Կառավարության 100 օրը․ «Դե, լուսամուտը դրիմ, գյաջ-մյաջ էր թափել, էտի սիրուն հավքիմ, մաքրիմ, պլպլցրիմ»․ (տեսանյութ)

Կառավարության 100  օրը․ «Դե, լուսամուտը դրիմ, գյաջ-մյաջ էր թափել, էտի սիրուն հավքիմ, մաքրիմ, պլպլցրիմ»․ (տեսանյութ)
Հիշո՞ւմ եք 2016 թվականի նոյեմբերին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի անեկդոտը Ազգային ժողովում, պետական բյուջեի քննարկման ժամանակ։ Փաշինյանը, փորձելով ցույց տալ այդ ժամանակվա կառավարության աշխատանքի «արդյունավետությունը», հիշում է «Կարգին հաղորդման» մանրապատումներից մեկը, որտեղ հիմնանորոգվող բնակարանի սեփականատերը մի ամիս հետո գալիս մտնում է նորոգվող տուն և արձանագրում է, որ նորոգող վարպետը՝ Պետո անունով, մի ամսվա ընթացքում որևէ բան չի արել։ «Եվ հաշիվ է պահանջում, ասում ա՝ ի՞նչ ես արել էս մի ամսվա ընթացքում։ Պետոն ասում է՝ շեֆ ջան, բա եղա՞վ, լուսամուտը դրիմ, ասում ա՝ հետո՞, հասկացանք, ասում ա՝ է, լուսամուտը դրիմ, ասումա ՝ լավ, հասկացանք, հետո՞։ Ասում ա՝ լուսամուտը դրիմ, դնելու պահին վերևից գյաջ-մյաջ էր թափել պադագոլնիկին, էտի սիրուն հավքիմ, մաքրիմ, լվացիմ, պլպլցրիմ ու պատուհանը փագիմ։ Հիմա նայում ես՝ վա՜խ»,-ասում է Նիկոլ Փաշինյանը։



Հետո, համեմատելով այս նույնը կառավարության աշխատանքի հետ, հեգնում է․ «Հիմա ի՞նչ ա արվել չորս տարվա ընթացքում։ Բյուջեի կատարողականները որ կարդում ենք, ասում ա՝ դե, նախագիծը գծիմ, մրցույթ հայտարարիմ ու․․․ ոչ մի բան։ Կամ կա ջրամբարների ծրագիր։ Ու էլի գալիս ենք՝ դե, նախագիծը ուսումնասիրիմ, միջազգային մրցույթ հայտարարիմ, միջազգային խորհրդատուներ հրավիրիմ, բա լավ, կոնկրետ ի՞նչ, կոնկրետ՝ ոչ մի բան»։



Այսօր լրանում է արդեն վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության 100 օրը։ Եվ կարդալով վարչապետի, առաջին փոխվարչապետի ու կառավարության մյուս անդամների հաշվետվությունը, դարձյալ այս նույն անեկդոտն ես հիշում։ Օրինակ՝ վարչապետի հաշվետվության մեջ նշված է՝ վարչապետի այցը Արցախ, վարչապետի հեռախոսազրույցը Դարոն Աճեմօղլուի հետ, հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հանդիպում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, վարչապետը կառավարական առանձնատանը հյուրընկալել է սահմանամերձ համայնքների շրջանավարտներին և այսպես շարունակ: Է, հետո՞։ Ոչ մի կոնկրետ բան։



Կամ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իր հաշվետվության մեջ նշել է՝ կառավարության նիստերի նախապատրաստում, նախարարական չորս կոմիտեների ամենշաբաթյա նիստերի նախապատրաստում և վարում, ԱԺ-ի հետ կառավարության և վարչապետի աշխատակազմի աշխատանքների համակարգում և այլն։



Այսինքն, եթե այս անեկդոտի ոգով ձևակերպենք, Փաշինյանի 100 օրը կստացվի այսպես․ «Դե, շեֆ ջան (իմա՝ ժողովուրդ ջան), էս 100 օրվա ընթացքում Վլադիմիր Պուտինին տեսամ, Արցախ այցելեցիմ, Սոչիի հայ համայնքի հետ հանդիպեցիմ, Վրաստան այցելեցիմ, Վրաստանում ձեռքի հետ Ջավախք այցելեցիմ, հեռու գյուղերից երեխեք-մերեխեք էին եկել, իրանց դիմավորեցիմ, հիմա նայում եմ իմ արածին՝ վա՜խ»։



Արարատի Միրզոյանի դեպքում էլ՝ մոտավորապես այսպես․ «Կառավարության նիստերը նախապատրաստիմ, սեղանները մաքրիմ, պլպլցրիմ, նախարարների դեմը ջուր-մուր դրիմ, օրակարգը բերիմ, Դուշանբե թռամ-եկամ, Ամերիկան տեսամ, հիմա որ հիշում եմ՝ վա՜խ»։



Ի դեպ, ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանի հարցին ու քննադատությանն այն ժամանակ՝ 2016 թվականին, պատասխանում էր ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, ով պատասխանատու է հենց բյուջեի կազմման համար։ Այսօր այդ նույն Ջանջուղազյանը Փաշինյանի կառավարությունում զբաղեցնում է ֆինանսների նախարարի պաշտոնը։ Հետաքրքիր է՝ նոր իրավիճակում արդեն «Պետոն» պետական բյուջեն կազմելիս «լուսամուտը դնելուց և գյաջ-մյաջերը սրբելուց բացի» ուրիշ էլ ի՞նչ է անելու, որ գոհացնի Փաշինյանին ու ժողովրդին։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**