Ալեքսանդր Սարգսյանի որդու գործով նախաքննությունն ավարտվեց. նոր քրգործ է հարուցվել

Ալեքսանդր Սարգսյանի որդու գործով նախաքննությունն ավարտվեց. նոր քրգործ է հարուցվել
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով նախաքննությունն ավարտվել է:



Քննչական կոմիտեից հայտնում են, որ Դավիթ Սիմոնյանը հրազենային վնասվածքով թիվ 3 կլինիկական հիվանդանոց էր տեղափոխվել 2007 թվականի ապրիլի 1-ին՝ Երեւան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից: Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին էր ներկայացել քաղաքացի Ա.Ղեւոնդյանը, ներկայացրել ատրճանակ եւ հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ, որի հետ անզգույշ վարվելու հետեւանքով կրակել է՝ մարմնական վնասվածք պատճառելով ընկերոջը՝ Դ.Սիմոնյանին:



Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում 2007 թվականի մայիսի 28-ին որոշում էր կայացվել՝ փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու եւ Ա.Ղեւոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված՝ կողմերի հաշտության եւ բողոքի բացակայության հիմքով:



Նոր երեւան եկած հանգամանքներով պայմանավորված` 2018 թվականի հուլիսի 3-ին վերացվել է քրեական գործի վարույթը կարճելու որոշումը, հարուցվել է նոր քրեական գործ, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին։ Քննիչն այն վարույթ է ընդունել եւ ձեռնարկել անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։



Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Դավիթ Սիմոնյանին մարմնական վնասվածքը պատճառվել է ոչ թե անզգուշությամբ Արթուր Ղեւոնդյանի կողմից, այլեւ նշված օրը նրա նկատմամբ կատարվել է սպանության փորձ, պարզվել առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։



Մասնավորապես՝ քննության տվյալներով` Դ.Սիմոնյանն իրականում հրազենային վնասվածքն ստացել է Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի՝ Երեւանի կենտրոնում գտնվող բնակության վայրի նկուղային հարկում գտնվող սենյակում՝ 2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետեւանքով։



Կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տուժողի ուղղությամբ կրակոցն արձակվել է «SIG SAUER» տեսակի «P 266» մոդելի ատրճանակից, որովայնի ուղղությամբ՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս՝ որովայնի խոռոչի հրազենային միջանցիկ վիրավորման ձեւով՝ լյարդի եւ աջ երիկամի վնասումով, աջ երիկամի հեռացումով՝ ուղեկցված հետորովայնային հեմատոմայով, ներքին արյունահոսությամբ։



Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է «SIG SAUER» տեսակի «P 266» մոդելի ատրճանակը:



Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու եւ պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով։ 2018թ. օգոստոսի 17-ին հայտարարվել է նախաքննության ավարտի մասին:



Նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք են բերվել տվյալներ սույն դեպքի առթիվ նախկինում քննված քրեական գործով պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն առերեւույթ չարաշահելու վերաբերյալ՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, եւ որոշում կայացվել՝ այն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին։