեմ, ընդհանուր առմամբ՝ շատ գոհ եմ եւ գնահատում եմ այն, ինչ կա։ Տեսնենք հետո ինչ կլինի, երեւի սկզբնական շրջանում այս բացահայտումներն էին կարեւոր։ Իհարկե, կուզեի շատ բան արված լիներ, բայց միեւնույն ժամանակ համբերությամբ սպասում եմ, որ նաեւ հերթը կհասնի տնտեսությանը, տնտեսական զարգացումներին»։ Պիպոյանը հավատում է վարչապետի այն խոսքին, որ ոչ ոք անպատիժ չի մնալու, այդ թվում՝ Քոչարյանը․ «Եթե այս փուլում ազատ է արձակվել, ուրեմն պետք է ազատ արձակվեր, բայց ես վստահ եմ, որ դրանով չի վերջանալու, ու շարունակություն է լինելու, ու եթե ապացույցներ կան, դրանք առաջ կքաշվեն, եւ ոչ ոք անպատիժ չի մնա․ ես այդքան չեմ անհանգստանում Քոչարյանին ազատ արձակելու առումով»։



Երգահան Եղիշե Պետրոսյանը հիշում է՝ դեռ հուլիսի 28-ին իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ անպայման պետք է հանրահավաք անեն, քանի որ դա օդ ու ջրի պես պետք է մեզ այս պահին։ «Որովհետեւ զգացի, որ մի տեսակ կտրվում ենք մենք մեր հեղափոխությունից, եւ 4 օր հետո Նիկոլն ուղիղ եթերով հայտարարեց օգոստոսի 17-ի հանրահավաքի մասին, ու ես շատ ուրախացա դրա համար, որովհետեւ անընդհատ զգում էի դրա կարիքը, ու կարելի է ասել, որ այս հեղափոխության գլխավոր շահառուներից եմ ինձ համարում։ Ինձ համար շատ կարեւոր էր այս հեղափոխությունը, ամեն բան իմ սրտով է, վերջապես հնարավորություն կա երկիրը ճիշտ ուղու վրա դնելու, առաջընթաց ունենալու, այն երջանիկ պահն է, որ պետք է մի բան արարվի։



Եվ այս ամեն ինչը չգիտակցել, խանգարել, անուն կպցնել այս պրոցեսին, չարախնդալ, ինչ-որ պրոգնոզներ անել, որ, այ, կտեսնեք… այս ամենն ինձ ցավեցնում է, ո՞նց կարելի է այդքան անհեռատես ու ախմախ մարդ լինել, որ այս ամեն ինչի բարձր արժեքը չգիտակցել։ Հրաշք է տեղի ունեցել Նիկոլի ձեռամբ, նրա միջոցով։ Այս ամեն ինչը չգիտակցել, չարախնդալ կամ խանգարել՝ ես համարում եմ մեծ դուշմանություն կամ թշնամություն»,- ասում է Պետրոսյանն ու հավելում, որ այդ ժամանակ մտածել է, որ պետք է միացման մասին մի ինչ-որ ոգեւորող, լուրջ երգ լինի։ Դա է եղել պատճառը, որ գրել է «Կոչնակ կամքի» երգը, որը հանդիսատեսի դատին ներկայացվեց երեկ՝ մեծ հանրահավաքին ընդառաջ․ «Մտածում էի, որ պետք է լինի մի բան, որ ոգի բարձրացնի, կարեւորի մեր բոլորի ջանքերը, եւ այդպես ծնվեց երգը»։



Պետրոսյանի կարծիքով, նոր կառավարությանը պետք են վստահելի մարդիկ, ովքեր, բնականաբար, կարող են եւ փորձառություն չունենալ, բայց եթե մարդիկ մաքուր են ու ուզում են մի բան անել, անպայման կհաջողի, թող մի քանի հարցում էլ թերանան․ «Չեմ ասում՝ փակ աչքերով ֆանատիկների վերածվենք, այդպես չէ, պետք է անընդհատ մասնակից լինել, սա ժողովրդական շարժում է, եւ բոլորն էլ իրենց մասնակցությունն ուզում են ունենալ ինչ-որ բաների հիմնադրման, կառավարման մեջ։ Մարդիկ ուզում են օգտակար լինել, ես այսպես եմ գնահատում այս 100 օրը։ Այն, որ կոռուպցիայի դեմ ուժեղ պայքար է գնում, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Այն, որ որոշ հարցերում դանդաղում է կառավարությունը, դա էլ եմ հասկանում։ Լավն այնքան շատ է, որ թերություններն այս պահին չեմ ուզում նկատել։ Այս հանրահավաքին մեր զորաշարժը պետք է ցույց տանք, որովհետեւ թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերներ ունենք, եւ պետք է ցույց տրվի, որ ժողովրդի կամքն անբեկանելի է, եւ սա պետք է ֆիքսենք այսօր։ Այդ երգն էլ հենց դրա մասին է»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**