Քոչարյանի իրավունքներն են ոտնահարվում՝ քաղաքական հալածանք չէ

Քոչարյանի իրավունքներն են ոտնահարվում՝ քաղաքական հալածանք չէ
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից դեռ այն տպավորությունը չի ստացել, որ նա միանշանակ վերադառնում է քաղաքականություն։ Ըստ նրա՝ Քոչարյանն ավելի շատ ասել է՝ համարեք, որ վերադառնում եմ։ «Դա ուրիշ կոնտեքստ է։ Ինքն ուզում է սլաքը տանի դեպի այն կողմ, թե ինչու են իրեն դիմադրում։ Այսինքն՝ ասում է, թե ենթադրենք՝ ես վերադառնում եմ քաղաքականություն, եւ ի՞նչ, դա նշանակում է, որ դուք պետք է ինձ դիմադրե՞ք։ Այստեղ ստացվում են լրիվ ուրիշ խորքային բաներ»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Ալավերդյանը։



Լարիսա Ալավերդյանը, ի դեպ, Քոչարյանի ժամանակաշրջանից ամենաշատ տուժած անձանցից է։ Նա Քոչարյանի պաշտոնավարման տարիներին եղել է մարդու իրավունքների պաշտպանը, հետո կոպիտ մեթոդներով ազատվել է աշխատանքից եւ, ինչպես ինքն է ասում, «չարչարյալ պաշտպանն» է եղել ու քաղաքական հալածանքների է ենթարկվել Քոչարյանի իշխանության կողմից։



«Պատիվ է դա ինձ բերում։ Ես եղել եմ միակ քաղաքական հետապնդվողը, հալածյալը։ Եթե չհաշվենք նաեւ Մանուչարյան Աշոտին, որին ֆիզիկական բռնության են ենթարկել, ապա հայտնի են այդ երկու անունները՝ Մանուչարյան ու Ալավերդյան՝ որպես քաղաքական հալածանքների ենթարկված անձինք»,- ասաց նախկին ՄԻՊ-ը։



**-Տիկին Ալավերդյան, Դուք համարում եք, որ Քոչարյանի օրոք քաղաքական հալածանքների եք ենթարկվել։ Քոչարյանն էլ այսօր համարում է, որ իրեն են քաղաքական հալածանքների ենթարկում։ Որքանո՞վ է Քոչարյանն արդարացի այս հարցում։**



-Անհամեմատելի է։ Այսօր կան այնպիսի իրավունքների ոտնահարումներ, որոնք վերաբերում են 5-րդ, 6-րդ հոդվածներին, այսինքն՝ արդար դատավարության հետ կապված օրենքների։ Եվ երկրորդը․ այո, իր դատապաշտպանները հիմք կունենան խոսելու, որ իր խոսքի ազատության իրավունքը ոտնահարվել է։ Բայց դեպի մինչեւ հալածանքը դեռ շատ ճանապարհ կա անցնելու։



**-Այսինքն՝ Քոչարյանի նկատմամբ այն, ինչ այսօր կատարվում է, քաղաքական հալածանք չէ։**



-Ես կարծում եմ, որ դա իր առանձին իրավունքների ոտնահարումներ են։



**-Հիմա, եթե այնուամենայնիվ համարենք, որ Քոչարյանը հայտ է ներկայացնում քաղաքականություն վերադառնալու, սա ինչպե՞ս եք գնահատում։**



-Ես էդ հարցին պատասխանել եմ տարիներ առաջ, որ Ռոբերտ Քոչարյանն ուզում է վերադառնալ քաղաքականություն, ես իմ մասսային ասել եմ քրիստոնեական իմ հորդորը՝ դա չի բերելու օգուտ ժողովրդին, հակառակը՝ ժողովուրդը, առնվազն նրա ակտիվ զանգվածը, եւ թույլ տվեք ասել՝ բավականին մեծ զանգված է դա կազմում, նրանք կընդունեն դա որպես իրենց հանդեպ փորձ՝ նորից կրկնել այն բոլոր իրավունքների ոտնահարումները, որոնք տեղի են ունեցել Քոչարյանի ժամանակ, իսկ Ռոբերտ Քոչարյանի համար դա շատ ծանր ճանապարհ կլինի։ Դրա համար ես կասեի, որ կողմնակից չեմ եւ չեմ կարծում, որ այդպիսի որոշումը Քոչարյանի վրա դրական կանդրադառնա։



**-Տեսակետ կա, որ նոր իշխանություններն են իրենց այս քայլերով արթնացնում «քնած հրեշին», որ վերադառնա քաղաքականություն։**



-Ես էդ կարծիքին չեմ, որովհետեւ հասարակության մեջ առկախ էր մնացել Մարտի մեկի խնդիրը։ Եվ ես ասեմ, թե ինչպիսի հնարավորություններ են օգտագործում արտերկրում: Ես բերեմ բոլորովին այլ օրինակ՝ Քենեդու սպանությունը, որը ժամանակին տեղի է ունեցել, բացահայտվել է, ով է դատվել, ինչ է արվել, այդպես էլ ոչ մեկը չի հավատացել, եւ այդ գործերը բոլորը գաղտնիության քողի ներքո են եղել։ Այսինքն՝ մենք դա չենք արել, դա նշանակում է՝ այդ գործերը գաղտնի չեն։ Եթե դրանք գաղտնի չեն, դա հասարակության պահանջն է լինելու, եւ այդ խարանը պետք է ինչ-որ ձեւով կա՛մ ջնջվի, կա՛մ հաստատվի, թե ով ինչպես եւ ինչ չափով է մեղավոր։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**