Ժամկետային զինծառայողներին ՊՆ-ն թույլատրում է հեռախոս պահել

Ժամկետային զինծառայողներին ՊՆ-ն թույլատրում է հեռախոս պահել
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրաման է ստորագրել, որով թույլատրում է ժամկետային զինծառայողներին բջջային հեռախոս պահել ծառայության ընթացքում։ Հրամանով սահմանվում է, որ հեռախոսները պետք է չունենան տեսանկարահանելու, ձայնագրելու և ինտերնետ կապի հնարավորություն։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին հարցրինք, թե կա՞ն նման հեռախոսներ, որ գոնե ձայնագրելու հնարավորություն չունենան, նրա խոսքով կարևորը ինտերնետ կապի բացակայությունն է, որպեսզի զինծառայողները չկարողանան տարածել այդ ձայնագրությունները․



«Տեխնիկական մասով չեմ կարող ձեզ պատասխանել, բայց ամենակարևորը դա չէ, կարևորը տեսագրության և ինտերնետ կապի բացակայությունն է, ես կարծում եմ, որ կան նման հեռախոսներ, որոնք չունեն այդ հնարավորությունները։ Ամենակարևորը այնքան ձայնագրություն անելը չէ, որքան այն փոխանցելն ու արտահոսք ապահովելը»։



Նախկինում բջջային հեռախոսները արգելվում էին այն պատճառաբանմամբ, որ դրանք կարող են հակառակորդի կողմից գաղտնալսվել։ Հովհաննիսյանին հարցրինք, թե ներկայումս չկա՞ այդ վտանգը․



«Ես որքան, որ մասնագետների հետ զրուցել եմ, այդ մոդելի հեռախոսները գաղտնալսելը շատ ավելի բարդ է։ Հրամանում, որով հեռախոսները թույլատրում ենք, շատ հստակ նշել ենք նաև այն վայրերը և այն դեպքերը, երբ նույնիսկ այդ հեռախոսը չի կարելի օգտագործել՝ անկախ նրանից, որ այն տեսագրելու կամ ձայնագրելու հնարավորություն չունենա։ Եվ ընդհանրապես մեր հրամանում էլ ու այսօրվա իմ հայտարարությունում էլ, եթե նկատել եք, մենք հստակ նշել ենք, որ անկախ ամեն ինչից՝ հեռախոսով և կարող են ձեզ լսել, և հեռախոսի ալիքները կարող են հարվածի ուղղորդման համար ելակետային տվյալ հանդիսանալ»։



ՊՆ խոսնակը նաև նշեց, որ հրամանում կա նաև սպաներին վերաբերող մաս, որը չի հրապարակվում․



«Սպաներին վերաբերող մասը ես չեմ կարող մեկնաբանել, քանի որ դա ուրիշ աստիճանի է վերաբերում և տեղին չէ այդ մասին խոսել, հրամանում կա կետ, որը վերաբերում է սպաներին, որը չի բարձրաձայնվում»։



Նախարարաի հրամանով բջջային հեռախոսից օգտվելու կարգը սահմանվում է հետևյալ կերպ․



Զինծառայողին թույլատրվում է ունենալ բացառապես տեսագրման, ձայնագրման, լուսանկարման և ինտերնետ հնարավորություններ չունեցող բջջային հեռախոս: Զորակոչված զինծառայողի բջջային հեռախոսը հաշվառվում է հանրապետական հավաքակայանում: Եթե զինծառայողի բջջային հեռախոսն ունի տեսագրման, ձայնագրման և ինտերնետ հնարավորություններ, ապա հեռախոսը հանրապետական հավաքակայանում վերադարձվում է զինծառայողի ներկայացուցչին` հանձման-ընդունման ստացականի հիման վրա: Հանրապետական հավաքակայանում զինծառայողը ծանոթանում է բջջային հեռախոսակապով խոսակցությունների ժամանակ գաղտնիության ռեժիմի պահպանման պահանջներին: Զորամաս ներկայանալուց հետո զինծառայողը նախապատրաստական ստորաբաժանումում բջջային հեռախոսը ներկայացնում է հաշվառման: Զինծառայողին արգելվում է շարքում, պլանային և ոչ պլանային միջոցառումների, պարապմունքների, մարտական հերթապահության, վերակարգի, զենքի խնամքի ժամանակ օգտվել բջջային հեռախոսից: Զինծառայողը բջջային հեռախոսից կարող է օգտվել միայն զորամասի օրվա կարգացուցակով նախատեսված ազատ ժամերին:



Բջջային հեռախոսի հեռախոսավարձերը վճարում են զինծառայողը կամ նրա հարազատները:



**Կորյուն Սիմոնյան**